Արցախում ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանումից հետո ռուս խաղաղապահները, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 10-ին, առանց միջազգային մանդատի և միայն Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ, տեղակայվեցին Արցախում, շարունակում են այնտեղ գտնվել առ այսօր։ Երեկ նրանք կատարեցին իրենց հերթական դավաճանությունը՝ հենց Ստեփանակերտի օդանավակայանի ռուս խաղաղապահների բազայից ապօրինի ձերբակալվեցին Արցախի նախկին նախագահներն ու խորհրդարանի նախագահը։ Նախկինում ռուսները նույն կերպ հանձնել էին Ռուբեն Վարդանյանին և մի շարք այլ անձանց։
Արցախում ռուսական զորքերի մանդատը մինչ օրս հիմնված է բացառապես եռակողմ հայտարարության տակ դրված Փաշինյանի ստորագրության վրա։ Ալիեւը, հիշեցնենք, ռուսներին մանդատ չի տվել.։Չնայած Արայիկ Հարությունյանի «խնդրանքներին», ՄԱԿ-ը նույնպես Ռուսաստանին միջազգային մանդատ չտրամադրեց, թեև Արցախում ռուսական ներկայությանը որեւէ կերպ չվիճարկեց։ Այժմ նրանք Արցախում են՝ նոր առաքելությամբ։
Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչը երեսպաշտորեն հայտարարում է, որ «պետք է խոսել նաև ռուս խաղաղապահների անգործության մասին»։ «Լեռնային Ղարաբաղում հայ չի մնացել. Չեմ պատկերացնում, թե ում անվտանգությունը կապահովեն ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով, որ 10 ամիս և մինչ այդ նրանք անգործություն են դրսևորել և չեն կարողացել պատշաճ մակարդակով կատարել իրենց գործառույթները»,- ասաց ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Աշխարհում զարմանալի կոնսենսուս կա Արցախում ռուսական ներկայության և նրանց «առաքելության» առնչությամբ։
Վերջերս Ստեփանակերտ այցելած «ՄԱԿ առաքելությունը» հայտարարեց, որ այնտեղ ամեն ինչ լավ է, և ոչինչ չասաց ռուսական ներկայության անթույլատրելիության, անօրինականության կամ ժամկետանց լինելու մասին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստում միայն Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչներն են մատնանշել Ռուսաստանի դերը Արցախում տեղի ունեցած իրադարձություններում։
Մեկնաբանելով Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Պատելը նշել է, որ «չի ցանկանում շահարկումներ անել» այս թեմայով։ «Իհարկե, նման ներկայությունը դեռևս մտահոգություն է առաջացնում։ Սակայն Միացյալ Նահանգները պատրաստվում է շարունակել կենտրոնանալ այս հարցում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ բանակցություններոմ ներգրավվելու վրա և անել ամեն ինչ, որպեսզի շարունակենք աջակցել արժանապատիվ և տեւական խաղաղությանը», – ասել է նա:
«Երկու շաբաթվա ընթացքում դուք Լեռնային Ղարաբաղից ընդունեցիք ավելի քան 100 հազար բնակիչների, ովքեր ստիպված էին լքել իրենց պատմական տարածքները՝ Ռուսաստանի մեղսակցության և Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով։ Պետք է հիշել նաև ապօրինի շրջափակման 9 ամիսները։ Ապօրինիէ, քանի որ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարին պահանջել է բացել տարածքը», – Երեւանում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։
Ռուսաստանի կողմից «դեպի Արևմուտք թեքվելու» մեջ մեղադրվող Փաշինյանը, նույնիսկ Արցախի հայերի բռնագաղթից և ռուսների կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջանին հանձնելուց հետո չի հրաժարվում իր ստորագրությունից եռակողմ հայտարարության տակ և պահպանում է ռուսների ներկայությունը Արցախում։ Ինչի՞ համար։
Ռուսները դեռ պետք է «ալբանացնեն» Արցախի հայկական եկեղեցիները, հող նախապատրաստեն «հայկական փոքրամասնության» կյանքի համար՝ ինչպես ասել է Լավրովը, «ադրբեջանական օրենսդրության» շրջանակներում, Արցախի բնակիչների տները «անձեռնմխելի» պահպանեն», որպեսզի հարմար պահին նույն կերպ բռնի «վերադարձ» իրականացնեն դեպի գետտո։ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ, և գուցե միջազգային մանդատով։ Չէ որ մինչ հիմա ամեն ինչ ճիշտ են անում, կարելի է նաեւ մանդատ տալ։
Հակառակ դեպքում ինչի՞ն է պետք Արցախում ռուսական կոնտինգենտը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: