Ու՞ր են փախել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավորները

Նոյեմբերի 9-ին՝ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության վեցերորդ տարելիցին, Արցախի Հանրային խորհուրդը նամակներ կհանձնի Հայաստանի կառավարությանը և Ռուսաստանի դեսպանատանը: Հանրային խորհուրդը մտադիր է պարզել, թե ինչ եղավ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների հետ։

Այդ պարտավորությունները չեն կատարվել, Արցախը օկուպացված է, Բերձորի միջանցքը այլևս գոյություն չունի, երաշխավորներն էլ անհետացել են, թեկուզ վեց տարի անց կողմերը դեռևս հիշում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և հրաժարվում հայտարարել դրա ավարտի մասին։

Ռուսաստանը պնդում է, որ հայտարարության 9-րդ կետը, որը վերաբերում է Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհի բացմանը ռուս սահմանապահների պաշտպանության ներքո, դեռևս ուժի մեջ է: Ռուսաստանը ոչինչ չի ասում Բերձորի միջանցքի մասին, որը նույնպես նոյեմբերի 9-ի հայտարարության մաս է կազմում, չնայած հենց Ռուսաստանը պետք է երաշխավորեր դրա անվտանգությունն ու գործունակությունը։

Հայաստանը նույնպես պաշտոնապես չի հայտարարել նոյեմբերի 9-ի հայտարարության չեղարկման մասին։ Հնարավոր է, պատճառն այն է, որ հենց Փաշինյանն է ստորագրել փաստաթուղթ, որով առանց մեկ կրակոցի հանձնվեցին երեք շրջաններ՝ Ակնան, Քարվաճառը և Քաշաթաղը։

Վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանի պաշտոնական հռետորաբանության մեջ շատ բան է փոխվել։ Դեռևս 2021 թվականին Հայաստանի կառավարությունը իր ծրագրում խոստացել էր Շուշիի և Հադրութի դեօկուպացիան։ Արդեն 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանը Պրահայում ստորագրեց փաստաթուղթ, որով ճանաչում էր «խորհրդային սահմանները», այդպիսով «ճանաչելով» Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Հետո Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ Արցախը, ըստ էության, դիտավորյալ զոհաբերվել է հանուն Հայաստանի ինքնիշխանության։

2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից և էթնիկ զտումներից հետո, Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 26-ին ընդունեց որոշում, որում գնահատականներ է տրվում տեղի ունեցածին։

“Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական հարձակման․․․ նկատի ունենալով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը․․․ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի Հանրապետության բացահայտ ագրեսիան և լայնածավալ ռազմական գործողությունները հանգեցրել են տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների․․․ Լեռնային Ղարաբաղի բնակիչները բռնի տեղահանվել են իրենց մշտական բնակության երկրից համատարած բռնության և բռնության իրական սպառնալիքի, արտաքին հարձակման, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հասարակական կարգը խախտող իրադարձությունների, Ադրբեջանի Հանրապետության հայատյաց, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու քաղաքականության պատճառով․․․ Լեռնային Ղարաբաղում բնիկ հայ ժողովրդի անվտանգության ապահովման միջազգային երաշխիքների բացակայությունը․․․”, ասվում է որոշման նեջ։

Սակայն 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների նախաշեմին պաշտոնյաներն ու իշխանամետ գործիչները կիրառում էին արդեն բոլորովին այլ հռետորաբանություն՝ մեղադրելով արցախցիներին մինչև վերջ չպայքարելու և չզոհվելու, իրենց հայրենիքը լքելու մեջ՝ Երևանում իշխանափոխություն իրականացնելու համար և այլ։

Ոչ ոք այդպես էլ չի պատասխանել հարցին, թե որտե՞ղ են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավորները, արդյո՞ք այն դեռևս ուժի մեջ է, և ո՞վ պետք է ներկայացնի արցախցիների իրավունքներն ու շահերը։