FIP.am-ը պարզել է արցախցիների անձնագրերի հետ կապված փաստերը

FIP.am

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց նոր անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» անվանումը նշելը դժգոհություն է առաջացրել արցախցիների շրջանում։

Նոյեմբերի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (ՄՔԾ) այս մոտեցումը հիմնավորել էր միջազգային ստանդարտներով և նախկինում ՀՀ անձնագրերով սահմանահատման ժամանակ առաջացած խնդիրներով։

Մինչդեռ, ինչպես պարզել էր Media.am-ի «Ստուգված է»-ն, անձնագրում որպես ծննդավայր պետության անվանումը նշելու պարտադիր պահանջը բխում է ոչ թե միջազգային ստանդարտներից, այլ ՀՀ օրենսդրությունից, որը փոփոխվել է 2026 թվականի մայիսին։

Նոյեմբերի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն արդեն արձանագրեց, որ միջազգային ստանդարտը թույլ է տալիս որպես ծննդավայր նշել նաև քաղաքը կամ այլ բնակավայր։ Միաժամանակ նախարարը մի շարք հիմնավորումներ ներկայացրեց, թե ինչու Հայաստանը չի ընտրել այդ տարբերակը և հրաժարվել է քաղաքացուն ընտրության հնարավորություն տրամադրելու նախկին կարգավորումից։

Մասնավորապես, Սարգսյանը հղում արեց աշխարհագրական անվանումների միջազգային ստանդարտին, սահմանահատման և վիզաների ստացման հնարավոր խնդիրներին։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նախարարի ներկայացրած հիմնավորումները՝ պարզելու, թե որքանով են դրանք բխում միջազգային կարգավորումներից և պրակտիկայից, և ինչ այլընտրանքներ ուներ Հայաստանը։

Ի՞նչ են իրականում պահանջում միջազգային ստանդարտները

ICAO-ն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունն է, որը ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունն է։ Սահմանում է նաև միջազգային ճամփորդական փաստաթղթերի տեխնիկական չափորոշիչները։

ICAO Doc 9303 փաստաթուղթը սահմանում է մեքենաընթերցվող ճամփորդական փաստաթղթերի ընդհանուր տեխնիկական պահանջները։ ICAO-ն, պարզ ասած, սահմանում է՝ ինչպես պետք է անձնագիրը կազմված լինի։

Ինչ վերաբերում է ISO-ին, ապա այն Ստանդարտացման միջազգային կազմակերպություն է: Ի թիվս բազմաթիվ այլ ստանդարտների՝ սահմանում է պետությունների և դրանց վարչատարածքային միավորների կոդերը։ Մասնավորապես, ISO 3166-ը սահմանում է պետությունների և վարչատարածքային միավորների ստանդարտացված կոդերը։ ISO-ն ապահովում է աշխարհագրական որոշ տվյալների միասնական կոդավորումը։

ICAO 9303 փաստաթուղթը, որը ինչպես արդեն նշեցինք, սահմանում է ճամփորդական փաստաթղթերի ընդհանուր տեխնիկական պահանջները, ընդգծում է, որ ծննդավայրի ներառումը պարտադիր չէ (Inclusion of the place of birth is optional): Եթե այդուհանդերձ պետությունը ներառում է ծննդավայրը, ապա կարող է նշել կամ պետությունը, կամ բնակավայրը, կամ երկուսը միասին։ Այս տարբերակներից որևէ մեկի ընտրությունը ստանդարտի խախտում չէ

Բայց կա մի նրբություն․ եթե ընտրվում է բնակավայրը նշելու տարբերակը, ստանդարտը սահմանում է դրա տառադարձման կամ թարգմանության կանոնները։

Երբ որպես ծննդավայր նշվում է պետությունը, ICAO-ն նախատեսում է համապատասխան եռատառ կոդի կիրառումը, օրինակ՝ բնակավայր՝ Երևան/Yerevan-պետության կոդի օրինակ՝ ARM, բնակավայրը՝  Թբիլիսի / Tbilisi — պետության կոդը՝ GEO: Իսկ նման կոդի բացակայության դեպքում նշվում է պետության ամբողջական անվանումը։

ISO 3166-ը կազմված է երեք հիմնական մասից՝

ISO 3166-1— պետությունների և որոշ տարածքների կոդերը

ISO 3166-2 — Պետությունների վարչատարածքային ստորաբաժանումների կոդերը

ISO 3166-3 — Նախկինում օգտագործված պետությունների անվանումների կոդերը

Ստեփանակե՞րտ, թե՞ «Խանքենդի» 

Արփինե Սարգսյանի պնդմամբ՝ եթե Հայաստանը որպես ծննդավայր նշելու համար ընտրեր ոչ թե պետության, այլ բնակավայրի անվանումը, ապա այդ դեպքում ևս անհրաժեշտ կլիներ առաջնորդվել ISO միջազգային ստանդարտով, որտեղ արցախցիների ակնկալած տեղանունները չկան։ «ISO ստանդարտում Ղարաբաղի մեր հայրենակիցների ակնկալած բնակավայրերի տեղանունները չեք գտնի այն անվանումներով, որով նրանք ցակություն ունեն տեսնելու իրենց անձնագրերում», -ասել է նախարարը։

Մինչդեռ ICAO 9303 փաստաթղթի երրորդ մասի 3.7 կետը բնակավայրի անվանումը նշելու դեպքում ISO 3166 ստանդարտով առաջնորդվելու պահանջ չի սահմանում։ Ինչպես արդեն նշեցինք, համապատասխան եռատառ կոդի կիրառման պահանջը վերաբերում է պետությունը նշելու տարբերակին։

Հատկանշական է այս առումով Մեծ Բրիտանիայի փորձը։

Համաձայն Մեծ Բրիտանիայի անձնագրային ծառայության 2025 թվականի նոյեմբերի 12-ին թարմացված պաշտոնական ուղեցույցի՝ անձնագրում, որպես կանոն, նշվում է միայն անձի ծննդյան բնակավայրը՝ քաղաքը, գյուղը կամ տարածքը, իսկ ծննդյան պետությունը՝ բացառիկ դեպքերում։

Ընդ որում, անձնագրում բնակավայրի անվանումը նշելիս բրիտանական անձնագրային ծառայությունն առաջնորդվում է ոչ թե ISO 3166 ստանդարտով, այլ երկրի արտաքին գործերի գերատեսչության կողմից վարվող աշխարհագրական անվանումների ցանկով։

Այսպիսով, միջազգային ստանդարտը թույլ է տալիս պետություններին որպես ծննդավայր նշել բնակավայրի անվանումը, իսկ Մեծ Բրիտանիայի օրինակը ցույց է տալիս, որ այդ անվանումների ընտրության համար կարող են կիրառվել նաև ազգային մակարդակով սահմանված կարգավորումներ։

«Եթե որոշեինք, որ գնալու ենք նույնիսկ բնակավայրը նշելու ճանապարհով, ապա պետք է առաջնորդվեինք ISO ստանդարտով, իսկ այդ ստանդարտում Ղարաբաղի մեր հայրենակիցների կողմից մատնանշված տեղանունները չեք գտնի այն անվանումներով, որոնք նրանք ցանկություն ունեն տեսնելու իրենց անձնագրերում», -ասում է նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարարի այս հիմնավորումը, ըստ էության, ենթադրում է, որ եթե Հայաստանն անձնագրում որպես ծննդավայր նշելու համար ընտրեր բնակավայրի անվանումը, ապա, օրինակ, Ստեփանակերտի փոխարեն պետք է նշվեր «Խանքենդի»։

ISO 3166-2 ստանդարտում իսկապես կա Xankəndi անվանումը՝ AZ-XA կոդով՝ որպես Ադրբեջանի վարչատարածքային միավոր։

Ընդգծենք՝ ISO-ի գործող՝ 3166-2:2020 ստանդարտը, ըստ պաշտոնական նկարագրության, նախատեսված է պետությունների ներկայիս վարչատարածքային միավորների անվանումները կոդավորված ներկայացնելու համար։

