Ներկայացնում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող այն իրավական ակտերը, որոնք հիմք են տալիս պնդելու, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հրադադարի պայմանավորվածություն, այն կնքվել է սպառնալիքի տակ և չունի միջազգային իրավական պայմանագրին բնորոշ հատկանիշներ։ Այսպես․
— 1918թ. հունիս-հուլիս ամիսներին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն հասկացությունը ձևավորվելիս, Արցախը եղել է անկախ վարչա-քաղաքական տարածք, ինչը հռչակվել է 1918 թ. հուլիսի 22-ին Շուշիում, Արցախահայության անդրանիկ համագումարում (ԱՀՀ) և ունեցել է իր Ազգային Խորհուրդը, ժողովրդական կառավարությունը և զինված ուժերը:
Ազգերի Լիգայի կողմից Ղարաբաղը ճանաչվել է որպես վիճելի տարածք, այն չի ճանաչվել որպես Ադրբեջանի տարածք:
— 1919 թ. օգոստոսի 22-ին, թուրք-ադրբեջանական սպառնալիքների տակ, ԱՀ 7-րդ համագումարը հաշտության պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես ընդգրկվում էր Ադրբեջանի իրավասության տակ՝ մինչև նրա վերջնական կարգավիճակը կորոշվեր Փարիզի Խաղաղության վեհաժողովում, այն պայմանով, որ ադրբեջանական զինված ուժերը մուտք չեն գործի Արցախ։
— Սակայն, 1920 թ. մարտի 22-ի գիշերը, թուրք-ադրբեջանական ուժերը ներխուժել են մայրաքաղաք Շուշի, որն այդ ժամանակ ուներ 60.000 բնակչություն (որի 78 տոկոսը հայեր էին), ավերել և հրդեհել են այն, որի ընթացքում զոհվել են 35 000 արցախահայեր կամ Արցախի բնակչության մոտ 20 %-ը։
— Ապրիլի 22-ին Թաղվարդ գյուղում 9-րդ ԱՀՀ-ն չեղյալ է հայտարարել Ադրբեջանի հետ պայմանագիրը և Լեռնային Ղարաբաղը հռչակել է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը, ինչը հաստատվել է նաև 1920թ. ապրիլի 25-ին Ազգային խորհրդի որոշմամբ։ Ու երբ ապրիլի 28-ին, 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ խորհրդայնացվեց Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն արդեն Ադրբեջանի կազմում չէր:
—1920թ․ մայիսի 23-ին Հայոց խորհրդարանն ընդունում է «Հայաստանի ներկայ տերիտորիայի չորս նահանգների սահմանների մասին» օրէնքը, համաձայն որի Հայաստանի չորս նահանգների սահմանները գծվել են հետեւեալ կերպ․
1. Արարատեան նահանգ: Սրա մէջ մտնում են Երեւանի, Սուրմալուի, Նոր Բայազետի, Դարալագեազի, Շարուրի եւ Նախիջեւանի գաւառներն ամբողջապէս եւ Էջմիածնի գաւառն առանց Թալինի գաւառակի: Նահանգի կենտրոնն է Երեւան քաղաքը:
2. Շիրակի նահանգ: Սրա մէջ մտնում են Էջմիածնի գաւառի Թալինի գաւառակը, Ալեքսանդրապոլի եւ Ղարաքիլիսայի գաւառներն ամբողջութեամբ, Ղարսի գաւառի Ե գաւառակն ամբողջութեամբ եւ Ա եւ Գ գաւառակների որոշ մասերն, սկսած Չլդր լճի հարաւային ափի Դաշկեփրի գիւղից խճուղով հարաւ, Ներքին Պարկետից կտրելով երկաթուղային ուղիղ գծով մինչեւ Դայնալիխ գիւղը, Ախալքալաքի եւ Բորչալուի գաւառների հայկական մասերը եւ Դիլիջանի գաւառը: Կենտրոնն է Ալեքսանդրապոլ քաղաքը:
ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ: Դիլիջանի գաւառը ժամանակաւորապէս զատւում է Շիրակի նահանգից եւ կազմում առանձին միաւոր, որը կապ է պահում անմիջապէս ներքին գործերի մինիստրութեան կենտրոնական հաստատութեան հետ:
3. Վանանդի նահանգ: Սրա մէջ մտնում են Ղարսի նախկին շրջանը, բացի Ղարսի շրջանի այն մասերի, որոնք միացւում են Շիրակի նահանգին: Կենտրոնն է Ղարս քաղաքը:
4. Սիւնեաց նահանգ: Սրա մէջ մտնում են Զանգեզուրը եւ Ղարաբաղը՝ Վարանդան, Խաչենը, Գիւլիստանը, Դիզակը եւ Գանձակի գաւառի հայկական մասերը:
Վարչապետ՝ Համո Օհանջանեան, ՀՀ ՊՊԿԱ, ֆ. 023, ց. 1. գ. 116, թ. 4:
