
Կառավարության որոշմամբ՝ նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի: Կքննարկվեն ԹՐԻՓՓ-ի իրականացման համար նախատեսված ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ կտան առաջ մղել TRIPP նախագծի իրականացումը։ Սակայն ԱՄՆ ընտրություններից հետո ԹՐԻՓՓ-ը ավելի մեծ կասկածներ է առաջացնում, քան երբևէ։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակն ու Դոնալդ Թրամփի դիրքերի սասանումն ահուդող է գցել ՀՀ իշխանությունների սիրտը, որ գուցե չեղարկվի ԹՐԻՓՓ համաձայնագիրը։
Խորհրդարան է հրավիրվել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, որի հետ մի խումբ ՔՊ-ականներ են հանդիպել եւ, մեր տեղեկություններով, խնդրել են փարատել իրենց կասկածներն ու մտահոգությունները։
Իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը պարզաբանել է, որ հարց է տվել նախագծի ապագայի մասին՝ դիվանագետին հիշեցնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, այդ թվում՝ TRIPP-ի մասին համաձայնագիրը, այն սակավաթիվ նախագծերից է, որը երկկուսակցական աջակցություն է վայելում թե՛ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին երկկողմ համաձայնագիրը ստորագրվել է, երբ իշխանության ղեկին դեմոկրատներն էին։ Հիշեցնենք նաև, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն էլ է կնքվել Բայդենի՝ ընտրություններում հաղթանակից մեկ շաբաթ հետո։ Եւ այդ հայտարարության մեջ է առաջին անգամ հիշատակվել Մեղրիի ճանապարհը։
Անկախ ԱՄՆ ընտրություններից, ԹՐԻՓՓ-ի իրականացումը ի սկզբանե կասկածելի էր։ Վերլուծաբանները նշում էին, որ դա իրականանալու բան չէ, եթե անկախ Հայաստան գոյություն ունի։ Չափից շատ իրար հակասող գործոններ կան։ Եւ եթե այդքան հեշտ լիներ ամեն ինչ, 100 տարի Սյունիքն ու Արցախը գլոբալ բալանսիրի դեր չէին խաղա։ Այդ բալանսիրի բացակայությունը կբերի աշխարհաքաղաքական մեծ համակարգի թլուզման։
2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, որի միայն 9-րդ կետն է “գործում”՝ Նախիջևանի հետ կապի մասին, նույնիսկ 2025-ի Վաշինգտոնում ԹՐԻՓՓ-ի մասին համաձայնագրից հետո “գետնի վրա” ոչինչ չի փոխվել։ Կա միայն ԱՄՆ-Հայաստան ստորագրված փաստաթուղթ, որը ցանկացած պահի կարող է ԱՄՆ-ում հետ կանչվի։ Եւ հենց դրա մասին էին ՔՊ պատգամավորները հարցնում ԱՄՆ ժամանակավր հավատարմատարին, քանի որ գրեթե 1 տարի է ԱՄՆ-ը Հայաստանում դեսպան չունի։
Հայաստանը շահագրգռված է TRIPP նախագծի շրջանակում գործնական աշխատանքների օր առաջ մեկնարկով և դրա լիարժեք գործարկմամբ, ասել է Արարատ Միրզոյանը։
«Խոսելով TRIPP նախագծի մասին՝ մենք նկատի ունենք տարբեր ենթակառուցվածքներ. առաջին հերթին, իհարկե, երկաթուղին, էլեկտրահաղորդման գծերը և օպտիկամանրաթելային մալուխները։ Կողմերը շահագրգռված են նաև ապագայում գազամուղի, նավթամուղի և հնարավոր այլ ենթակառուցվածքային օբյեկտների կառուցմամբ»,— նշել է Միրզոյանը։
Մինչ այդ հայտարարվում էր, որ այս բոլոր ենթակառուցվածքները սփռված կլինեն երկրով մեկ, այսինքն՝ ամբողջ Հայաստանը կդառնա ԹՐԻՓՓ։
Չեմ պատկերացնում, որ ԱՄՆ-ի դեմոկրատները չցանկանան TRIPP նախագծի շատ արագ իրականացումը, ասել է Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ նախագծի իրագործումը Հայաստանին հնարավորություն կտա երկաթուղային հաղորդակցություն հաստատել միանգամից մի քանի ուղղությամբ։
Ինչն է տալիս նրան այդ վստահությունը՝ պարզ չէ։ Բաքուն դեռ մի անգամ չի հայտարարել, որ պատրաստ է բացել Նախիջևանը։ Իսկ առանց դրան ԹՐԻՓՓ-ը Հայաստանի համար անիմաստ է։
Մինչդեռ ԱՄՆ-ում ընտրություններից հետո կոշտացել է Իրանի հռետորականությունը։
Իրանի արտաքին գործերի նախկին նախարար, երկրի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իրանական «Ettelaat» թերթում «Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետին» վերնագրով հրապարակված հոդվածում հայտարարել է, որ Հայաստանի վերջին սխալ քայլը՝ «հազար դեմք ունեցող մարդու (Թրամփի) չհիմնավորված և չմտածված առաջարկի հաստատումն էր՝ Զանգեզուրի միջանցքը «Թրամփի երթուղի» կամ TRIPP վերանվանելու վերաբերյալ»։
«2021 թվականի հունիսին Թեհրանում կայացած Աստանայի ձևաչափով գագաթնաժողովում, որտեղ ինձ պատիվ էր վիճակվել ներկա գտնվել հանգուցյալ հոգևոր առաջնորդի կողքին (թող Ալլահը սրբագործի նրա հոգին), նա պարոն Էրդողանի հետ առավոտյան հանդիպման և պարոն Պուտինի հետ երեկոյան հանդիպման ժամանակ ուղիղ հայտարարեց. „Մենք դեմ ենք Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը“։
Նշված երկու հանդիպումներից հետո Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը բավականին լայնածավալ զորավարժություններ անցկացրին։
Վերջին միտքը ես ուղիղ ասացի նաև Հայաստանի դեսպանին. եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այս կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը։
Նիկոլ Փաշինյանի և նրա հետևորդների այս անպտուղ գործողությունն իսկապես նվաստացման պատճառ կդառնա արժանապատիվ հայ ժողովրդի համար, որն ունի չափավորության և ողջամիտ մոտեցման վաղեմի քաղաքական ավանդույթ»։
ԱՄՆ և Իրանի դիրքորոշումները ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ կարող են փոխվել։ Իսրայելական մեդիա-ում արդեն հոդվածներ են հրատարակվում այն մասին, որ Հայաստանում դեմ են ԹՐԻՓՓ-ին, քանի որ այն “հրեական” է համարվում։ Թե ինչպես դրա տակից դուրս կգան Երևանն ու Բաքուն, ցույց կտա ժամանակը։