«Պետք է գույքագրվի, թե Արցախի յուրաքանչյուր քաղաքացի ինչ է կորցրել»

  • 18:59 09.12.2023

Արցախցիներին պատկանող գույքի գույքագրման աշխատանքները պետք է իրականացնել հնարավորինս արագ։ Step1.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Բնակարանային հարցերի կոմիտեի նախկին նախագահ, սոցիալական զարգացման և միգրացիայի նախկին նախարար Արմեն Մանգասարյանը։ «Պետք է գույքագրվի, թե յուրաքանչյուր քաղաքացի ինչ է կորցրել՝ անկախ նրանից՝ այս պահին փոխհատուցում կլինի, թե՞ ոչ»,- ասաց նա։ Ըստ մեր զրուցակցի՝ պետք է գույքագրել թե՛ մարդկանց անշարժ գույքը, թե՛ գյուղատնտեսական սեփականությունը, թե՛ Արցախին պատկանող բնական ռեսուրսները։

Մանգասարյանի խոսքով՝ բացի գույքագրման աշխատանքներից շատ կարեւոր է նաեւ արցախցիների բնակարանային եւ զբաղվածության հարցերի լուծումը։ «Այդ կարեւոր հարցերի շուրջ մենք պետք է քննարկումներ նախաձեռնենք, հուսով եմ՝ առաջիկայում դա կարվի։ Ես սոցհարցումներ եմ իրականացրել, եթե Արցախ վերադառնալու հնարավորություն չլինի, արցախցիների մեծ մասը ցանկանում է ապրել Հայաստանում։ Բայց մի մասն էլ արտագաղթելու ցանկություն է հայտնում, որովհետեւ աշխատանք չունի»,- ասաց նա։