Արցախցիների աջակցության ծրագրերը կշարունակվեն․ 2027-ին 12․6 մլրդ կհատկացվի

Կառավարությունը հոկտեմբերի 29-ին կընդունի որոշում, ըստ որի՝ Արցախից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն։

Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ և ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 417-Լ որոշումներով սահմանված սոցիալական աջակցությունների տրամադրման ժամկետների երկարացում՝ համապատասխանաբար 6 ամսով և 12 ամսով՝ որոշումների շրջանակներում դիմումների ներկայացման վերջնաժամկետները 2026 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն սահմանելով՝ համապատասխանաբար 2027 թվականի հունիսի 30-ը և 2027 թվականի դեկտեմբերի 15-ը:

Կառավարության կողմից 2024 թվականի նոյեմբերի 21-ին ընդունվել է N 1833-Լ որոշումը, որով հաստատվել են Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: 2025 թվականի ապրիլի 10-ին ընդունվել է N 417-Լ որոշումը, որով հաստատվել են Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:

Նախագծի նպատակը տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության այլ ծախսերը հոգալու համար, ինչպես նաև կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցությունների տրամադրման շարունակականության ապահովումն է:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․

Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձինք, ովքեր ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ և ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 417-Լ որոշումների շրջանակներում շահառու հանդիսացող անձիք են, տրամադրվող սոցիալական աջակցություններից օգտվելու են մինչև տարեվերջ (դիմումների ներկայացման ժամկետները վերը նշված որոշումներով սահմաված են մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ)։ Հաշվի առնելով այն, որ միջոցառումների շրջանակներում շահառու խմբերը առանձին խմբերի անձիք կամ ընտանիքներ են, ովքեր դեռևս ունեն սոցիալական աջակցության կարիք, ինչպես նաև  հանգամանքը, որ նշված անձիք դեռևս սոցիալ-տնտեսական պատճառներով պայմանավորված շարունակում են գտնվել կյանքի դժվարին իրավիճակում, նախագծով առաջարկվում է երկու միջոցառումների տրամադրման ժամկետները երկարաձգել:

Առանձին խմբերին տրամադրվող ամսական 30 000 դրամի չափով սոցիալական աջակցության միջոցառման շրջանակներում նախագծով նախատեսվում է երկարաձգել աջակցության տրամադրումը մինչև 2027 թվականի հուլիս ամիսը։ Միաժամանակ, 2027 թվականի ապրիլ ամսից նախատեսվում է աջակցության չափը նվազեցնել՝ սահմանելով ամսական 15 000 դրամ՝ նպատակ ունենալով խթանել նրանց սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը։

«Միաժամանակ, հաշվի առնելով, որ Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքների շրջանում դեռևս առկա են սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներ, նախագծով նախատեսվում է շարունակել նրանց լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրումը՝ ապահովելով աջակցության հասանելիությունը սոցիալական և նյութական դժվարություններ ունեցող ընտանիքների համար։ Միաժամանակ, Ղարաբաղից տեղահանված անձիք ՀՀ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով, հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից՝ դրանցով սահմանված պահանջներին համապատասխան»,- նշված է որոշման նախագծում։

Ըստ կառավարության՝ իրավական ակտի կիրառման արդյունքում կապահովվի Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության միջոցառումների շարունակականությունը, ինչի շնորհիվ լուծում կստանան նրանց սոցիալական մի շարք խնդիրներ։

ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման շրջանակներում 2026 թվականի սեպտեմբեր ամսվա համար աջակցություն է ստացել 45 800 անձ, ամսական ֆինանսավորման չափը կազմել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Նախորդ ամիսների համեմատ շահառուների թվի էական փոփոխություն չի նկատվել։ Նույն շահառուների թվի դեպքում ՀՀ 2027թ․ առաջին եռամսյակում պետական բյուջեից կպահանջվի 4.2 մլրդ դրամ։ Հաջորդ եռամսյակում շահառուների թվի պահպանման, սակայն աջակցության չափի 15 000 դրամ տրամադրելու պարագայում եռամսյակի ծախսը կկազմի շուրջ 2.06 մլրդ դրամ, այսինքն՝ 2027թ․ առաջին 6 ամիսների համար անհրաժեշտ ֆինանսական կանխատեսման չափը կկազմի 6.26 մլրդ դրամ։

ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 417-Լ որոշման շրջանակներում աջակցություն ստացող ընտանիքների միջին ամսական թիվը կազմում է 8500 ընտանիք, միջին ամսական ֆինանսավորում՝ 498 մլն․ դրամ։ 2027թ․ հուլիսից ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշմամբ տրամադրվող աջակցության դադարեցման պարագայում, կարիքավոր ընտանքիներին աջակցության հնարավոր շահառուների թիվը կարող է ավելանալ առավելագույնը 1000-ով՝ հաշվի և առնելով այս միջոցառմանը դիմողներից առաջին միջոցառման շահառու լինելու պատճառով մերժում ստացածների թիվը՝ 300, և առաջին միջոցառման շահառու ընտանիքներում աշխատող անդամների եկամուտները:  Կանխատեսվող կարիքավոր ընտանքիների թիվը 2027 թվականի երկրորդ կիսամյակում կկազմի շուրջ 9500 ընտանիք, ֆինանսավորման չափը՝ ամսական շուրջ 557 մլն դրամ, իսկ տարեկան կանխատեսվող ծախսը՝ 6․3 մլրդ դրամ։

«Այսպիսով վերը նշված սոցիալական աջակցության 2 միջոցառումների տրամադրման ժամկետների վերանայման պարագայում 2027 թվականի համար կանխատեսվող  ֆինանասական չափը կկազմի շուրջ 12․6 մլրդ․ դրամ, որը նախատեսվել է 2027 թվականի ՀՀ պետական բյուջեով»,- նշվում է որոշման նախագծում։