— Իսկ մինչ այդ, Հայաստանի Հանրապետության սահմանները որոշվել են Փարիզի խաղաղության վեհաժողովում (1919-1920 թթ.), որտեղ Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի կողմից 1920 թ. փետրվարի 24-ին ներկայացվել է «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» փաստաթուղթը, որի տակ դրված են Ազգերի լիգայի Խորհրդի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի, լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները: Սույն զեկույցում հստակեցվել են սահմանազատման սկզբունքները Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստան պետության և Վրաստանի Հանրապետության միջեւ, որտեղ նշված է. «Ինչ վերաբերում է Հայաստան պետության եւ Վրաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ: Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որեւէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի Միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները»:
Նույն ժամանակ, 1920թ. ապրիլի 25-26-ին Դաշնակից և ընթերակա ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of Allied and Associated Powers), բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից, որոշում է կայացրել դիմել ԱՄՆ նախագահին 2 խնդրանքով.
ա) ստանձնել Հայաստանի մանդատը,
բ) իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը:
Երկրորդ խնդրանքը պաշտոնապես ամրագրվել է նաև խաղաղության վեհաժողովի նախագահի՝ Ֆրանսիայի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Միլերանի, 1920թ. ապրիլի 27-ի պաշտոնագրով:
1920թ․ ապրիլի 23-ին ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, իսկ ԱՄՆ Սենատում 1920 թ. մայիս 29-ից հունիսի 1-ը տեղի ունեցած Հայաստանի մանդատի քննարկումները հաստատում են, որ ԱՄՆ-ը դե ֆակտո (de facto) հայկական տարածքների նկատմամբ ճանաչել է ոչ թե Օսմանյան կայսրության, այլ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները։
— 1920 թ. փետրվարի 24-ի Զեկույցում առաջարկված սկզբունքներն ու դրույթները ներառվել են Սեւրի խաղաղության պայմանագրի (10 օգոստոսի, 1920 թ.) մեջ, որտեղ 92-րդ հոդվածում նշված է. «Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Վրաստանի, միջեւ սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչեւ 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաեւ սահմանանշումը»:
— Նշյալ փաստաթուղթն ընդգրկվել է նաեւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920 թ.) Ամբողջական զեկույցի մեջ, որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ։ Ըստ այդ փաստաթղթի, Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստան պետության եւ Վրաստանի Հանրապետության միջեւ սահմանազատման հիմք էր ընդունվում մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը գոյություն ունեցող ազգային տեղաբաշխման տվյալները, այսինքն՝ Գարդմանքն ու Արցախը դիտվում էին ՀՀ տարածք։
Ներկայումս ՀՀ քրեական դատավարության մեջ կիրառվում են իրավարար վճռի տարրեր, մասնավորապես՝ համաձայնեցման ու համագործակցության վարույթներով արգելված է որոշակի հանգամանքների վերաբերյալ բողոք բերելը, ինչը նշանակում է, որ առաջին ատյանի դատական ակտը միանգամից մտնում է ուժի մեջ։
Միջազգային իրավունքում Իրավարար վճիռը վերջնական է և պարտադիր է կատարման համար: Այն չունի ժամանակային սահմանափակում, և նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից: Միջազգային իրավունքը, մասնավորապես՝ Հաագայի կոնվենցիայի /միջազգայնագրի / (1907թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում: Ըստ միջազգային իրավունքի՝ կողմերը, համաձայնվելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վեճը, մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի իրավարարի ցանկացած վճիռ:
Իրավարարությունն ի կատար ածելու կողմերից մեկի մերժումը չի ազդում վճռի վավերականության վրա: Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը ներկայացվել է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև 16 այլ երկրի կողմից, ուստի վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար՝ Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա։
Հարություն Բաղդասարյան, իրավաբան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: