
Բաքուն ակտիվորեն ֆինանսավորում է միջազգային մամուլում հրապարակումներ՝ իր պահանջները ներկայացնելով այլազգի հեղինակների անուններով։ Այդ պահանջների թվում են ԱՄՆ-ում 907-րդ բաժնի և Ջեքսոն-Վենիկի ակտի չեղարկումը, Ադրբեջանում ներդրումներ կատարելը և Հայաստանին նոր Սահմանադրություն ընդունելու հարկադրումը։
Եթե այս քայլերը տապալվեն, Բաքուն կանխատեսում է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ամերիկյան ծրագրերի ձախողում, ինչպես նաև տարածաշրջանում երկարատև քաղաքական անորոշություն և իրանական ու ռուսական ազդեցության «վերադարձ»։
Իրանն ու Ռուսաստանը չեն էլ հեռացել, որ վերադառնան։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Կենտրոնական Ասիայի երկրները չեն լքել ԱՊՀ-ն կամ չեն խզել Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերը, այդ թվում՝ պաշտպանական համագործակցության վերաբերյալ։ Ավելին, Միացյալ Նահանգներն այժմ ինքն է փորձում համաձայնության գալ Իրանի և Ռուսաստանի հետ։
Բայց դա չէ խնդիրը։ Խոսոքը Բաքվի անպարկեշտ «պահանջների» մասին է ԱՄՆ-ից՝ 907-րդ բաժնի չեղարկման, ներդրումների և նոր Սահմանադրության միջոցով Հայաստանին հարկադրելու մասին՝ հրաժարվել իր ազգային իրավունքներից և օրինական Վիլսոնի արբիտրաժից։
Առանց այս պայմանների Բաքուն չի կարող դառնալ ԱՄՆ-ի և Իսրայելի գլխավոր հենակետը մեծ տարածաշրջանում՝ Թուրքիայի փոխարեն, ինչին նա հավակնում է։ Իսկ եթե Բաքուն չդառնա հենակետ, մի օր կարող է պարզապես անհետանալ։ Հետևաբար, Հայաստանի նոր Սահմանադրությունն ունի գոյաբանական նշանակություն Բաքվի համար։
Բաքուն բացահայտորեն հղում է անում Հայաստանի Սահմանադրությանը (այսինքն՝ հայ ժողովրդի կոլեկտիվ կամքին և համաձայնությանը) որպես իր ինքնիշխանության կարևոր գործոն։ Քանի դեռ Հայաստանը պահպանում է իր Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը, որոնք անվիճարկելի են մնացել 35 տարի, Ադրբեջանը ոչ մի տարածքային ամբողջականություն չունի, քանի որ Արցախն ու Նախիջևանը իրավամբ չեն պատկանում նրան։ Նույնը վերաբերում է ներկայիս Թուրքիայի հյուսիսային տարածքներին՝ Արևելյան Հայաստանի մեծ մասին։
ՀՀ կառավարությունը գնում է ազգային իրավունքներից և ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի սահմանների բանալիներից հրաժարվելու ճանապարհով։ Հայաստանը տարածաշրջանում միակ իրավունքի սուբյեկտն է, բայց պատրանքների և խոստումների դիմաց պատրաստ է դառնալ անիրավ օբյեկտ՝ դատապարտելով իրեն քայքայման և ուժային մասնատման։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասում է, որ մենք այլևս չունենք Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը վերամիավորելու նպատակ, և Սահմանադրությունում Անկախության հռչակագրի հղումը հնացած է։ Նախարարը լավ գիտակցում է, որ նոր Սահմանադրությունը՝ վերամիավորման արդեն իրացված ակտի մերժում է, այսինքն՝ հայկական տարածքների բռնակցումը օրինականացնելու “ինքնակամ” ակտ է։
Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է խաղաղության պայմանագիր ստորագրել առանց Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու, քանի որ հակառակ դեպքում կստացվի, որ Ադրբեջանը ուժով օկուպացրել է հայկական տարածքները, իսկ Երևանը ստիպված էր «կապիտուլյացիայի ենթարկվել»։ Սակայն նման «խաղաղության պայմանագիրը» կարող է ցանկացած պահի մահապատիժ դառնալ Բաքվի համար։ Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը կամավոր հրաժարվի իր տարածքներից, և Նիկոլ Փաշինյանն այժմ կատարում է այս խնդիրը։
Նիկոլ Փաշինյանի կրծքանշան-քարտեզը քամինգ աութ է, խոստովանություն այն մասին, որ Հայաստանը չի ենթարկվել բռնության, այլ ինքն է ընտրել սեփական տարածքներից և իրավունքներից հրաժարվելու «ոչ ավանդական» ուղին։
Աշխարհի պատմության մեջ երբեք քաղաքականապես ավելի այլասերված բան տեղի չի ունեցել։