Մենք պատրաստ պետք է լինենք․ Արա Պապյան

Step1.am-ի հարցերին պատասխանել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

–Պարոն Պապյան, տեղյակ ենք, որ դուք հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության փաթեթ եք մշակում՝ անհրաժեշտության դեպքում միջազգային ատյաններ ներկայացնելու համար։ Մի փոքր կմանրամասե՞նք, ի՞նչ է ենթադրում այն։

-Ես նոր չէ, որ զբաղվում եմ Հայաստանի Հանրապետության իրավունքներով, 20 տարուց ավելի է այդ աշխատանքն անում եմ։ Ես միշտ փորձել եմ այդ փաթեթը ներկայացնել ՀՀ բոլոր իշխանություններին։ Ինչո՞ւ եմ հիմա այս հարցով հետևողական, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանը, որն իրեն հայտարարել է առաջին հանրապետության իրավահաջորդ և հավականություններ է ցուցաբերում Սովետական Հայաստանի տարածքի նկատմամբ և դա անում է պետական մակադակով, ուշ թե շուտ այդ հարցն առաջ է բերելու։ Առավել ևս, հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «Արցախը Ադրբեջանի տարածք է», ադրբեջանցիները խոսում են պատերազմական ռեպարացիաների մասին։ Այսինքն ասում են՝ «դուք 30 տարի գրավել եք մեր տարածքը և հիմա ընդունում եք, որ սա մեր տարածքն է, ուրմեն հիմա պետք է ռազմատուգանք վճարեք»։ Եվ տարեր թվեր են հնչեցվում, խոսքը գնում է 100 և ավելի միլարդ դոլարից մինչև 800 մլրդ դոլարի մասին։ Որպեսզի մենք անպատրաստ չլինենք այս ամենին, ես փաթեթ եմ պատրաստում, որը նաև Թուրքիային է վերաբերում։ Ես դեռ 2000-ականներին եմ իշխանություններին զգուշացրել, որ հաջորդ պատերազմի ժամանակ Թուրքիան մի կողմ չի կանգնելու, և դա այդպես է։

Ի՞նչ աշխատանք եմ իրականացնում։ Ես նախկինում էլ, հիմա էլ հավաքում ու տպագրության եմ պատրաստում միջազգային տարբեր պաշտոնական կառույցների փաստաթղթերն ու քարտեզները, որոնք կարող ենք ներկայացնել միջազգային դատարան։ Ինձ շատ-շատ խանգարում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որովհետև առաջին բանը, որ արեց Նիկոլ Փաշինյանը՝ գալով իշխանության, այն էր, որ 2018 թվականի մայիսի վերջին փակեց իմ կենտրոնը։ Եւ այդ ամբողջ փաստաթղթերն ու գրականությունն առ այսօր կալանքի տակ է։ Բայց միևնույն է, ես իմ աշխատանքները շարունակում եմ։

Տվյալ պահին ես զբաղվում եմ նաև Ցեղասպանության հարցով, այսինքն՝ արդեն անհատ մարդկանց իրավունքների հարցով։ Բայց հիմնականում կենտրոնանում եմ ամերիկյան փաստաթղթերի վրա։ 1917 թվականի սեպտեմբերին հիմնված ամերիկյան մի պաշտոնական կազմակերպություն է եղել, որը կոչվում է «Հետազոտություններ», որը Վուդրո Վիլսոնի հրամանով է ստեղծվել և ունեցել է տարբեր թիրախներ, որոնցից մեկը եկել է հայկական հարցը։ Իրենց ազգային պետական արխիվում մեծ քանակությամբ փաստաթղթեր կան, որոնք ես ձեռք եմ բերել և այս փուլում պատրաստում եմ դրանց տպագրությունը։ Տպագրություն ասելով՝ հասկանում եմ հետևյալը՝ մի փոքր խմբաքանակ՝ 300-500 օրինակ տպվում է թղթային տարբերակով, իսկ մնացածն ազատ կհրապարակվի համացանցում, որպեսզի մարդիկ հասանելիություն ունենան դրան։

Նախորդ իշխանությունները մեզ գոնե չեն խանգարել, հնարավորություն էին տալիս ելույթներ ունենալու տարբեր համալսարաններում ու հարթակներում։ Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք անգամ բուհերին հրահանգ էր տրվել այս հարցերն առաջ տանելու։ Իսկ հիմա լրիվ հակառակն է։

