1990-91-ից Արցախի վերահսկումը ոչ թե բռնազավթում էր, այլ դեօկուպացիա

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Պարոն Պապյան, Թուրքիան պաշտոնապես առաջադրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ Ըստ ձեզ՝ Հայաստանն ինչպե՞ս կքվեարկի այս թեկնածությանը։ 2023-ին Հայաստանը կողմ էր քվեարկել նույն անձի թեկնածությանը, և դա վերածվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի փակմանը։ Հիմա Թուրքիայի ուզածն ի՞նչ է՝ Լոզանի պայմանագրի չեղարկո՞ւմ։

-Հայաստանը Լոզանի պայմանագրի հետ կապ չունի, որովհետև Հայաստանը չի հանդիսանում այդ փաստաթուղթը ստորագրողներից մեկը։ Բայց, իհարկե, շատ կարևոր է, թե ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ով կլինի։ Մենք տեսել ենք, թե եվրոպական կառույցներում պաշտոնավարման ընթացքում Սինիրլիօղլուն ինչ պրոթուրքական դիրքորոշում է ունեցել, և վստահաբար դա շարունակվելու է։ Թուրքիան շահարկում է կրոնական հարցը, հարց է դնում, որ ինքը պիտի լինի ամբողջ իսլամական աշխարհի ներկայացուցիչը, առ այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չկա որևէ մուսուլմանական երկիր, ինքն է հավակնում, և դա անելու է։

Ինչպե՞ս կքվեարկի Հայաստանը․ ես մտավախություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը, հետևելով իր սիրաշահելու և Թուրքիային քծնելու քաղաքականությանը, կարող է մինչև իսկ կողմ քվեարկել։ Ադրբեջանը գիտենք, որ դեմ է, կողմ չի քվեարկելու Թուրքիայի թեկնածուին։ Բայց դե Նիկոլ Փաշինյանն անտրամաբանական է գործում, Նիկոլ Փաշինյանի ամբողջ սխալն այն է, որ ինքը միջպետական քաղաքականություն է մտել բակային տրամաբանությամբ։ Բակերում է, որ ում ճնշում են, այդ ճնշվողը փորձում է սիրաշահել այդ մեկին, մի հատ լավություն անել, վազել սիգարետ ու ջուր բերել, որ դրանով ինչ-որ բան շահի։ Եվ այդպես բանտերում է լինում, չգիտեմ՝ միգուցե իր մեջ այդ ամբողջը խորը նստած է, բայց հաստատ միջպետական հարաբերություններն այդպես չեն գործում։

Միջպետական հարաբերություններում գործում է հետևյալը՝ ի՞նչ լծակ ունես դիմացինիդ վրա, այսինքն ինքը քեզ ինչո՞վ է ճնշում, դու ինչո՞վ կարող ես իրան ճնշել, պատասխանել։ Այսինքն՝ այստեղ ուժային պայքար է, սիրաշահելու, քծնելու գործոնը երրորդական է։ Եվ դա մենք անգամ տեսնում ենք Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում կամ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Որևէ մեկը որևէ մեկի արածը չի գնահատում, եթե տվյալ պահին դա չի բխում իր շահերից։

-Ո՞վ կամ ո՞ր կառույցն է լիազորված բանակցելու ընդհանրապես արցախցիների անունից։ Միջազգային ընդունված բանակցային ձևաչափից, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն էր, հայկական կողմը կարծես միակողմանի դուրս եկավ, իսկ Մինսկի խումբը չառարկեց։ Արդյո՞ք դա Մոսկվայի, Բաքվի և մյուսների պայմանավորվա՞ծ քայլ էր։ Եվ Մինսկի խմբի ձևաչափի լուծարումից հետո կարո՞ղ է ինչ-որ նոր ձևաչափ ձևավորվել։

– Նախ ասեմ, որ Մինսկի խումբը միջնորդական խումբ էր ընդամենը, և այդտեղ վճռորոշ ձայնը պատկանում էր Հայաստանին և Ադրբեջանին։ Բնականաբար, երբ Հայաստանը հանդես եկավ, որ այդ ձևաչափը պետք չէ իրեն, Ադրբեջանն էլ դեմ էր, մյուսներն անելիք չունեին՝ չե՞ք ուզում, չի լինի։ Այսինքն՝ մեզ ի՞նչ, եթե Հայաստանը համաձայն է, գնացեք, ինչ ուզում եք արեք։

