
Step1.am-ի հարցերին պատասխանել է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
–Տիկին Ալավերդյան, կենսաչափական անձնագրերում արցախցիների ծննդավայրի դիմաց նշվում է «Ադրբեջան»։ Թեև իշխանությունները փորձեցին ներկայացնել, թե կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի դիմաց երկրի անվան նշումը պայմանավորված է ICAO-ի միջազգային չափորոշիչներով և ISO 3166 ստանդարտով, սակայն պարզվեց, որ միջազգային նման կարգավորում չկա։ Ինչպե՞ս եք գնահատում սա։
-Մենք պետք է դիտարկենք պատճառը, սա հետևանքն է։ Երբ Հայաատսանի իշխանության կողմից Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է որպես «Ադրբեջանի մաս», վերջ, դրանով արդեն Հայաստանը կանխատեսել և նախատեսել է, թե ինչ քայլեր պետք է անի հետագայում։ Նախկիններին միշտ մեղադրում են նրա մեջ, որ չեն ճանաչել Արցախը դե յուրե, բայց նախկինները ճանաչել են դե ֆակտո։ Երբ տվել են միասնական քաղաքացիություն, դրանով հստակեցվել է, որ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարվում է մինչ այդ ընդունված բոլոր օրենքներով, Սահմանադրությամբ և Մինսկի խմբի ընթացող բանակցություններով։ Հայաստանի Հանրապետության անձանգիրը տվել են արցախցիներին, բայց որոշել են նշել Արցախում բնակվելու վայրը։ Այսինքն՝ նրանք ճանաչվել են արցախցիների ինքնորոշման իրավունքը։ Եվ դրա շուրջ են եղել Մինսկի խմբի բանակցությունները։
Այս իշխանությունները 2022 թվականի հոկտեմբերից հետո ամբողջովին մերժել են թե այդ դե ֆակտո ճանաչումը, թե 1992 թվականի հուլիսին Գերագույն խորհրդի կողմից ընդունված որոշումը, որում նշվում է՝ «Հայաստանի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»։
Հիմա մենք արդեն ճաշակում ենք այս իշխանության քաղաքականության պտուղները։ ՀՀ քաղաքացիները կարծես թե մարսեցին այդ անօրինական, հակաիրավակն ու հակապատմական հայտարարությունը և Ադրբեջանի կողմից օկուպացիան։ Թեկուզ Հայաստանի իշխանությունը չի շնորհավորել Ադրբեջանին «տարածքային ամբողջականության վերականգման» համար, բայց նպաստել է դրան։
Արցախցիների անձնագրերում այլևս չեն գրում արցախցիների բնակության հասցեն, որովհտև Հայաստանում նոր ընդունված օրենքն ասում է՝ ոչ թե պետք է գրես կոնկերտ ծննդավայրը, այլ պետք է գրես, թե որ ճանաչված պետությանն է պատկանում այդ բնակավայրը։ Եվ քանի որ Հայաստանի օրվա իշխանությունն անօրինական ու հակաիրավական, հակապատմական որոշում է ընդունել և Լեռնային Ղարաբաղն ամբողջովին ճանաչել է Արդբեջանի կազմում, ինքն ուրիշ ելք չունի, չի կարող դա չանել։ Այլ հարց է, թե արդյոք դրանով արցախցիների իրավունքներն ու արժանապտվությունը ոտնահարվո՞ւմ են։ Այո, ոտնահարվում են, բայց, կրկնում եմ, դա հետևանք է այն ամենի, ինչ տեղի է ունեցել 2022 թվականից։
-Իսկ ի՞նչ գործողություններ կարող են անել արցախցիները, որպեսզի պաշտպանեն իրենց իրավունքները։
