Պեսկովը խոստովանել է, որ Արցախը Ադրբեջան չէ

  • 14:01 30.09.2023

«Հիմա դժվար թե որևէ մեկը պատասխանի այս հարցին, քանի որ այժմ խոսքը գնում է առաքելության մասին, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Դա կդառնա ադրբեջանական կողմի հետ բանակցությունների առարկա», – ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը՝ պատասխանելով ռուսական խաղաղապահ առաքելության ճակատագրի մասին հարցին՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործունեությունը հունվարի 1-ին դադարեցվելուց հետո»։

Պարզվում է, որ մինչ այժմ առաքելությունը չի գտնվել Ադրբեջանի տարածքում։ Իսկ ո՞ւմ տարածքում է գտնվել։ Հայաստանի? Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է Հայաստանի վարչապետի հետ, ինչը նշանակում է, որ Մոսկվան Արցախը համարում էր Հայաստանի տարածք։ Հակառակ դեպքում, ի՞նչ իրավունքով Փաշինյանը փաստաթուղթ կստորագրեր մի տարածքի վերաբերյալ, որի վրա իր իրավասությունը չի տարածվում։

Արցախում վերջերս նշանակված ռուսական զորախմբի հրամանատարն, ի դեպ, այցելել է Երևան և հանդիպել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ՝ որպես ռուսական զորախմբի տեղակայման մանդատ տվող կողմի։ Պատերազմից ընդամենը մի երկու օր առաջ է եղել։ Այսինքն՝ այն ժամանակ Արցախը Հայաստանի տարածքն էր։

Այն, որ Արցախը Ադրբեջան չէ, վկայում են նաև Պուտինի արձագանքները, որը վկայակոչում է բացառապես մեկ տարի առաջ Պրահայում արած Փաշինյանի հայտարարությանը։ Սա նշանակում է, որ մեկ տարի՝ Փաշինյանի հայտարարությունից առաջ, Պուտինը Արցախը չէր ընկալում որպես «Ադրբեջանի մաս»։

Առաջանում է հետևյալ տրամաբանական շղթան. 2020 թվականին ռուս խաղաղապահները մանդատ ստացան Փաշինյանից (Ալիևը մանդատի մասին համաձայնագիր չի ստորագրել՝ հասկանալով, որ դա իր իրավասության ոլորտը չէ), քանի որ Արցախը գտնվում է Հայաստանի իրավասության ներքո։ Ռուսական «խաղաղապահության» 3 տարիների ընթացքում Մոսկվան ամեն ինչ արել է իրավասությունը փոխելու համար, և այժմ Պեսկովն ասում է, որ իրենք հարցեր են քննարկելու Բաքվի հետ։

Այսինքն՝ ռուս խաղաղապահները 3 տարում Հայաստանից բռնակցեցին Արցախը և հանձնեցին Ադրբեջանի իրավասությանը։ Կամ մտածում են, որ հանձնեցին: