
Հիշո՞ւմ եք այս մարդուն։ Մոսկայաբնակ Հովհաննես Սահակյանն է, որի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Կարինե Մարգարյանը։
«Հինգ ամիս տևած պայքարից հետո Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարած չլինելու հիմքով»,– գրել է փաստաբանը։
Նշենք, որ Վերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել ընտրելու համար ՀՀ եկած տղամարդու ձերբակալությունը։
Հիշեցնենք, որ Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 7-ին ՌԴ վերադառնալիս։ Պատճառը դարձել էր ավելի վաղ նրա տված կարճ հարցազրույցն օդանավակայանում, որտեղ ասել էր, որ ընտանիքի հետ եկել է ընտրություններին մասնակցելու, երեկոյան հետ կգնան, «որ կարող ա խառնվի վիճակը, էրեխեքի հետ ենք, չմնանք, էլի, բարդություններին»։
Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր, քանի որ հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին չէր հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։
“Ռուսաստանի հայերի”՝ Հայաստանում հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելը մատի փաթաթան են սարքել․ թեկուզ ոչ մի վիճակագրական տվյալ չկար, որ Ռուսաստանից հայերի հոսք է սկսել, որ նրանք կմասնակցեն ընտրություններին և ընդդիմության կողմ կքվեարկեն, աննախադեպ “պատժիչ” միջոցներ ձեռնարկվեցին։ Պաշտոնապես հայտարարվեց, որ այդ օրերին Հայաստան եկողներին կտանեն զինվորական հավաքների, ու տարան։ Մեկին նույնիսկ իր հարսանիքի հաջորդ օրը Զվարթնոցից տարան “բանակ”՝ հարսին դրսում թողնելով։ Որոշ մարդիկ ձերբակալվեցին, ինչպես վերը նշված մարդը։ Հետո հապճեպ օրենք ընդունեցին՝ արգելելով դրսում ժամանակավոր ապրող ՀՀ քաղաքացիներին քվեարկել։ Եւ վերջին տեղական ընտրություններին հազարավոր մարդիկ չկարողավան մասնակցել։
Ո՞վ է պատասխան տալու այս նսեմացնող “ժողովրդավարական” խաբեության համար։