Խաղաղության օրակարգը և Հայաստանի ինքնուրույն քաղաքականության խնդիրը 

Հայաստանում բորբոքվում են կրքերը սահմանադրության հնարավոր փոփոխությունների հետ կապված։ Վերջինս նաև Ադրբեջանի նախապայմանն է՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Թեև այս պայմանն առկա չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025թ․ օգոստոսի 8-ին նախաստորագրված համաձայնագրում, այնուամենայնիվ այն բազմաթիվ անգամ հնչել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից և համարվում է խաղաղության պայմանագիրը ստորագրելու կարևոր նախապայման։

Ադրբեջանական այլ նախապայմաններ, ինչպես, օրինակ, միջազգային իրավական հարթակներից միջպետական գանգատների և հայցերի հետկանչումն ու չեղարկումն է կամ համատեղ սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայման բացառումը, ձևակերպվել են որպես համաձայնագրի հոդվածներ (համապատասխանաբար՝ XV և VII)։ Հոդված I և հոդված II -ով կողմերը համաձայնում են, որ ԽՍՀՄ հանրապետությունների ներքին սահմանները ճանաչում են որպես անկախ պետությունների միջազգային սահմաններ։

Հայաստանում, հաճախ, խաղաղության պայմանագրի ստորագրումը կապում էին 2025թ․ օգոստոսի 8-ին մեկնարկած՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վավերացման հետ։ 2026թ․ մայիսին ՀՀ և ԱՄՆ միջև կնքված պայմանագիրը նախատեսում էր Սյունիքի մարզով երկաթուղային և այլ հաղորդակցություններ, որը միտված է ապահովելու անխոչընդոտ տրանսպորտային կապ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով, ինչպես նաև զարգացնելու տարածաշրջանային առևտուրը։ Հայաստանի Ազգային ժողովում TRIPP-ի նախագծին ընդդիմությունը դեմ քվեարկեց հենց այս տրամաբանությամբ՝ քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, նախագծի իրականացումը ռիսկային է հետագա ապաշրջափակման համար։

Այնինչ, խաղաղության պայմանագրի առկայությունը չպետք է կապվի TRIPP-ի հետ։ TRIPP-ը որոշակիորեն նվազեցրել է Ադրբեջանի կողմից ագրեսիվ նկրտումները, մասնավորապես Սյունիքի մարզի նկատմամբ ռազմական հարձակման հեռանկարը։

Այն նաև որոշակի հեռանկարներ է բացում Հայաստանի ապաշրջափակման տեսնակյունից։ Չնայած Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանը շրջանցող նոր տրանսպորտային ենթակառուցվածքներ են կառուցում, մասնավորապես Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղին, այնուամենայնիվ ապաշրջափակումը թույլ կտա Հայաստանին Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով՝ Ռուսաստանի հետ։

Այս ամենը կարող է գործել նաև առանց խաղաղության պայմանագրի, քանզի վերջինիս ընդունումը գոնե Հայաստանում քաղաքական խոչընդոտների է հանդիպում։ Հետևաբար այս առումով տարօրինակ էր Հայաստանի ընդդիմության կողմից TRIPP նախագծի օգտին քվեարկելը խաղաղության համաձայնագրով պայմանավորելը, նամանավանդ, որ նրանք գտնում են, որ վերջինս չի բխում Հայաստանի շահերից։

Խաղաղության պայմանագրի ստորագրումը և երկու երկրների միջև գործնական խաղաղ հարաբերությունների հաստատումը նույնական գործընթացներ չեն։ Պայմանագրի ստորագրումը կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սակայն դրա բացակայությունը ինքնաբերաբար չի նշանակում, որ անհնար են սահմանային կայունության ապահովումը, հաղորդակցությունների բացումը, տնտեսական կապերի զարգացումն ու փոխշահավետ համագործակցությունը։ Հետևաբար կարևոր է ոչ միայն պայմանագրի ստորագրման փաստը, այլև այն, թե ինչպիսի հարաբերություններ է այն նախատեսում ձևավորել և արդյոք դրա շուրջ առաջադրվող լրացուցիչ պայմանները չեն ստեղծում նոր խոչընդոտներ։

