Արցախից բռնի տեղահանված անձանց թոշակներն ու նպաստները կվճարվեն․ կառավարությունը որոշում ընդունեց

  • 12:44 09.11.2023

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց օրենքի նախագիծ, ըստ որի՝ Արցախից բռնի տեղահանված անձանց թոշակներն ու նպաստները Հայաստանում կվճարվեն։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության նիստում ներկայացրեց նախագիծը․ «Մենք կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու որոշում կայացրինք։  Եվ այդպիսով, օրենքի ուժով նրանք արդեն ունեն կենսաթոշակի եւ նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին։ Այսինքն՝ անկախ այն հանգամանքից՝ իրենք Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ կամ նպաստ ստացել են, թե չէ, ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում իրավունք ունեն ստանալու կենսաթոշակ եւ նպաստ»։ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թվում շուրջ 15 հազար թոշակառու կա։

Նախարարի խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել «Նպաստների եւ կենսաթոշակների մասին» օրենքներում կատարել որոշակի փոփոխություններ՝ ամրագրելով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար կենսաթոշակի իրացման իրավունքի իրացման առանձնահատկությունները կառավարության կողմից սահմանելու լիազորությունները: Ըստ նախարարի՝ կստեղծվի նաեւ էլեկտրոնային հարթակ, եւ բոլոր այն անձինք, որոնք ԼՂ-ում արդեն ստացած են եղել այդ իրավունքը, ինքնաշխատ տարբերակով դա կընդունեն ի գիտություն, եւ ՀՀ կառավարությունը կսկսի այդ իրավունքը իրացնել: Իսկ բռնի տեղահանված այն անձինք, որոնք այստեղ են ստանալու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք,  այստեղ գործող չափանիշներով կգնահատեն եւ  կնշանակեն կենսաթոշակ կամ նպաստ։

«Երբ որ հարթակը կգործարկվի, մեր հայրենակիցներն արդեն կարող են դիմել կենսաթոշակի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մայրության նպաստի, խնամքի նպաստի եւ մյուս կենսաթոշակների համար։ Նշանակումը կատարելուց հետո նրանք կարող են ստանալ գումարը։ Մի շատ կարեւոր արձանագրում՝ անհրաժեշտ է, որ իրենք գրանցված լինեն Հայաստանի որեւիցե հասցեում։ Այսինքն՝  սա չպետք է շփոթել հաշվառման ու քաղաքացիության հետ, շատ կարեւոր է, որ որեւէ հասցեում անպայման գրանցված լինեն։ Դիմումների համար կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ»,- հավելեց նա։

Նարեկ Մկրտչյանն ասաց՝ քանի որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը հոկտեմբերի 26-ին է սահմանվել, թոշակները կհաշվարկվեն հոկտեմբերի 28-ից սկսած։