-Ես տարիներ շարունակ ասել եմ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը չի ճանաչվել, այսինքն՝ չի ունեցել արտաքին լեգալ ճանաչում, պետք է անընդհատ օգտվեր իր մասնակի միջազգային իրավական սուբյեկտայնությունից։ Պետք է անընդհատ դիմեր ՄԱԿ-ին, իսկ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ կան այդպիսի հոդվածներ, որոնք ցույց են տալիս, որ առանձնահատուկ դեպքերում կարող են դիմել ՄԱԿ-ին։ Բայց Արցախի իշխանությունները դա չեն արել, որովհետև ամբողջովին վստահել են, որ ՀՀ-ն՝ որպես երաշխավոր և բանակցային կողմ, կկարողանա իր շահերն ու իրավունքները ներկայացնել միջազգային ատյաններում։
Հիմա ես կրկնում եմ նույնը՝ այ հիմա, երբ ԼՂՀ տարածքը օկուպացված է, երբ բռնի տեղահանված է արցահայությունը, Արցախի Ազգային ժողովը, գործադիր մարմնի պաշտոնյաները, օրինակ, պետնխարարը պետք է շարունակ դիմեն միջազգային ատյաններ։ Առաջին հերթին պետք է իրենց անհամաձայնությունը հայտեն այն իրավիճակի հետ, որ Ադրբեջանը, բռնի տեղահանելով արցախցիներին, յուրացրել է իրեն չպատկանող տարածքները։ Միջազգային իրավունքում այդ տարածքներն Ադրբեջանին չեն պատկանում։ Քաղաքական ցանկացած հայտարարություն կարելի է անել, բայց միջազգային իրավունքի առումով Արցախի Հանրապետությունը հռչակվել ու կայացել է միջազգային իրավունքով երբևէ Ադրբեջանին չպատականող տարածքներում։
Այսօր էլ ուշ չէ, ավելին, ես միշտ պնդել եմ, որ ՀՀ իրավապաշտպան և իրավաբանական համայնքի ներկայացուցիչները պետք է ստեղծեն միասնական մի հարթակ, որտեղից կհնչեցնեն իսկական Հայաստանի ձայնը։ Եվ, այո, օգտվելով բոլոր այն խողովակներից, որոնք տրամադրում են ՄԱԿ-ը, որն ունի ԵԽ-ն և ԵՄ-ն, անպայման այդ խողովակներով պետք է դիմել և մերժել այս վիճակը, որն ուզում են լեգիտիմացնել։
Վերջերս, երբ տեղի է ուենցել ՄԱԿ-ի և Իսլամական համագործակցության կազմակերպության նիստը, որտեղ պետք է ստորագրվեր համագործակցության մի փաստաթուղթ, Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը և մի շարք այլ պետություններ փորձել են լեգիտիամցնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ հենց այդ զավթիչ պետությունների կողմից։ Դրա համար ես ասում եմ՝ չի ավարտվել այս գործընթացը, այսինքն՝ դեռ վերջին մեխը խփած չէ։ Ինչո՞ւ մենք չենք պայքարում։
Տարօրինակ իրավիճակ է՝ Շվեյցարիան, Ֆրանսիայում Նիցցան Արցախի հարցը չեն համարում փակված, իսկ ՀՀ իշխանությունը համարում է փակված։ Դա նշանակում է՝ այն, ինչ չի անում իշխանությունը, պետք է անեն փորձագիտական, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, Սփյուռքը։ Մենք այսօր պետք է կարողանանք անել այն, ինչ չենք արել ժամանակին՝ ավելի հստակ համագործակցելով Սփյուռքում ունակ ուժերի հետ, որոնք այս բոլոր մոտեցումներն ու բողոքները կարող են պատշաճ հասցնել միջազգային հարթակներում պատկան մարմիններին։
-Արցախցիները հայտարարել են, որ դատական կարգով կվիճարկեն անձնագրերում ծննդավայրի նշման դեպքերը։ Հնարավո՞ր է այս եղանակով ինչ-որ արդյունքի հասնել։
-Հայաստանյան դատարաններն ասելու են այն, ինչ ես նշեցի։ Ասելու են, որ «ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս» և հիմնվելու են դրա վրա։ Իրենք չեն դիտարկելու այս ակտի օրինականությունը։ Դրա համար եմ ես շեշտում, որ այս հարցը ոչ թե պատճառի մասին է, այլ հետևանքների։ Այսինքն՝ մենք խոսում ենք ծանրագույն հետևանքների մասին։
Ռոզա Հովհաննիսյան