
Նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում կանցկացվեն միջանկյալ ընտրություններ, կընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները և սենատորների մեկ երրորդը: Դոնալդ Թրամփը ընտրությունները անվանեց չափազանց կարևոր՝ վախեցնելով ամերիկացիներին դեմոկրատների կողմից աջակցվող իսլամիստների և տրանսգենդեր անձանց իշխանության գալու հեռանկարով։
«Ինչպես գիտեք, սա միջանկյալ ընտրություններից առաջ վերջին օրն է, որոնք, իմ կարծիքով, մեր կյանքի ամենակարևոր միջանկյալ ընտրություններն են», – ասաց Թրամփը Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ: «Դեմոկրատական կուսակցությունը ներկայացրել է ամերիկյան պատմության մեջ ամենաէքստրեմալ և վտանգավոր թեկնածուների ցուցակ: Երբեք նման բան չի եղել, ինչ մենք տեսնում ենք. ջիհադիստներ և «Մուսուլման եղբայրներ»-ի անդամներ, մարդիկ, որոնց մենք տեսնում ենք և չենք կարողանում հավատալ մեր սեփական աչքերին»: «Եվ նրանք բոլորը հավատարիմ են նույն արմատական օրակարգին՝ բացել սահմանները, բարձրացնել ձեր հարկերը տրիլիոնավոր դոլարներով, բռնագրավել ձեր հրազենը, խեղել երեխաներին՝ նրանց դարձնելով տրանսգենդեր, արգելել նավթը և բնական գազը, ինչը կհանգեցնի էներգակիրների գների կտրուկ աճի», – կարծում է Սպիտակ տան ղեկավարը: Նա հիմնականում նկատի ուներ Սենատի թեկնածու Աբդուլ Էլ-Սայեդին: Այս ամերիկացին, եգիպտական ծագումով, Միչիգան նահանգում մասնակցում է Կոնգրեսի վերին պալատի ընտրություններին։ Նրան աջակցում է և հայկական լովվին, մասնավորապես ANCA-ն։
Ըստ Թրամփի՝ դեմոկրատները ցանկանում են թույլ տալ «աշխարհի տարբեր ծայրերից միլիոնավոր միգրանտների» մուտք գործել երկիր, որպեսզի նրանք կարողանան քվեարկել նրանց օգտին։
Դեմոկրատները իրռնց հերթին քննարկում են Թրամփի կապը Ջեֆրի Էպշտեյնի հետ և նոր մեղադրանքները. 2026 թվականի հոկտեմբերին դեմոկրատները հրապարակեցին զեկույց, որում կոչ էին անում քրեական հետաքննություն սկսել և հատուկ խորհրդական նշանակել՝ Էպշտեյնի գործի նյութերում Թրամփի մասին հղումների և սեռական ոտնձգության նոր մեղադրանքների պատճառով (Թրամփն ինքը և Սպիտակ տունը այս մեղադրանքները անվանել են կեղծ և քաղաքականապես մոտիվացված):
Դեմոկրատները պնդում են, որ Թրամփի արտաքին քաղաքականությունը խաթարում է Ամերիկայի ավանդական դաշնակիցների վստահությունը և ոչնչացնում տասնամյակների ընթացքում կառուցված միջազգային հարաբերությունների համակարգը:
Այնուամենայնիվ, երկու կուսակցությունների միջև էական տարբերություններ չկան արտաքին քաղաքականության հիմնական հարցերում, մասնավորապես՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի համատեղ պատերազմի և Ուկրաինայի պատերազմի հարցում:
Ամերիկացի դեմոկրատները ընդհանուր առմամբ աջակցել են TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծին, քանի որ այն տեղավորվում է Հարավային Կովկասում ԱՄՆ երկարաժամկետ ռազմավարության մեջ:
Այս առումով, ԱՄՆ առաջիկա ընտրությունների արդյունքների ազդեցությունը մեր տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության վրա կարող է նվազագույն լինել. կարող է միայն բարդանալ ԱՄՆ-ում որոշումների կայացումը: Կոնգրեսը կարող է սկսել սահմանափակել Թրամփին, և Թրամփը կարող է վետո դնել Կոնգրեսի կողմից ընդունված օրենքներին և որոշումներին: Թրամփի իմպիչմենտը հնարավոր է, բայց դա միայն կհանգեցնի Վենսի իշխանության գալուն։
Վերլուծաբանները կարծում են, որ ընտրություններից հետո, դեմոկրատների հաղթանակի դեպքում, Թրամփը կդառնա «զայրացած կաղ բադ» և կգործի վաբանկ։ Սա վերաբերում է ինչպես Իրանի դեմ պատերազմին և Մերձավոր Արևելքում Իսրայելի վրա նորացված խաղադրույթին, ինչպես նաև Եվրոպայի լիակատար «ենթարկմանը» Վաշինգտոնին՝ Ուկրաինայի պատերազմի և Ռուսաստանի հետ դաշինքի միջոցով։ Թե որքանով դա կհաջողվի, կպարզվի առաջիկա երկու տարիների ընթացքում, երբ Թրամփը այլևս ոչնչից չի վախենա։