
Գորիսում Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, գրեթե աննկատ անցավ։ Քանի որ ոչ աշխատանքային օր էր, առավոտն էլ ավելի միապաղաղ էր թվում, քան սովորաբար։ Մինչդեռ մայրաքաղաք Երևանում այն մեծ շուքով է նշվել։
Առավոտյան իննին ղողաջում են եկեղեցու զանգերը. Տեր Ահարոնն ավարտում է ժամերգությունը, փչում-հանգցնում մոմերը և հավաքվածներին խաղաղություն մաղթում. «գնացեք խաղաղությամբ»։ Քաղաքի հրապարակում տաքսու վարորդները սպասում էին ուղևորների՝ հին «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաների դռները բաց թողած։ Մոտակայքում շուկան է, որտեղ ընդամենը երկու-երեք առեւտրական վաճառում են չոր լոբի, մեղր, ուրց, մասուր և գյուղական այլ բարիքներ, Ուզբեկստանից եկած բանվորները գեղեցկության սրահի վրա երկրորդ հարկ են կառուցում։
Անկախության օրվա միայն երկրորդ կեսին քաղաքապետարանը քաղաքի խաչմերուկներում էլեկտրասյուներին ամրացրեց հայկական եռագույներ, տեղի ունեցավ հայրենասիրական երգերով փոքրիկ համերգ, մոտեցավ զինվորների երկար շարասյուն, իսկ հետաքրքրասերները սկսեցին լուսանկարել իրենց սմարթֆոններով։
«Բարի գալուստ Գորիս։ Եվրոպան այստեղ է»․ գրված է քաղաքի կենտրոնում տեղադրված գովազդային վահանակի վրա, ԵՄ-ի, Ավստրիական զարգացման գործակալության և «International Partnerships Austria»-ի տարբերանշաններով այս վահանակը պատմում է նախագծերի մասին, որոնք իրականացվում են Սյունիքում՝ ջրամատակարարման, արևային էներգիայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ ՏԻՄ ընրություններին ընդառաջ բիլբորդի պաստառը փոխվեց Առուշ Առուշանյանի պորտրետով, ով կիրակի օրը հաղթեց, ինչը անկասկած էր: «35. Անկախություն, կայուն պետականություն»․ գրված է մեկ այլ վահանակի վրա՝ քաղաքից դուրս եկող մայրուղու ճամփեզրին։
Սա հենց այն ճանապարհն է, որը տանում է դեպի Արցախ. սակայն արցախցիներ այս ճանապարհով վերջին անգամ անցել են 2023 թվականին, եւ այսօր այն գրեթե ամայի է։ Մեքենաներ գրեթե չեն անցնում։ Մայրուղուց դեպի Գորիս համայնքի Խնածախ գյուղ է շեղվում մեկ այլ ճանապարհ՝ մասամբ հողե, մասամբ՝ խճապատ, որով ժիգուլի է ընթանում դեպի գյուղ։ Վարորդն անտարբերությամբ է արձագանքում ուղևորներից մեկի՝ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքին․ «Ի՞նչ տոն»։ «Այսօր Անկախության օրն է», պատասխանում է առջևի նստատեղին նստած կինը։
Առջևում հստակ երևում են Արցախի լեռները։ Նայելով դրանց՝ կինն ասում է․ «Այն լեռան հետևում Հյուսյուլյու գյուղն է, այդպես էին մեր Ծիծեռնավանքը անվանում։ Խորհրդային տարիներին մենք այցելում էինք այնտեղ, և ադրբեջանցիները մեզ հաց ու աղով էին դիմավորում», հիշում է նա։ «Եթե ուզում ես, կարող եմ քշել այնտեղ», կատակում է ամուսինը։ «Լավ կլինի՝ մեքենայիդ համարանիշները փնտրես», պատասխանում է կինը։ Նախորդ օրը՝ անհարթ ճանապարհով ընթանալիս, նրանք կորցրել էին մեքենայի հետևի համարանիշը և այժմ վերադառնում էին Խնածախ՝ ճանապարհի երկու կողմերն ուշադիր զննելով՝ այն գտնելու հույսով։
«Մարդիկ կարծես թմրած են. չգիտեն՝ խաղաղությո՞ւն է, թե՞ անորոշություն»
«Ճիշտ է, կրակոցներ չկան, բայց մարդիկ կարծես թմրած են. չգիտեն՝ խաղաղությո՞ւն է, թե՞ անորոշություն։ Կրակոցների ձայները դեռ հնչում են նրանց ականջներում, նրանք անհանգստանում են իրենց երեխաների համար», ասում է Խնածախին հարակից Խոզնավար գյուղից մի տարեց տղամարդ։ «Ամեն դեպքում, սա առաջընթաց է, քանի որ կրակոցներն այլևս չկան», հավելում է նա։