Այո, վարչատարածքային միավորի անվանումը միջազգային դասակարգչում կա, սակայն անձնագրում ծննդավայրը նշելու համար այդ դասակարգչից օգտվելու պարտադիր պահանջ չկա։

ICAO 9303 փաստաթղթի երրորդ մասի 3.7 կետը, որը կարգավորում է անձնագրում ծննդավայրը նշելը, բնակավայրի անվանումը ISO 3166-2 ստանդարտով սահմանված ցանկից ընտրելու պահանջ չի նախատեսում։ Բնակավայրի անվանման դեպքում փաստաթուղթը սահմանում է դրա տառադարձման կամ թարգմանության կանոնները, իսկ համապատասխան եռատառ կոդի կիրառման պահանջը վերաբերում է պետությունը նշելու տարբերակին։

Ավելին՝ նշված դրույթը չի սահմանում, որ անձի ծննդյան պահին բնակավայրի ունեցած անվանումը պետք է փոխարինվի դրա ներկայիս պաշտոնական անվանումով։

Հետևաբար, ISO 3166-2 ստանդարտում «Խանքենդի» անվան առկայությունը չի հիմնավորում այն պնդումը, որ անձնագրում որպես ծննդավայր «Ստեփանակերտ» անվանումը նշելը հակասում է ICAO 9303 փաստաթղթին։

Քաղաքական զգայունությունները՝ միջազգային ստանդարտում

ՆԳ նախարարը նաև ասել է, որ ծննդավայրը նշելու տարբերակն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ տարածքի միջազգային ճանաչումը, քաղաքական զգայունությունները և վիզաների տրամադրման հետ կապված հնարավոր խնդիրները։

ICAO 9303 փաստաթղթի համապատասխան բաժնում իսկապես կա նման դրույթ։ Մասնավորապես, 3.7 կետի ծանոթագրությունում պետություններին խորհուրդ է տրվում ծննդավայրը ներառել-չներառելու վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի առնել քաղաքական զգայունությունները և տվյալ տարածքի ճանաչումն այլ երկրների՝ վիզա տրամադրող մարմինների կողմից (տե՛ս արտապատկերումը՝ վերևում)։

Սակայն խոսքը հանձնարարականի, ոչ թե պարտադիր պահանջի մասին է։ Փաստաթղթում չի սահմանվում նաև, թե քաղաքական զգայունությունների առկայության դեպքում ծննդավայրը նշելու ո՛ր տարբերակը պետք է ընտրի պետությունը։

Ի դեպ, քաղաքական զգայունությունները հաշվի են առնվում նաև Մեծ Բրիտանիայում։ Անձնագրային ծառայության վերոնշյալ ուղեցույցում շեշտվում է, որ պաշտոնական փաստաթղթերում աշխարհագրական անվանումների կիրառումն արտացոլում է Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, իսկ ոչ պաշտոնական կամ քաղաքական առումով զգայուն տեղանունների կիրառումը կարող է դիվանագիտական հետևանքներ ունենալ։

Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիան չի հրաժարվել անձնագրերում որպես ծննդավայր բնակավայրի անվանումը նշելու մոտեցումից։

Կարո՞ղ է քաղաքացին հրաժարվել անձնագրում ծննդավայրը նշելուց

Նոյեմբերի 21-ին Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ կենսաչափական անձնագիր ստանալու համար դիմել է «Հայփասին», միաժամանակ ՆԳՆ-ից պահանջել, որ իր նոր անձնագրում որպես ծննդավայր չնշվի «Ադրբեջան» անվանումը։

Նա նաև տեղեկացրել էր, որ 2024 թվականին ստացած ՀՀ անձնագրում որպես ծննդավայր նշված է Ստեփանակերտը, իսկ նույնականացման քարտում՝ Հայաստանի Հանրապետությունը։

Նոյեմբերի 24-ի ճեպազրույցում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով անձնագրում ծննդավայրի նշումից հրաժարվելու հնարավորությանը, բացառեց․ «Նմանատիպ բան թույլ տալ չենք կարող»՝ հիմնավորելով, որ միջազգային ստանդարտի համաձայն՝ ծննդավայրը նշելու եղանակը պետության, այլ ոչ թե քաղաքացու կամարտահայտության հարց է։

