Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների հանցագործությունները պետք է փաստաթղթավորվեն, որպեսզի ապացուցողական հիմքերն ուժեղ լինեն։ Պատգամավորի խոսքով՝ դա իրենց հնարավորություն կտա այդ ամենի մասին բարձրաձայնել և գործուն հակաքայլեր կիրառել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ֆրանսիացի պատգամավորն այդ մասին ասել է Գորիսում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ հանդիպման ժամանակ։
«Ճիշտ է, բազմաթիվ ֆրանսահայեր այս օրերին մեզ ներկայացնում են տեսանյութեր, որոնցում, իրենց հավաստմամբ, ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում կատարում են հանցագործություններ խաղաղ բնակչության նկատմամբ, բայցևայնպես շատ կարևոր է, որ այդ դրվագները փաստաթղթավորվեն, այսինքն՝ նշվի, թե կոնկրետ երբ և որ բնակավայրում են կատարվել հանցագործությունները, որպեսզի ապացուցողական հիմքը լինի բավականին ուժեղ և մեզ օգնի այդ ամենի մասին բարձրաձայնել և գործուն հակաքայլեր կիրառել»,- ասաց Անն-Լորանս Պետելը։
Նրա խոսքով՝ շատ կարևոր իրողություն է այն, որ Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը՝ միանալով Միջազգային քրեական դատարանին։ «Հիմա ավելի կհեշտանա Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների անկախ քննությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ճիշտ գնահատել իրավիճակն ու անմիջականորեն արձագանքել պատերազմական հանցագործություններին։ Եթե բոլոր դրվագները հավուր պատշաճի փաստաթղթավորվեն, հանցագործները վաղ թե ուշ պատասխան կտան՝ կանգնելով արդարադատության առջև։ Եթե անգամ նրանք չգտնվեն իրենց հայրենիքում, այլ արտասահմանում, ապա Հռոմի ստատուտը ստորագրած երկրներն անպայման իրենց տարածքներում գտնվող հանցագործներին կձերբակալեն ու կհանձնեն Միջազգային քրեական դատարանին»,- ասաց Պետելը։
Նա վստահեցրեց, որ Ֆրանսիայի ու ԵՄ շատ երկրների համար այս պահին առաջանահերթություն է Հայաստանի սահմանների անվտանգությունը, նրա տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ուստի ֆրանսիացի պատգամավորները փորձում են եվրոպական երկրների գործընկերներին դրդել, որպեսզի ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն Հայաստանին, լինեն նրա կողքին այս դժվար պահին։
Անդրադառնալով բռնի տեղահանվածներին հուզող կարևոր հարցին, որն առնչվում է հայ ռազմագերիների հայրենադարձմանն ու Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչների ձերբակալություններին՝ Պետելը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի խորհրդարանում այդ առթիվ տեղի է ունեցել քննարկում։
«Եվրոպական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ նույնպես կայացել է հանդիպում, որի ընթացում նա խնդրել է իրեն տրամադրել բոլոր ռազմագերիների և ձերբակալված պաշտոնյաների ցուցակը, որպեսզի մոտ ապագայում այդ կապակցությամբ կազմակերպեն քննարկում»,-նշեց ֆրանսիացի պատգամավորը։
«Հայաստանի ընկերներ» խմբի անդամ, «Ավելի ընդգրկուն Եվրոպա» ծրագրի ղեկավար Մարի Դյումուլենն իր հերթին նշեց, որ բացի իրավիճակին ծանոթանալուց, իրենք ունեն ևս մեկ նպատակ՝ հասկանալ, թե արդյոք կա՞ Լեռնային Ղարաբաղի հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսություն սկսելու և տեղում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորություն։
«Խաղաղապահների վերաբերյալ խոսելն անշուշտ դեռ վաղ է, մեզ համար առաջնային մտահոգության առիթ է Հայաստանի անվտանգությունը։ Միջազգային հանրությունը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի Հայաստանի և ղարաբաղցիների անվտանգությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել տեղահանվածների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»,- ասաց Դյումուլենը
«Հայաստանի ընկերներ» խմբի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ իրենք վերադառնալուն պես ավելի լավ պատկերացում կունենան և իրազեկված կլինեն բռնի տեղահանվածների կարիքների ու սպասումների վերաբերյալ և կփորձեն կոնկրետ քայլերով նպաստել, որպեսզի վիճահարույց հարցերին տրվեն որոշակի լուծումներ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: