ՌԴ-ից պատվիրակության այցի վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն չունի

  • 15:14 06.10.2023

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ռուսական ՏԱՍՍ գործակալության տարածած լուրը, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակություն է այցելելու Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման ժամկետները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, որ ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղյակ չէ։

«ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունի և նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ»,- նշեց Թորոսյանը։

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրի, գրել է, որ հոկտեմբերի 6-ին ՌԴ ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահ զորակազմը դուրս բերելու ժամկետները։