Զախարովան ասել է, որ “ժամանակը չէ քննարկել” “Զանգեզուրի” պատկանելիությունը

  • 14:13 27.09.2023

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ծավալուն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիեւի հավակնությունները Սյունիքի հանդեպ եւ նրա պնդումները, թե Խորհրդային Միությունը «Զանգեզուրը տվել է Հայաստանին»։

Նրա խոսքով՝ այժմ ժամանակը չէ մեկնաբանելու պատմությունը՝ տեղերում իրավիճակի դինամիկ զարգացումը հաշվի առնելով։ «Այժմ իրավիճակը դինամիկ զարգանում է, եւ այն պահանջում է ավելի շատ օպերատիվ մեկնաբանություններ, քան դա պահանջում է պատմությունը»,- նշել է նա։

Զախարովան հայտնել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Նրանք կառաջնորդվեն այդ սկզբունքով իրենց գործողություններում։ Այս մասին կողմերը հայտարարել են։ Ռուսական կողմը շահագրգռված է Անդրկովկասում կայուն իրավիճակով, նա հանդես է գալիս բոլոր վիճելի հարցերը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին։ Ընդ որում, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մեզ դաշնակից երկրներ են։ Երեւանի հետ մեզ կապում են պարտավորություններն անվտանգության ոլորտում ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում։ Բաքվի հետ հաջողությամբ իրականացվում է դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը։

Ինչ վերաբերում է  տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային,  այդ հարցը ամենամանրակրկիտ ձեւով դիտարկվում է եռակողմ աշխատանքային խմբի գծով՝ ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ։

Մենք համոզված ենք, որ հենց այս ձեւաչափով կարող է եւ պետք է գտնվի փոխընդունելի որոշումը, որը կերաշխավորի երկրներից յուրաքանչյուրի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը այն երթուղիների հանդեպ, որոնք անցնում են նրա ազգային տարածքով։ Նման պայմանավորվածությունները՝ հիմնված շահերի հավասարակշռության վրա, օգուտ կբերեն ինչպես տարածաշրջանի պետություններին, այնպես էլ նրանց հարեւաններին, ներառյալ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը»,-  նշել է նա։