ԽՍՀՄ փլուզման պահի իրողություններին վերադառնալն արտացոլված է ոչ միայն նախաստորագրված հայ-ադրբեջանական փաստաթղթի հոդվածներում, այլ նաև Ադրբեջանի՝ խորհրդային տարիներին Հայաստանում բնակված ադրբեջանցիների իրենց նախկին բնակավայրեր վերադարձի մասին բարձրացվող հարցով։ Չգիտես ինչու, սակայն մոռացվում է, որ խորհրդային տարիներին Ադրբեջանի տարբեր բնակավայրերում՝ Բաքվի, Սումգայիթի, Շիրվանի, Գանձակի նման քաղաքներից մինչև տարբեր գյուղական շրջաններ հայկական հոծ բնակչություն կար, իսկ Լեռնային Ղարաբաղի հայերը որպես ինքանավար մարզ էին կազմակերպված Ադրբեջանի տարածքում։ Հետևաբար խորհրդային իրողություններին վերադարձը, Հայաստանից երբևէ հեռացած ադրբեջանցիների կամ նրանց զավակաների վերադարձի պահանջին ի հակառակ պետք է դրվի Ադրբեջան հայերի վերադարձի, Լեռնային Ղարաբաղում հայկական ինքնավարության վերականգնման հարցեր։ 

Այսպիսով, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում դրվում է Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանների և իրավաքաղաքական իրողությունների ճանաչումը, ապա այդ մոտեցումը պետք է լինի ամբողջական և հետևողական։ Այն չի կարող կիրառվել ընտրողաբար՝ հաշվի առնելով միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու քաղաքական պահանջներին վերաբերող հանգամանքները։ Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիների հեռանալու հանգամանքը չի կարող դիտարկվել խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի բռնի տեղահանման պատմությունից անկախ, ինչպես որ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ լինելու փաստը չի կարող շրջանցվել՝ խոսելով միայն խորհրդային վարչական սահմանների ժառանգության մասին։

Սա, անշուշտ, չի նշանակում, որ բոլոր պատմական խնդիրները պետք է մեխանիկորեն վերածվեն խաղաղության պայմանագրի նախապայմանների։ Սակայն եթե Ադրբեջանը ցանկանում է անցյալի իրողությունները դարձնել ներկա քաղաքական պահանջների հիմնավորում, Հայաստանը նույնպես պետք է հստակ ձևակերպի այդ նույն անցյալից բխող իր հարցադրումները։ Հակառակ դեպքում խաղաղության գործընթացը կարող է վերածվել միակողմանի զիջումների և պահանջների բավարարման գործընթացի, որտեղ պատմական արդարության, տեղահանված բնակչության իրավունքների և տարածաշրջանում երկարաժամկետ կայունության սկզբունքները կիրառվում են ընտրողաբար։

Ի վերջո, խաղաղությունը չի կարող կառուցվել միայն այն պայմանների ընդունմամբ, որոնք առաջադրում է կողմերից մեկը։ Այն ենթադրում է փոխադարձ պարտավորություններ, իրավունքների ճանաչում և անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք թույլ չեն տա, որ այսօրվա համաձայնությունները վաղը դառնան նոր պահանջների ու ճնշումների հիմք։

Եվ որպես գլխավոր եզրահանգում․ այս բոլոր գործընթացներն ու փաստաթղթերը նախաձեռնում է Ադրբեջանը, Հայաստանը կամ հերթականությամբ կատարում է  նրա պահանջները, լավագույն դեպքում փորձում է արձագանքել դրանց։

Հայաստանն ինքը պետք է մշակի տարածաշրջանային քաղաքականության, դրա մեջ սեփական դերի օրակարգը և փորձի այն առաջ տանել։ Հակառակ դեպքում կանգնելու ենք ուրիշների օրակարգերի մաս դառնալու հեռանկարի առջևի, իսկ որ ամենավտանգավորն է, թույլ ենք տալու, որ Հայաստանի ու նրա ժողովրդի ներսում օտարերկրյա պետությունների կողմից իրականացվի սոցիալական ինժեներիա՝ պատմության վերաիմաստավորման, կեղծ թեզերի առաջմղման, դիմադրողականության թուլացման և այլ  հայտնի ձևերով։ 

Հայկ Խանումյան