Ուզում են գյուղում ապրել, բայց տուն գնել չեն կարողանում․ Աղաջանյանների ընտանիքի պատմությունը

Թեև բնակապահովման պետական ծրագրի շրջանակում արցախցիների բազմաթիվ ընտանիքներ դարձել են հավաստագրի շահառու, բնակարանների ու տների օրեցօր աճող գները նրանցից շատերի համար սեփական տուն ձեռք բերելու հնարավորությունը շարունակում են անհասանելի դարձնել։ Ստեղծված իրավիճակն ավելի է բարդանում անշարժ գույքի շուկայում տիրող պայմանների և միջնորդների հետ կապված խնդիրների պատճառով։

Արցախի Իվանյան համայնքից բռնատեղահանված Աղաջանյանների յոթ հոգանոց ընտանիքը ներկայումս բնակվում է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում։ Ընտանիքը ցանկանում է գյուղական բնակավայրում տուն գտնել, հող մշակել, աշխատել ու սեփական ձեռքերով բարիք ստեղծել՝ այնպես, ինչպես ապրում և արարում էին Արցախում։

Սակայն հարմար տուն գտնելու փորձերն առայժմ ապարդյուն են։ Ինեսան պատմում է, որ ընտանիքը երկար ժամանակ հետևում է վաճառքի հայտարարություններին, փորձում գտնել իրենց հնարավորություններին համապատասխան տարբերակ, սակայն անգամ նախնական պայմանավորվածությունները երբեմն չեն պահպանվում։

«Զանգեցինք գործակալություն, խոսեցինք գնի մասին, պայմանավորվեցինք։ Մեկ ժամ հետո տեսանք, որ արդեն նույն տան վաճառքի հայտարարության մեջ գնի ավելացում կա, այն էլ՝ ոչ քիչ։

Հիմա մենք ի՞նչ անենք, որտեղի՞ց գումար հայթայթենք։ Սկզբնական գումարը մի կերպ կարող էինք վճարել։ Մարդիկ օրեցօր կորցնում են իրենց խիղճը։ Տներն էլ կարգին վիճակում չեն, վերանորոգման կարիք ունեն»,- մտահոգությամբ պատմում է Ինեսան։

Ընտանիքի համար խնդիրը միայն տուն գտնելը չէ։ Նրանք ցանկանում են ձեռք բերել այնպիսի բնակարան կամ տուն, որտեղ հնարավոր կլինի ապրել, աշխատել և երեխաների համար կայուն միջավայր ստեղծել։ Ինեսան երեք որդի ունի։ Երիտասարդ ընտանիքն ամուսնու հետ ամեն ջանք գործադրում է երեխաներին մեծացնելու, կրթելու և արժանապատիվ ապագա ապահովելու համար։ Այդ հարցում օգնում են նաև ամուսնու ծնողները։

Ընտանիքի համար փոքր մխիթարություն է այն, որ Մեղրաձորում հարևանությամբ այլ արցախցիներ էլ են ապրում։ Շփվում են, զրուցում իրենց բարբառով, և երբեմն այնպիսի զգացողություն է առաջանում, կարծես կրկին Արցախում են։ Միաժամանակ փորձում են ինտեգրվել նոր միջավայրին, նոր ծանոթություններ հաստատել ու շարունակել կյանքը։

Արցախցիների համար տունը նաև սեփական հողի վրա ապրելու, աշխատելու, արարելու և երեխաներին արմատներ տալու հնարավորությունն է։ Սակայն առօրյա պայքարը շարունակվում է՝ գտնել մատչելի տուն, հաղթահարել բնակարանային շուկայի դժվարությունները և վերջապես ունենալ սեփական տանիք։ Իսկ հարցը, թե որքանով է բնակապահովման ծրագիրը իրականում հասանելի դարձրել այդ հնարավորությունը բռնատեղահանված ընտանիքների համար, շարունակում է մնալ օրակարգային։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