Վահե Գասպարյան․ հնարավոր է երկու սցենար

Step1.am-ի հետ զրույցում հասարակական գործիչ Վահե Գասպարյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական զարգացումներին և դրանց համատեքստում Հայաստանի համար ստեղծվելիք հնարավորություններին։

«Գարեգին Նժդեհը ասում էր՝ ցանկացած միջազգային պայմանագիր գործում է այնքան ժամանակ, քանի դեռ գործում են դրա ծնվելու, ստորագրվելու պատճառ դարձած միջազգային պայմանները։ Դա վերաբերում է և մեզ՝ հայերիս․ ստեղծվեցին նպաստավոր միջազգային արտաքին պայմաններ, քանդվեց ռուսական կայսրությունը, քանդվեց Օսմանյան կայսրությունը, Հայաստանը, Անտանտի երկրների դաշնակիցը հանդիսանալով, դարձավ հաղթող երկրների խմբի անդամ, և ծնվեցին Սևրի պայմանագիրն ու Վիլսոնյան իրավարար վճիռը։ Երկու տարի հետո կտրուկ փոխվեցին միջազգային պայմանները․ արևմուտքը մեր տարածաշրջանից հեռացավ, ռուսական կայսրությունը վերականգնվեց՝ ի դեմս բոլշևիկյան Ռուսաստանի, որը քեմալական Թուրքիայի հետ միասին դաշնակցային հարաբերություններ ստեղծեց։ Եվ ծնվեցին համապատասխան նոր պայմանների համար տրամաբանական Մոսկվայի և Կարսի պայմանագրերը»,- ասաց նա։

Ըստ Վահե Գասպարյանի՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, հետևյալն է․ կոտրվում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի համար հիմք հանդիսացած միջազգային պայմանները, և ստեղծվելիք նոր միջազգային պայմանները թելադրելու են նոր պայմանագրեր։

«Ռուսաստանը թուլանում է և կանգնած է տրոհման, մասնատման եզրին, Իրանի բռնապետական ռեժիմը կանգնած է տրոհման եզրին, և Պուտինյան չեկիստական ռեժիմի՝ կայսրության տապալումից և Իրանի ազատագրումից հետո ստեղծվելու են որակապես այլ միջազգային պայմաններ, որոնք թելադրելու են նոր պայմանագրեր, նոր ստատուս քվո և նոր ճարտարապետություն Հարավային Կովկասում, որը կկանխորոշի գալիք տասնամյակների ստատուս քվոն»,- ասաց նա։

Վահե Գասպարյանի խոսքով՝ հնարավոր է երկու սցենար։

Սցենար առաջին՝ արևելք-արևմուտք ճարտարապետություն, հորիզոնական ճարտարապետություն, որը որ նաև կոչվում է «մեծ թուրան», որի մաս կկազմի «Զանգեզուրի միջանցքը»՝ անկախ նրանից, թե դա ինչպես կկոչվի՝ ԹՐԻՓՓ, թե՞ «Զանգեզուրի միջանցք»։ Դա կսպասարկի Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի և Չինաստանի շահերը։ Այդ սցենարը սպասարկում է Նիկոլ Փաշինյանը՝ իր թուրք-ադրբեջանական և Կրեմլի հովանավորներով։ Այո, Կրեմլի, որովհետև պուտինյան Ռուսաստանը, երբ զգա, որ այլևս ի վիճակի չէ վերահսկել և ներկա լինել մեր տարածաշրջանում, Հայաստանն ամբողջությամբ կհանձնի թուրքերին։ Սահմանադրական փոփոխությունները հենց այդ նպատակն են հետապնդում՝ օրինականացնել, Սահմանադրության մակարդակով ամրագրել անօրինական Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով ստեղծված սահմանները և դրանով փակել հայկական հարցը, Վիլսոնյան իրավարար վճռի խնդիրը, դրա մասը հանդիսացող Արցախի հարցը։

Երկրորդ սցենարը՝ ուղղահայաց, ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց ճարտարապետություն, այսինքն՝ հնդեվրոպական ճարտարապետություն՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա ճարտարապետություն, որը պիտի սպասարկի Հայաստանի ազգային շահերը, Արևմուտքի ռազմավարական շահերը, ազատագրված արևմտամետ Իրանի շահերը, Հնդկաստանի շահերը և Իսրայելի, Հունաստանի, այն երկրների շահերը, որոնք դեմ են թուրանին։ Այդ ճարտարապետության համար անհրաժեշտ է, որպեսզի հայ ժողովուրդն իր ակտիվ գործողություններով հետամուտ լինի ազգային իշխանության ձևավորմանը, որը կսպասարկի մեր շահերը, որոնք համընկնում են Արևմուտքի այդ ռազմավարական շահերին։