Ես չեմ կարծում, որ Արցախի հարցով կարող է նոր ձևաչափ ձևավովել, որովհետև որպեսզի ձևավորվի, պիտի լինի խնդիր, այսինքն՝ Հայաստանը պիտի բարձրաձայնի, ասի՝ նման խնդիր գոյություն ունի, որ աշխարհն էլ արձագանքի, ասի՝ դե լավ, խնդիրը կա, եկեք տեսնենք՝ ո՞նց ենք լուծում, եկեք մի հատ խումբ ստեղծենք։ Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «չկա Ղարաբաղի հարց, վերջ, մոռացեք»։ Ո՞վ պետք է անի, օրինակ՝ Ֆրանսիա՞ն պիտի գա ասի՝ եկեք նոր ձևաչափ ստեղծենք։ Իմիջիայլոց, եթե ուշադրություն դարձնեք, և 2020-ից, և 2023-ից հետո այդ հարցերն անընդհատ բարձրացվել են օտարների կողմից, բայց ՀՀ իշխանության կողմից աջակցություն չեն ստացել։ Անգամ Ամերիկայի կողմից լսումներ եղան, այդ թվում՝ ԱԺԲ-ն էր ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել նման լսումներ՝ մարդու իրավունքների, կրոնական իրավունքների, հուշարձանների և այլ հարցերով։ Բայց քանի դեռ չկա պետական աջակցություն, միջպետական ոլորտում առանց պետական աջակցության որևէ գործընթաց չի կարող ապագա ունենալ ու առաջ գնալ: Այսինքն՝ մենք արեցինք, պիտի մեր այդ նախաձեռնությանն իշխանությունը տեր կանգներ, առաջ տաներ։

Օրինակ՝ անձամբ ես այդ հարցը շատ պաշտոնյաների առջև բարձրացնում էի, Ամերիկայում խոսում էի սենատորների, կոնգրեսականների հետ, իրենք ինձ պարզ հարց էին տալիս՝ դու՞ ում անունից ես խոսում, դու ներկայացնու՞մ ես Հայաստանը։ Ասում եմ՝ չէ, ես չեմ ներկայացնում Հայաստանը, ես ներկայացնում եմ ինձ և իմ կուսակցությունը։ Ասում են՝ դե այդպես չի լինի, դուք ունեք իշխանություն, ձեր ժողովուրդն ընտրել է այդ իշխանությանը, համաձայն է այդ իշխանության քաղաքականությանը, որովհետև մենք փողոցներում ցույցեր չենք տեսնում, բացի ձեզանից՝ մի քանի հազար հոգուց, հետևաբար ամեն ինչ լավ է, մենք ինչո՞ւ պիտի մեզ չվերաբերող հարցերի մեջ մտնենք։ Դուք երջանիկ եք, ապրեք երջանիկ։ Քանի Հայաստանում այս իշխանությունը կա, հաստատ չի լինելու նոր ձևաչափ։

-Այդ դեպքում հարցը բաց է մնում, արցախցիների իրավունքները, Արցախի հարցը որ՞ կառույցը, ո՞վ է ներկայացնելու։

-Ոչ ոք: Արցախի հարցով կար ձևաչափ՝ Միսնկի խումբ, որն այլևս չկա, կա Հայաստան, միակ միջազգային իրավունքի սուբյեկտը, որ կարող է բարձրացնել, դա Հայաստանի Հանրապետության կառավարությունն է: Վերջ, ուրիշ մեկը չի կարող բարձրացնել այդ հարցը։ Տեսականորեն ինչ-որ մի երկիր էլ կարող է վերադարձի իրավունքի հարցերը բարձրացնել, բայց խնդիրը հետևյալն է՝ ամեն անգամ բարձրացնելուց Ադրբեջանը վկայակոչելու է Հայաստանի դիրքորոշումը և ասելու է՝ խնդիր չկա։ Ես ուզում եմ հիշեցնել՝ երբ Ֆրանսիայի նախաձեռնությամբ 2023-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկում էր կազմակերպվել, Նիկոլ Փաշինյանը շատ պարզ ասաց, որ Արցախում քաղաքացիական անձանց վտանգ չի սպառնում։

Վերջերս կարդում եմ, մարդիկ շատ հուզվել են, որ երբ հարց էին տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյաներից մեկին՝ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին, նա պատասխանել էր, որ տեղյակ չէ։  Զարմացել են՝ ո՞նց թե տեղյակ չես։ Իսկ ինքն ինչո՞ւ պիտի տեղյակ լինի։ Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացրե՞լ է այդ հարցը։ Այո, մենք մեր մեջ գրում ենք, խոսում ենք, թերթերում կգրվի, որ եկեղեցիներ քանդեցին, դրա դեմ պայքարի հասարակական ինչ-որ նախաձեռնություններ կան, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ն հասարակական կառույց չէ, ՄԱԿ-ի կառույց է՝ միջպետական կառույց է, պետք է այդ հարցը պետությունը դնի։ Այսինքն՝ թերթում կարդալով հոդվածը՝ որևէ մեկն այդ հարցն առաջ չի մղելու, նույնն էլ վերաբերում է գաղթականների և մյուս հարցերին։