Կեսօրին Խնածախում կատարյալ լռություն է, միայն “դրուժբայի” (շղթայական սղոց) ձայնն է արձագանքում գյուղում։ Համայնքապետը տեղում չէ, սակայն այնտեղ է գյուղի միակ փոքր մթերային խանութի սեփականատերը, ով զոդում է իր այգու երկաթե դուռը։ «Ինչո՞վ կարող եմ օգնել», հարցնում է Մայորը։ Նա նույնպես հեգնանքով է արձագանքում Անկախության օրվա շնորհավորանքին. «Բայց անկա՞խ ենք»։ Նրա շուրջ հավաքված հարևանները քննարկում էին Գորիսի համայնքապետի ընտրությունները։ «Առուշը հաղթելու է։ Ուրիշ ոչ ոք շանս չունի», ասում է Մայորը, ում աչքերը կարմրել են զոդումից։
Խնածախում ավարտին է մոտենում երկհարկ դպրոցի շինարարությունը։ Թեև գյուղում արդեն գործող դպրոց կա, սակայն կառուցվում է ավելի ժամանակակից՝ արևային վահանակներով և մարզադահլիճով, որտեղ կհաճախեն նաև հարևան Խոզնավար գյուղի երեխաները։ Դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում և նախատեսված է 200 աշակերտի ու մանկապարտեզի 40 սանի համար։ Այս ծրագրով պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 745 միլիոն դրամ։
«Սա ոչ թե գյուղ է, այլ ծերանոց»,- ասում է Կարոն։ «Խոստացել են նաև մինչև հունվար ասֆալտապատել դեպի գյուղ բերող ճանապարհը։ Ահա քեզ հայելու պես հարթ ասֆալտ, բայց ո՞ւմ է դա պետք, երբ երիտասարդները գյուղում չեն ցանկանում մնալ»,- հարցնում է նա։
«Լավ կլիներ, եթե ղարաբաղցիները հաստատվեին այստեղ, բայց դրա համար հատուկ պետական ծրագիր է պետք։ Ցավոք, երբ նրանք եկան, գյուղում նույնիսկ կանոնավոր ջրամատակարարում չկար, մենք գոնե սովոր ենք նման պայմաններում ապրել, իսկ նրանց համար դժվար էր, ուստի չմնացին։ Մի քանի ընտանիք հաստատվել են հարևան Խոզնավարում, բայց մեր գյուղում Ղարաբաղից ոչ մի ընտանիք չմնաց, բոլորը գնացին Երևան։ Այդպես է ստացվում՝ Հայաստանը վերածվել է քաղաք-պետության, բոլորը ցանկանում են ապրել Երևանում, իսկ գյուղերը դատարկվում են։
«Հիշում եմ՝ խորհրդային տարիներին, երբ ուսանող էի, հանրակացարանի համար տարեկան 13 ռուբլի էի վճարում, իսկ այսօր 250 000 դրամ եմ վճարում Երևանում սովորող երեխաներիս բնակարանի վարձի համար։ Շատ դժվար է»,- զրույցին միանում է Կարոյի համագյուղացին։ «Գորիս համայնքում Կարմիր խաչը գյուղացիներին մեղվափեթակներ է տրամադրում, սակայն սխալ կլինի ապավինել միայն Կարմիր խաչին. պետությունը պետք է իրականացնի գյուղատնտեսության զարգացման նպատակային ծրագիր՝ երիտասարդներին խրախուսելու մնալ գյուղում», ավելացնում է նա։
Կարոն զայրանում է, երբ խոսք է բացվում անվտանգության մասին։ «Ձեռքդ տուր` գնանք մեր բակ, քեզ ցույց տամ, թե քանի՜ մարտական դիրք ու խրամատ է երևում։ Ճիշտ է, հիմա արդեն չեն կրակում, բայց մենք անհանգստանում ենք ու զգոն ենք մնում ոչ թե մեզ, այլ մեր երեխաների համար։ Հենց օրերս հարևանի կովը ականի վրա պայթել է այն կողմում, տերն անգամ միսն չկարողացավ օգտագործել, քանի որ այն կողմում էր», ասում է նա։
«Մարտական դիրքերը պետք է հետ քաշել, զինված զինվորներին՝ դուրս բերել, իսկ նրանց փոխարեն տեղակայել նորմալ սահմանապահների», ավելացնում է Կարոյի համագյուղացին։ «Տեսե՛ք, ասում են՝ Խնածախը սահմանամերձ գյուղ է։ Բայց ամբողջ Սյունիքի մարզն է սահմանամերձ, ընդհուպ մինչև Մեղրի։ Ըստ էության, ամբողջ Հայաստանն է սահմանային գոտի։ Օրինակ՝ Տավուշում պատ են կառուցել։ Գուցե դա լավ է, գուցե անվտանգ է, բայց Հայաստանը Ադրբեջանի հետ շատ երկար սահման ունի, ինչպե՞ս կարող ենք պատ կառուցել ամբողջ երկայնքով։ Միայն մեր գյուղը Ադրբեջանի հետ 18 կիլոմետրանոց սահման ունի, որը բաժանված է փշալարերով։ ԵՄ դիտորդները պարբերաբար գալիս են, շրջում գյուղում, սուրճ խմում ու հեռանում։ Ահա թե ինչպիսին է մեր իրականությունն այսօր», ասում է նա։
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել սահմանազատման գործընթացը հյուսիսից հարավ՝ սկսելով այն կետից, որտեղ հատվում են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանները։ Սակայն Տավուշ-Ղազախ հատվածում 12 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումից հետո՝ ավելի քան երկու տարի անց սահմանազատում տեղի չի ունենում։
Հայ-ադրբեջանական սահմանի երկարությունը կազմում է մոտ 1000 կիլոմետր։
«Մինչ օրս մենք հաջողությամբ սահմանազատել ենք սահմանի ավելի քան 12 կիլոմետրը և հետևողականորեն աշխատում ենք հետագա առաջընթացի ուղղությամբ՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային կայունությանը», — 2025 թվականի մարտի 21-ին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում որևէ առաջընթաց չկա։
Գյուղը և աշխարհաքաղաքականությունը
Հայաստանում այս օրերին շատ են քննարկում որ Ռուսաստանը կարող է կտրել գազը, որոշ էքսպերտներ անգամ ամսաթիվ են նշել` նոյեմբերի 1:
Խնածախցիներն ասում, որ ջրամատակարարման խնդիրը լուծվել է, և իրենք տներում շուրջօրյա ջուր ունեն արդեն, սակայն բնական գազը դեռևս հասանելի չէ։ Թեև գազատարը վաղուց է հասել գյուղ, շատ տնային տնտեսություններ չունեն դեպի իրենց տները տանող անհրաժեշտ միացումներ։ Նրանք նշում են, որ դրա համար պետք է դիմեն տեղական գազաբաշխիչ ընկերությանը, վճարումներ կատարեն, թույլտվություններ ստանան և այլն։ Շատերը ի վիճակի չեն հոգալ այդ ծախսերը, ուստի ձմռանը տները ջեռուցում են փայտի վառարաններով։
«Մարդիկ նույնիսկ մրգատու ծառերն են կտրում, որպեսզի իրենց երեխաները ձմռանը չսառչեն», ասում է Կարոն։ «Շուտով ռուսները գազն էլ կանջատեն: Նրանք արդեն մեկ անգամ անջատել էին այն՝ պատճառաբանելով իբր թե «պրոֆիլակտիկ աշխատանքներ» են իրականացնում», հավելում է նրա հարևանը։ «Նրանք գազը կանջատեն, ասում են՝ Գյումրիից դուրս են բերելու 102-րդ ռազմաբազան։ Իսկ հետո՞։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ։ Հայաստանը, փաստացի, դարձել է գերտերությունների շահերի բախման հարթակ։ Ասում են՝ Սյունիքում TRIPP նախագիծ է իրականացվելու. ամերիկացիները ցանկանում են մուտք գործել տարածաշրջան, իսկ եվրոպացիներն էլ չեն ուզում դուրս մնալ։ Ամերիկան պատերազմում է Իրանի դեմ, հիմա էլ Հայաստանո՞ւմ են կռվելու», ասում է Խանացախ գյուղի բնակիչներից մեկը։
«Գիտե՞ք, ես չեմ ասում, թե Ռուսաստանը լավն է, բայց նա երբեք չի հեռանա Հարավային Կովկասից։ Եթե հարկ լինի, նա կճզմի Հայաստանին, բայց չի հեռանա։ Պարզապես Պուտինն այժմ զբաղված է Ուկրաինայով և ժամանակ ու ռեսուրսներ չունի Կովկասի համար։ Նրանք ուզում են ռազմաբազան դուրս բերել, որպեսզի տեղափոխեն այն ուկրաինական ճակատ»։
«Տեսնո՞ւմ եք, հիմա էլ քննարկում են Տիգրանաշենի ճակատագիրը։ Եթե դա էլ հանձնվի Ադրբեջանին, մենք՝ այստեղ՝ Սյունիքում, կհայտնվենք շրջափակման մեջ՝ ճիշտ այնպես, ինչպես Ղարաբաղը 2023 թվականին։ Եթե խաղաղության մասին է խոսքը, ապա այն պետք է համարժեք լինի», մտահոգություն է հայտնում մեկ այլ խնածախցի։
Քայլ առաջ` երկուսը հետ
Օտարերկրյա դեսպանների Արցախ կատարած այցից հետո հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն է առաջացել։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է վանքերի “թալանի” մեջ, իսկ հայկական կողմը հերքում է այդ մեղադրանքները։ Թվում է՝ “փխրուն խաղաղությունը”, որոշ իմաստով, հարցականի տակ է դրվել, մինչդեռ ոչ վաղ անցյալում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը զբոսնում էին Դիլիջանում, իսկ հայկական և ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փոխայցելություններ էին կատարում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում։