Մինչդեռ միջազգային պրակտիկայում կա նաև այլ մոտեցում։

Մասնավորապես, Կանադայում քաղաքացին անձնագիր ստանալու համար դիմելիս պարտավոր է հայտնել իր ծննդավայրը, սակայն կարող է պահանջել, որ այդ տվյալը չարտացոլվի անձնագրում։

Կանադայի կառավարության պաշտոնական կայքում նույնիսկ առանձին անդրադարձ կա հարցին, թե ինչպես կարելի է հրաժարվել անձնագրում ծննդավայրի նշումից։

Միաժամանակ Կանադայի իշխանությունները քաղաքացիներին նախազգուշացնում են, որ անձնագրում ծննդավայրի մասին նշում չունենալը կարող է հանգեցնել վիզա ստանալու դժվարությունների, սահմանահատման ժամանակ ուշացումների կամ այլ երկիր մուտքի մերժման։ Այդուհանդերձ, եթե քաղաքացին, տեղյակ լինելով հնարավոր հետևանքներին, չի ցանկանում, որ իր ծննդավայրն արտացոլվի անձնագրում, կարող է ներկայացնել համապատասխան դիմում։

Փաստաթուղթը ստորագրելով՝ քաղաքացին հաստատում է, որ տեղեկացված է հնարավոր ռիսկերի մասին։

Այսպիսով, այս դեպքում արդեն Կանադայի օրինակը ցույց է տալիս, որ պետությանը վերապահված՝ անձնագրում ծննդավայրը նշելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը չի բացառում, որ պետությունն իր հերթին ընտրության հնարավորություն տրամադրի քաղաքացուն։

Ի դեպ, նման հնարավոր խնդիրների մասին ևս նոյեմբերի 24-ին խոսեց ՀՀ ՆԳ նախարարը՝ ասելով, որ իրենք «առաջնորդվել են այն միջազգային պրակտիկայով, որոնք կօգնեն, որ մեր քաղաքացիները սահմանահատումների ժամանակ որևէ խնդիր չունենան»։

Նկատենք՝ Հայաստանում ևս մինչև 2026 թվականի մայիսին կատարված օրենսդրական փոփոխությունը, քաղաքացուն վերապահված էր ընտրության որոշակի հնարավորություն։ Անձը կարող էր պետության փոխարեն նշել ծննդյան բնակավայրի անվանումը՝ ծննդյան վկայականում համապատասխան տվյալների առկայության դեպքում։

Հետևաբար, Հայաստանում այդ հնարավորության վերացումը և ծննդավայրը պետության անվանումը պարտադիր նշելը ներպետական օրենսդրական ընտրություն են։ Միջազգային պրակտիկան վկայում է, որ հնարավոր են նաև այլ կարգավորումներ՝ քաղաքացիներին նախապես իրազեկելով դրանց հետ կապված սահմանային և վիզային ռիսկերի մասին։

Այսպիսով, միջազգային ստանդարտները պետություններին հնարավորություն են տալիս ընտրելու անձնագրում ծննդավայրի ներկայացման տարբերակը՝ հաշվի առնելով նաև քաղաքական զգայունություններն ու սահմանահատման հնարավոր ռիսկերը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ ռիսկերի առկայությունը չի բացառում ո՛չ որպես ծննդավայր բնակավայրի անվանումը նշելը, ո՛չ էլ քաղաքացուն ընտրության հնարավորություն տրամադրելը։

Հայաստանում ծննդյան վայրը պետության անվանումը պարտադիր նշելը և նախկինում քաղաքացուն վերապահված ընտրության հնարավորության վերացումը ներպետական օրենսդրական որոշման արդյունք են։ Մեր ուսումնասիրած միջազգային ստանդարտներում նման փոփոխություն կատարելու պարտադիր պահանջ չի սահմանվում։

Այս հարցերի առնչությամբ «Փաստերի ստուգման հարթակը» հարցում է ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարարություն։ Նախարարության պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։

Հասմիկ Համբարձումյան