Երեխա սպանողներ. պատերազմի մանկահասակ զոհերը

  • 18:21 18.12.2023

Երբ Զարինե Ղազարյանն ամուսնացել է, նրան զգուշացրել են, որ այս ընտանիքում աղջիկներ չեն ծնվում։ Սկեսուրը 7 որդի ուներ, ամուսինն ունի միայն հորեղբայրներ և եղբայրներ, և նույնիսկ ոչ հարազատ քույր կամ մորաքույր: Ինքը՝ Զարինեն 4 որդի է լույս աշխարհ բերել։

Բայց կինը չի պատկերացրել, որ երկու պատերազմները 4 տղամարդ կխլեն իր ընտանիքից։ Նրա ամուսնու երկու եղբայրները զոհվել են Արցախի համար մղվող մարտերում, իսկ նրա երկու որդիները՝ տասնամյա Միքայելն ու ութամյա Նվերը, զոհվել են պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 19-ին, գնդակոծությունից։

«Միքայելային ամուսնուս համար բերեցի, իսկ ինձ համար՝ Նվերին, մարտի 8-ին։ Դրա համար ես նրան անվանել եմ Նվեր»:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին ընտանիքի բոլոր տղամարդիկ ծառայության մեջ էին։ Զարինեն ինքը պետք է գնար Ասկերան։ Շրջափակումն արդեն հասել էր Արցախի գյուղեր, ուստի կինը շատերի նման ստիպված էր գրեթե ամեն օր վաղ առավոտից 4 ժամ ոտքով հասնել մարզկենտրոն՝ երեխաների համար ալյուր կամ այլ ուտելի բան բերելու համար։

Այդ օրը նա գնաց Ասկերան։ Երեխաները դպրոցում էին։ Սառնաղբյուր գյուղն առաջիններից էր, որ գնդակոծվել ու հարձակման է ենթարկվել էր ադրբեջանական կողմից։ Ինչպես Զարինեին պատմել են, գյուղի բոլոր երեխաներին համայնքի ղեկավարի հրամանով դպրոցից դուրս են բերել մեկուսացված ու ապահով վայր, սակայն արկը դիպել է հենց այնտեղ, որտեղ երեխաները հավաքվել են։ 6-ամյա Սասունի աչքի առաջ մահացել են նրա երկու ավագ եղբայրները՝ Միքայելն ու Նվերը։

Վիրավորներին տարհանել են գյուղի բնակիչների հետ։ Իսկ տղաների մարմինները մնացին ծառի տակ։ Կինը օրեր անցկացրեց դիահերձարանում, բոլոր դիակները զննելով՝ հույս ունենալով, որ կգտնի իր տղաներին։ Մի քանի օր անց միայն՝ տեղահանությունից անմիջապես առաջ, Զարինեին հաջողվեց հասնել նրան, որ Միջազգային Կարմիր Խաչը բերի երեխաների դիերը։ Տղաները թաղված են Հայաստանում.

Հուղարկավորությունից հետո ծնողները սկսել են պայքարել երրորդ որդու կյանքի համար։ Վեցամյա Սասունը բեկորային վնասվածք է ստացել, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։ Երկար բուժումից հետո փրկել են նրան ու վերադարձրել մորը։ Զարինեն ասում է, որ ինքը լրջորեն վախենում է որդու համար, քանի որ նա հաճախ ետ է քաշվում և չի շփվում, իսկ երբ հարցնում են, պատասխանում է, որ իր աչքի առաջ նույն տեսարանն է՝ պայթյուն, արյուն և եղբայրների մահվան պահը։

Հերսիկ տատը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է մեկ որդի. նա զինվորական էր։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին սահմանը պաշտպանելիս զոհվեց մյուս տղան։ Որդիներն ու ամուսինը թաղված են Արցախում։ Կինը չգիտի, ինչ կարելի է անել, որ հարազատների շիրիմները վերահուղարկավորելու հնարավորություն  ստանա։

Ամեն օր երկու կին հայտնվում են Մասիսի գերեզմանատանը և սգում անդառնալի կորուստները։

Ալվարդ Գրիգորյան

f