
Արցախի հնամյա անտառների ու լեռների գրկում, ուր քարերն անգամ իրենց պատմությունն ունեն, Բռի Եղցի հուշարձանախումբը կանգնած է որպես հայոց հոգևոր աննկուն կամքի խորհրդանիշ: Այդ սրբազան համալիրի սրտում՝ գլխավոր եկեղեցուց ընդամենը չորս մետր դեպի արևմուտք, իր ուրույն ու խոնարհ գեղեցկությամբ կանգնած է Խաչենիկ Անեցու ձեռքով կերտված միանավ սրբատունը:
Այս համեստ, ուղղանկյուն հատակագծով և սլաքաձև թաղով պսակված եկեղեցին հեռվից կարծես երկրին ձուլված աղոթք լինի։
Ժամանակն ու արևը եկեղեցու աղոթասրահին լույս են սփռում արևելյան և արևմտյան նեղլիկ լուսամուտներից։ Եվ այս քարե լռության մեջ, արևմտյան լուսամուտի բարավորի աջ ու ձախ անկյուններում, դարեր շարունակ որպես ժամանակի պահապաններ կանգնած են մնացել քնարահավերի երկու քանդակներ։ Ճիշտ է, հողմերն ու տարիների շունչը զգալիորեն մաշել, հողմահարել են նրանց նուրբ գծերը, բայց նույնիսկ այսպես՝ խամրած ու վիրավոր, նրանք շարունակում են պահել հեռավոր անցյալի երգն ու թևածող հիշողությունը՝ հավերժացնելով անեցի վարպետի հանճարն ու անունը։ Ինչը վկայում է աջակողմյան թռչնի դիմաց 8 տողից բաղկացած հետևյալ արձանագրությունը. «զԽա|չենեկ | վարդ|ապէտ | Սուրբ եկեղ|եցւոյ | յաղաւթս յիշ|էցեք ի Ք[րիստո]ս Յ[իսուս]»։
Արևմտյան ճակատից բացված շքամուտքի դռան երեսակալները պատված են գեղեցիկ, զարմանահրաշ հյուսվածազարդերով, որոնցում հայ վարպետի ձեռքը կարծես կենդանացրել է անշունչ քարը՝ վերածելով այն նուրբ ու հավերժական ժանյակի։
Այդ համայնապատկերի պսակն է կազմում բարավորի կիսաշրջանաձև քարը։ Նրա կենտրոնում հպարտորեն ու խորհրդավոր կերպով բազմել է խաչը՝ շրջապատված շեղանկյուններից կազմված կամ շախմատաձև ցանցի նրբին երկրաչափությամբ։ Այս երկրաչափական զարդանախշը միահյուսում է երկրայինն ու երկնայինը՝ խորհրդանշելով հավատի անսասան հիմքն ու հայկական ճարտարապետությանը բնորոշ մանրակրկիտ, հյուսվածքային մտքի խորությունը։
Հատկապես ուշագրավ է կառույցի արևմտյան ճակատը, որը զարդարված է մեկ տասնյակից ավել նվիրատվական խաչքարերով։
Անդրադառնալով այս եկեղեցուն, ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը գրել է․ «Հայաստանի մայրաքաղաք Անիից հրավիրված ճարտարապետի մասնակցությունն արցախյան վանքի եկեղեցու ու կոթողի կառուցմանն իր հետ բերել է շինությունների ճակատների ձևավորման մեջ «գեղատեսիլ ոճի» կիրառմանը, որը կապված էր առաջին հերթին Անիի մշակույթի հետ։ «Բռի եղցիի» եկեղեցում Խաչենիկ Անեցին շենքի գլխավոր՝ արևմտյան ճակատը ձևավորել է յուրօրինակ․ նրա հանդիսավորությունը ստացվել է այսպես կոչված «գորգային» հարդարանքով, խճանկարի տեխնիկայի հնարքներով լուծված։ Այստեղ պատի հարթությունը ստեղծվում է առանձին խաչքարերից ու քանդակներից, որոնք շքամուտքի հետ միասին ստեղծում են գլխավոր ճակատի դեկորատիվ հագեցվածությունը։ Եվ, չնայած, քանդակները հարթ են կատարված, սակայն հակադրվում են թռչունների ոճավորված բարձրաքանդակներին, նրանց հետ հորինվածքային միասնության մեջ գտնվելով»։
Խաչենիկ Անեցու ձեռքով կառուցված եկեղեցին՝ վեհաշուք կեցվածքով հպարտորեն վեր է խոյանում բլրի գագաթին։ Հայացքը հառած հեռավոր ճամփին՝ կարծես անհամբեր սպասում է իր հավատավոր տերերի բաղձալի վերադարձին, որպեսզի կրկին լցվի աղոթքի ձայնով ու կյանքի շնչով։
Արմինե Հայրապետյան