Եթե 1920-ականներին հայ գաղթականների հարցը նույն Լոզանում բրիտանացիները չբարձրացնեին ու առաջ չմղեին, այդ հարցը ոչ մեկ առաջ չէր մղելու։ Իրենց շնորհիվ էր, որ Ազգերի լիգան ուներ հենց գաղթականների հանձնաժողով՝ հայտնի Նանսենի գլխավորությամբ, որովհետև կար Բրիտանական կայսրություն, որը պաշտպանում էր հայերի շահերը։

Այդ պատճառով մենք հիմա աշխատանք ենք տանում, փորձում ենք դա անել գոնե Միացյալ Նահանգների միջոցով։

-Երբ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը գնաց Արցախ և հայտարարեց, որ չի բանակցելու Արցախի անունից, լիազորված է բանակցել միայն Հայաստանի անունից, սա արդյոք նշանակո՞ւմ էր, որ Մինսկի խմբի ձևաչափից հայկական կողմի բանակցողը պաշտոնապես միակողմանի դուրս եկավ։

–Դա նշանակում էր, որ Նիկոլ Փաշինյանը միշտ, և դա իր գրքի մեջ էլ գրված է, Արցախն ընկալել է որպես բեռ Հայաստանի համար, ինչպես ինքը ասեց՝ «վզից կապված թոկ»։ Դա նշանակում է՝ ինքը ուզում էր Արցախից ազատվել, որովհետև ինքը ուներ միամիտ, ես կասեյի՝ տխմար և տգետ տեսակետ, որ եթե Արցախը հանձնում է Ադրբեջանին, ամեն ինչ լինելու է լավ, խաղաղություն, եղբայրություն է լինելու, ճանապարհները բացվելու են, առևտուր է լինելու, մենք էլ ճամփորդում ենք ամբողջ աշխարհում։ Բայց հիմա ակնհայտ է, չէ՞, որ Արցախը տալուց հետո էլ չկա այդ խաղաղություն և չի էլ լինելու։ Եթե անգամ փաստաթուղթ էլ ստորագրվի, որը չի ստորագրվի, էլի չի լինելու խաղաղություն, այդպիսի փաստաթղթեր են ստորագրել ու խախտել, ի՞նչ է եղել։

Այսինքն՝ դա Նիկոլ Փաշինյանի խորքային դիրքորոշումն է՝ եկած իր, չգիտեմ, մանկությունից, պատանեկությունից, իր դժբախտ անցյալից, իր սխալ մոտեցումներից, իր կրթությունից կամ չկրթությունից։ Եթե դու զիջում ես մի բան, ինքը հաջորդն է ուզում։ Հիմա արդեն միջանցքը զիջեցինք, չենք խոսում մեր իրավունքների, եկեղեցիների մասին, անգամ ասում ենք, որ մեր վրա կրակում են, մենք չենք կրակի։ Բայց միևնույն է, օրեցօր իրենց պահանջները շատանում են և շատանալու են։ Իմիջիայլոց ասեմ, բոլոր այն հայցերը, որոնք իրենք Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացրել են միջազգային ատյաններում, առաջ են տանում, նաև ֆինանսական հատուցման պահանջներով։ Ի պատասխան դրա՝ ՀՀ իշխանությունը հայտարարել է, թե պատրաստ են հետ կանչել մեր հայցերը։

Այդ բոլոր պահանջների դեմը կարելի է առնել մեկ տրամաբանական և իրավական հենքով, օրինակ, եթե մենք կարողանանք դատարանում ապացուցել, որ այդ տարածքը դե յուրե Հայաստան է եղել։ Դե յուրե Հայաստան է եղել 1920 թվականից ի վեր, և Արցախն Ադրբեջանին կցելը, Սովետական շրջանում Ադրբեջանի ենթակայության տակ դնելը եղել է անօրինական։ Հետևաբար, 1989-ից կամ 1990-91-ից հայկական ուժերի կողմից այս տարածքի վերահսկումը ոչ թե եղել է բռնազավթում՝ օկուպացիա, այլ եղել է ընդհակառակը՝ դեօկուպացիա։ Մենք ենք ազատագրել, և իրենք դեռ մեզ այդ Սովետական շրջանի 70 տարվա համար պիտի հատուցումներ վճարեն, որովհետև այդ փողը գնացել է Սովետական Ադրբեջանի բյուջե։ Դրա դեմն առնելու ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում։ Շատերն են ասում՝ դե լավ, դատարանում ապացուցեցիր, բայց հողերը հետ չես բերի։ Գուցե և դատարանով հողեր չկարողանաս հետ բերել, բայց գոնե կկանխես, ինչպես Նիկոլն է ասում, հերթական աղետաբեր թե ավերիչ պատերազմի համար հող նախապատրաստելը։

Ռոզա Հովհաննիսյան