«Ադրբեջանական կողմը որոշել է հետաձգել հայ և ադրբեջանցի, ՀԿ ներկայացուցիչների, փորձագետների միջև քննարկումները, որոնք նախատեսված էին անցկացնել Երևանում՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, մինչև լարվածությունը թուլանա», «Ազատությանը» հայտնել է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը ոգևորված չէ երկարատև խաղաղության հեռանկարով։ Հստակ երաշխիքներ չկան, և հնարավոր են անցանկալի զարգացումներ», ասում է գրող և լրագրող Կարեն Միրզոյանը։ «Պետք է նշել, որ TRIPP նախագծը նկատելի ոգևորություն առաջացրեց հայ հասարակության մեջ՝ մեծ մասամբ այն պատճառով, որ մարդիկ բացարձակապես ցանկություն չունեն լսել նոր պատերազմի մասին։ Սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ այդ ոգևորությունը կարող է ամուր հիմքեր չունենալ։ Դրա վկայությունն այն է, որ ադրբեջանական կողմը, մեղմ ասած, չի կիսում այդ ոգևորությունը երկարատև խաղաղության հեռանկարի վերաբերյալ, ինչը ցույց են տալիս այդ երկրի տարբեր պաշտոնյաների վերջին հայտարարությունները», – ասում է Միրզոյանը։
Անկախության օրվանից մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 27-ին, լրացավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցը։ Այս օրը Հայաստանում սկանդալով ավարտվեց, երբ Հանրային հեռուստատեսությունը եթեր հեռարձակեց փոփ աստղ Թաթա Սիմոնյանի համերգը։ Սոցիալական ցանցերը ողողվեցին մեկնաբանություններով. «Ինչպե՞ս կարելի է ուրախանալ, երբ այս օրը հազարավոր երիտասարդ տղաներ են զոհվել»։ Թաթան ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն խնդրեց՝ նշելով, որ «այդ համերգը հեռարձակելը պարզապես անընդունելի էր»։ Նա հավելեց, որ հեռարձակման իրավունքները պատկանում են Հանրային հեռուստատեսությանը, և այն ցուցադրվել է՝ առանց իր հետ խորհրդակցելու։ Ավելի ուշ ներողություն խնդրեց նաև Հանրային հեռուստատեսությունը։ «Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսությամբ ժամանցային համերգ հեռարձակելը սխալ էր, և մենք ստանձնում ենք դրա համար ամբողջական պատասխանատվությունը»,- ասված էր հայտարարության մեջ։
Ինչեւէ, Սյունիքից լավ լուրն այն է, որ այս տարի զբոսաշրջիկների զգալի հոսք էր նկատվել։ «Կարճ ամառը» դեռ շարունակվում է, իսկ Գորիսի և Կապանի հյուրանոցների դիմաց դեռ տուրիստական ավտոբուսներ կան կայանած։ Գորիսում կառուցվում են նոր հյուրանոցներ և բնակելի շենքեր, վերանորոգվում են համայնքների միջև եղած ճանապարհները, որի համար տեղացիները Առուշանյանին են գովում:
Եվրամիությունը ցանկանում է շարունակել ուշադրության կենտրոնում պահել այս մարզը՝ իրականացնելով նոր ծրագրեր ու այցեր։ «Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից, որտեղ ծովի մակարդակից 2350 մետր բարձրության վրա արևոտ եղանակ է, իսկ ջերմաստիճանը՝ 18 աստիճան», Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը ԵՄ այլ դեսպանների հետ այցելել էին մարզ՝ ծանոթանալու այն ծրագրերին, որոնք նոր հեռանկարներ են բացում սահմանամերձ շրջաններում բնակվող մարդկանց համար։
Ավելի վաղ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր Հայաստանի համար 200 միլիոն եվրոի փաթեթի հաստատման մասին։ «Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ։ Մենք ճանապարհներ և կամուրջներ ենք կառուցում՝ օգտագործելով կապակցվածության մեր 200 միլիոն եվրոյի փաթեթը», X-ում գրել է ֆոն դեր Լայենը։
Ամեն դեպքում, միայն ժամանակը ցույց կտա, թե որքան կկարողանան զբոսաշրջիկներն ու ԵՄ ներդրումները “կյանք բերել” Սյունիք։
Մարութ Վանյան
Հոդվածը հրապարակվել է որոշ փոփոխություններով․ բնօրինակը անգլերենով կարող եք կարդալ Caucasus Watch-ում: