Տարօրինակ քննարկում ԹՐԻՓՓ-ի մասին ՀՀ խորհրդարանում

Հայաստանի խորհրդարանը քննարկում է հայ-ամերիկյան TRIPP համաձայնագրի վավերացումը: Հայաստան խմբակցությունն արդեն հայտարարել է, որ «դեմ» կքվեարկի, մինչդեռ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փորձում է հասկանալ, թե ինչ կնշանակի TRIPP-ը Հայաստանի համար, և խորհուրդ է տալիս սպասել “խաղաղության պայմանագրի” ստորագրմանը: Սակայն, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միայն հռչակագրային հայտարարություններ է անում՝ առանց որևէ կոնկրետության։

Ընդհանուր առմամբ, քննարկումը տարօրինակ էր, կարծես բոլորը գիտեին, որ խոսում են անիրատեսական մի բանի մասին, բայց ստիպված էին ինչ-որ հայտարարություններ անել:

«Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանը հայտարարեց . «Ասում է՝ Ադրբեջանը արդեն իր տարածքը տրամադրել է, այսինքն, բեռը գալիս է Ռուսաստանից մտնում է Ադրբեջան հետո գալիս է Վրաստանով մտնում է Հայաստան, Ադրբեջանը Հայաստանի հետ սահման է բացե՞լ, սահմանային անցակետերն ունենք, մեկը բա՞ց է, դե տարեք էդ բեռը մի հատ էլ Թուրքիայով պտտեք բերեք մտցրեք Հայաստան, ասեք՝ Թուրքիան էլ սահմանը բացեց: Որտե՞ղ է գրված, որ Ադրբեջանը որևէ արտոնություն է տալու Հայաստանին: Մարդիկ հստակ ասում են, համաձայնագրի մեջ էլ գրած է՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող նախագիծ է»:

«Համաձայնագիրը, որը հիմա ես ներկայացնում եմ, Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև է, այդտեղ ո՞նց կարող էին ՀՀՆ ու ԱՄՆ-ն գրել, որ երրորդ երկրի տարածքում ինչ-որ մի պարտավորություն պիտի ստանձնել, դա միջազգային իրավունքի տրամաբանությանը հակասող բան է», – ընդգծեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Տպավորություն է, որ քննարկվում է ոչ թե հայ-իրանական սահմանի ճակատագիրը, այլ ինչ-որ գյուղական ճանապարհ։ Ոչ ոք հարց չի տալիս․ ինչո՞ւ ամբողջ աշխարհը գնում է Ալիևի քմահաճույքի հետևից և չի հարցնում․ եթե քեզ դեպի Նախիջևան ճանապարհ է պետք, ինչո՞ւ պարզապես չես բացում Հայաստանի հետ սահմանը։