«Նոյեմբերին ԱՄՆ կոնգրեսում տեղի ունեցած վերջին լսումները, որոնց ժամանակ խոսվեց և Արցախի էթնիկ զտման, և Արցախի շրջափակման, և Նախիջևանի, և Հայոց ցեղասպանության մասին, որտեղ ուղիղ մեղադրանքներ հնչեցին Էրդողանի ու Ալիևի հասցեին, ապացուցում են, որ ԱՄՆ-ն գիտակցում է՝ որոնք են իր շահերը մեր տարածաշրջանում։ Եվ ԱՄՆ-ի ռազմավարական շահերից է բխում հենց այդ ճարտարապետությունը, այլ ոչ թե «մեծ թուրանը», ինչպես շատերը փորձում են ներկայացնել։ Եվ ԱՄՆ-ի շահերից է բխելու Հայաստանում որակապես այլ իշխանություն ունենալը, Իրանի ազատագրումը և այլն։ Սա հասկանալով է, որ մենք պիտի վերլուծենք տեղի ունեցող իրադարձությունները և մեր ճիշտ կանխատեսելով՝ ճիշտ դիրքավորվենք»,- ասաց նա։

«Մարիա Զախարովան ուղիղ տեքստով ասաց՝ ԹՐԻՓՓ-ը կամ հաշվի կառնի Ռուսաստանի և ներկա բռնապետական Իրանի շահերը, կամ դատապարտված է ձախողման։ Այսինքն՝ ռուսներն ասում են՝ կամ մենք կլինենք ԹՐԻՓՓ-ի մասնակից, կամ Թրիփը չի լինի ընդհանրապես։ Իսկ լինել ԹՐԻՓՓ-ի մասնակից նշանակում է վերահսկել ԹՐԻՓՓ ճանապարհը երկաթգծի միջոցով, ՖՍԲ-ի միջոցով, ունենալ Հայաստանում ռազմաբազա, Հայաստանը պահել ԵԱՏՄ-ի մաս և այլն։ Նույն շահերն է հետապնդում բռնապետական Իրանի ներկա ռեժիմը, որը ռուս-թուրքական այդ գիշատիչների դաշնակիցն է և սպասարկում է ռուս-թուրքական շահերը։ Եվ այդ «3+3» երեք ձևաչափը, որը ռուսները, թուրքերը և Իրանը առաջ են մղում, հենց նպատակ ունի պահպանել Մոսկվայի պայմանագրով ստեղծված ստատուս քվոն՝ ռուս-թուրքական ազդեցությունը Հարավային Կովկասում՝ ներկա Իրանի մասնակցությամբ, թույլ չտալով Արևմուտքի մուտքը տարածաշրջան»,- հավելեց նա։

Վահե Գասպարյանի խոսքով՝ հայ ժողովուրդը հիմա պետք է հստակ հասկանալով՝ արդեն հետամուտ լինի նոր որակի իշխանության ստեղծման, որովհետև երբ ստեղծվեն նոր պայմաններ, երբ Մոսկվայի, Իրանի ռեժիմները տապալվեն, դա կլինի հենց այն նպաստավոր պահը, երբ մենք պարտավոր կլինենք երկրում կատարել արմատական փոփոխություններ և ձևավորել ազգային իշխանություն։

Թե որքանո՞վ է հայ ժողովուրդը պատրաստ ազգային իշխանության ձևավորման, հարցին նա պատասխանեց․ «Ես դա տեսնում եմ ժողովրդի հետ շփվելուց, այո, ժողովրդի մի ստվար հատված այդ գծի մեջ է, ազգային մտածողություն ունեցող մարդիկ, ովքեր չեն ուզում կապիտուլյացիայի ենթարկվել, պատրաստ են։ Հայ ժողովրդի պատմության մեջ հայոց երկրի ճակատագիրը միշտ որոշել է որակյալ փոքրամասնությունը, գիտակից փոքրամասնությունը։ Իներտ, անտարբեր մեծամասնությունը միշտ պասիվ դիտորդի դերում է եղել։ Այդպես է եղել և 1918 թվականին՝ Սարդարապատի ժամանակ, և 1991-ին՝ Արցախի առաջին պատերազմի ժամանակ, և այդպես է լինելու նաև հիմա»։

Ռոզա Հովհաննիսյան