
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը նոյեմբերի 11-ին կազմակերպում է հանրային քննարկում՝ «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ նախատեսվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ։
Քննարկման առանցքում հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի, տեղաշարժի, կրթության, աշխատանքի և հասարակական կյանքին լիարժեք մասնակցության ապահովմանն ուղղված ծառայությունն է։ Սակայն գործող կարգավորումները մի շարք լուրջ հարցեր են առաջացնում, հատկապես՝ Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց համար։
ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ անձնական օգնականի ծառայությունը նախատեսված է 15 տարին լրացած այն անձանց համար, որոնք ունեն ֆունկցիոնալության սահմանափակման համապատասխան աստիճան։ Ծառայությունից օգտվելու իրավունքը, բացի առողջական վիճակի գնահատումից, պայմանավորված է նաև աշխատանքով կամ ուսմամբ, կամ առաջիկա երեք ամսվա ընթացքում աշխատանք կամ ուսում սկսելու վերաբերյալ գրավոր պարտավորությամբ։
Ծառայությունը ներառում է անձնական հիգիենայի, հագնվելու, սնվելու, տեղաշարժվելու, կենցաղային հարցերի լուծման, բժշկական օգնություն ստանալու և հասարակական կյանքին մասնակցելու համար անհրաժեշտ աջակցություն։ Գործող կարգով ծառայության առավելագույն ամսական տևողությունը ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից կախված կարող է կազմել 100-ից 140 ժամ։
Սակայն հատկապես մտահոգիչ է Արցախից բռնի տեղահանված անձանց վիճակը։ Նրանցից շատերը դեռևս Արցախում անցել են բժշկական փորձաքննություն և ստացել հաշմանդամության կարգավիճակ, այդ թվում՝ անժամկետ։ Այնուամենայնիվ, Հայաստանում սոցիալական ծառայություններից օգտվելու համար նրանք բախվում են կրկնակի գնահատման և փաստաթղթային գործընթացների անհրաժեշտությանը։
Ստացվում է, որ տարիներ շարունակ հաշմանդամություն ունեցող, իսկ որոշ դեպքերում՝ անժամկետ կարգավիճակ ստացած անձը ստիպված է կրկին անցնել բժշկական և վարչական ընթացակարգեր՝ ապացուցելու իր առողջական վիճակն ու ֆունկցիոնալ սահմանափակումները։ Սա հատկապես բարդ է այն մարդկանց համար, որոնց տեղաշարժն առանց օգնության դժվար է կամ գրեթե անհնար։ Արդյո՞ք հնարավոր չէ նախատեսել Արցախում տրված բժշկական փաստաթղթերի ճանաչման և անձնական օգնականի ծառայությունից օգտվելու պարզեցված մեխանիզմ՝ բացառելով կրկնակի հանձնաժողովային գործընթացներն այն դեպքերում, երբ առողջական վիճակը չի փոխվել։
Մյուս խնդիրը ծառայությունից օգտվելու համար աշխատանքի կամ ուսման պահանջն է։ Արցախից տեղահանված բազմաթիվ հաշմանդամություն ունեցող անձինք այսօր աշխատում են ոչ պաշտոնապես, զբաղվում են սեզոնային, ժամանակավոր կամ անկանոն աշխատանքով, իսկ ոմանք փորձում են ինքնուրույն եկամուտ ապահովել՝ առանց աշխատանքային պայմանագրի։ Կան նաև հարյուրավոր մարդիկ, որոնք առողջական վիճակի, տեղաշարժման դժվարությունների և աշխատաշուկայում առկա խոչընդոտների պատճառով դեռևս չեն կարողացել աշխատանքի անցնել։
Գործող կարգավորումների պայմաններում հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող են այս մարդիկ օգտվել ծառայությունից, եթե նրանց զբաղվածությունը հնարավոր չէ հաստատել պաշտոնական աշխատանքային փաստաթղթերով։ Արդյո՞ք պետությունը նախատեսում է հաշվի առնել փաստացի աշխատանքը, ինքնազբաղվածությունը և եկամուտ ստանալու ոչ պաշտոնական ձևերը։
Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ անձնական օգնականի ծառայությունն ինքնին կարող է նախապայման լինել մարդու աշխատանքի անցնելու կամ ուսումը շարունակելու համար։ Այսինքն՝ մարդուն անհրաժեշտ է օգնական, որպեսզի կարողանա դուրս գալ տնից, հասնել աշխատավայր, մասնակցել ուսումնական գործընթացին կամ հասարակական կյանքին, մինչդեռ ծառայությունից օգտվելու համար նրանից արդեն պահանջվում է աշխատել կամ առաջիկա երեք ամսում աշխատանքի անցնելու պարտավորություն ստանձնել։ Այսպիսով, առաջանում է փակ շրջան, որը կարող է դուրս թողնել հենց այն մարդկանց, որոնց համար նախատեսված է ծառայությունը։
Հետևաբար, նոյեմբերի 11-ի հանրային քննարկման ընթացքում նախարարության ուշադրությունը պետք է հրավիրել մի շարք կարևոր հարցերի վրա։ Անհրաժեշտ է ապահովել Արցախում տրված, այդ թվում՝ անժամկետ հաշմանդամության փաստաթղթերի ճանաչումը և կրկնակի բժշկական փորձաքննություններից ազատումը այն դեպքերում, երբ անձի առողջական վիճակը չի փոխվել։ Միաժամանակ պետք է ընդունելի համարվեն ոչ պաշտոնական, սեզոնային և անկանոն զբաղվածության ձևերը՝ որպես աշխատանքային գործունեության փաստացի դրսևորումներ։ Աշխատանք գտնելու օբյեկտիվ դժվարություններ ունեցող անձանց համար անհրաժեշտ է նախատեսել համապատասխան բացառություններ, ինչպես նաև պարզեցնել ծառայությունից օգտվելու ընթացակարգերը՝ վերացնելով ավելորդ փաստաթղթային և վարչական խոչընդոտները։
Կարևոր է նաև, որ ծառայությունից օգտվելու համար նախատեսված ընթացակարգերը հասանելի լինեն ծանր ֆունկցիոնալ սահմանափակումներ ունեցող անձանց՝ առանց ավելորդ ֆիզիկական խոչընդոտների։
Անձնական օգնականի ծառայության նպատակը պետք է լինի ոչ թե արդեն իսկ աշխատող կամ սովորող մարդկանց աջակցելը, այլ նաև այնպիսի պայմանների ստեղծումը, որոնց շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձը կկարողանա աշխատել, սովորել և ինքնուրույն կյանք վարել։
Արսեն Աղաջանյան