-Այս իրավճակում, երբ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են հայ ժողովրդի բոլոր իրավունքներից, ի՞նչ հնարավորություններ կան միջազգային հարթակներում, այդ թվում՝ դատական, հաջողությունների հասնելու համար։

-Նախ, այս իշխանությունը հավերժական չէ, երկրորդը, այս քաղաքականությունը հավերժական չէ։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն հարցում զիջել Ադրբեջանին, բայց խնդիրն այն է, որ կան պահանջներ, որոնք ինքը չի կարող զիջել։ Երբ քեզանից հող են ուզում, դու դա կարող ես տալ, որովհետև ունես։ Այսինքն՝ թքած ունենալով Հայաստանի ու հայ ժողովրդի վրա, տարածքները տալիս ես։ Բայց երբ քեզանից հարյուրավոր միլիրադներ են ուզում, շատ ցանկանալու դեպքում էլ չես կարող տալ։ Հետևաբար, այդ պատրվակն իրենք օգտագործելու են պատերազմ սանձազերծելու համար։ Իսկ իրենք պատերազմը հենց այնպես չեն սանձազերծում, նախ պատրաստում են դրա դիվանագիտական, տեղեկատվական, քարոզչական հենքը, նոր գնում են պատերազմի։

Որպեսզի պատերազմը կանխենք, մենք քարոզչական, տեղեկատվական, դիվանագիտական փուլում պետք է կանխենք։ Մենք Արցախում պարտվեցինք ոչ թե այն պատճառով, որ թույլ էինք, այլ պարտվեցինք, որովհետև երբ Ադրբեջանն առաջ էր տանում հարցը, թե «Արցախը Ադրբեջան է», Հայաստանի իշխանություններն էլ էին դրան համաձայն։ Եթե դու պայքարի հիմք ես ընդունում ոչ թե այն, որ Արցախը Հայաստանի Հանրապետության տարածք է, այլ ինքնորոշված պետություն է, դու ընդունում ես, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի մաս և հիմա պետք է անկախանա։

Ադրբեջանը, սկսած 2013 թվականից մեծ աշխատանք տարավ, 2016 փորձնական հարձակում գործեց, պատրաստվեց։ Եվ 2020 թվականի պատերազմի ժամանակ բոլորն արդեն «Արցախը որպես Ադրբեջանի մաս» էին ընկալում, և հայերին համարում «օկուպանտ»։ Իսկ Ադրբեջանն էլ հայտարարում էր, թե «դեօկուպացիա» է իրականացնում։ Իսկ 2023 թվականի պատերազմն Ադրբեջանն արդեն «տեռորիզմի դեմ պայքարի» անվան տակ սանձազերծեց։ Ադրբեջանը մշտապես գրագետ է գործել և գործում է մինչ այսօր։

-Այսինքն՝ եթե հայ ժողովրդի իրավունքները ամրագրող պաշտոնական փաստաղթերը, որոշումները մեջտեղ բերվեն, Ադրբեջանը որևէ հիմք չի ունենո՞ւմ հայկական տարածքների նկատմամբ նկրտումների հարցում։

-Պատերազմ սանձազերծելու համար պատադիր չէ, որ դու անպայման երևաս որպես արդար կողմ։ Ինքը կարող է պատերազմ սանձազերծել առանց հիմքի, բայց դա արդեն իր համար խնդիր է։ Հիմա շատերն ասում են՝ աշխարհն անտարբեր մնաց։ Բա ի՞նչ աներ, որ անտարբեր չմնար այս պայմաններում։ Պետք է հասկանալ, որ միջազգային հարաբերություններում շատ կարևոր է աշխարհի ընկալումը, որովհետև պատժամիջոցներ ու այլ հարցեր կան։ Պատահական չէ, որ մեզանից հզոր երկրների դեպքում, օրինակ, Իսրայել-արաբական հակամարտության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում իրավական ու քարոզչական հարցերին։ Ուկրաինակ-Ռուսաստան պատերազմի դեպքում էլ ենք տեսնում, թե կողմերն ինչքան փող ու ջանք են ծախսում, որպեսզի իրենք ընկալվեն ճիշտ։ Դրանից ածանցվում են խորհրդարանների որոշումները, աջակցությունը, զենք տրամադրելը և մյուս հարցերը։ Հետևաբար, ես կարծում եմ, սա շատ կարևոր է Հայաստանի համար, զսպման կարևոր գործոններից մեկն է։

Ռոզա Հովհաննիսյան