Արցախի Կրուգավայա փողոցը գտնվում է Ստեփանակերտի վերեւի հատվածում, որը ժողովրդի մեջ հայտնի է որպես «Պարալելնի»:
Պարալելնին կազմված է 6 փողոցներից, որոնցից յուրաքանչյուրը ունի իր անունը, իսկ այդպես էր կոչվում, քանի որ վերևից նայելու դեպքում փողոցները իրար դեմ դիմաց են:
Կրուգավայա փողոցով անցնում է այդեղ հասնող միակ տրանսպորը՝ “14 համարի մարշրուտկան”: Թաղամասը բավականին հանգիստ, առանց բարձրահարկ շենքերի էր, եւ գրեթե բոլորը ունեին իրենց փոքրիկ բանջարանոցներ, որոնք փրկություն էին տեղացիների համար շրջափակման պայմաններում:
Այստեղ էր գտնվում քաղաքը գրկող չորս խաչերից մեկը: Ըստ ստեփանակերտցիների՝ հենց այս խաչի մոտակայքում էին մարդիկ հավաքվում, ինչ-որ փոքրիկ առիթներ նշում, որը առավել արդիական էր շրջափակման ժամանակ:
Պարալելնու խաչի մոտակայքից բացվում էր տեսարան դեպի ամբողջ Ստեփանակերտը, այն նամանավանդ տպավորիչ էր երեկոները՝ երբ ամբողջ քաղաքը գեղեցիկ լույսերի մեջ էր: Մարդիկ ուղղակի վերցնում էին փոքրիկ վերմակները, թերմոսով տաք թեյը, թեյի հետ ինչ-որ քաղցր և վայելում էին գիշերային մայրաքաղաքը:
Այս փողոցի բնակիչները եւս հասարակ, մեկը մյուսի բարին կամեցող մարդիկ էին՝ ամառները գորգերն էին հանում լվանում, իսկ երեխաները հավաքվում էին գորգի շուրջը իբրեւ թե օգնելու նպատակով, իսկ իրականում ցանկանում էին ամառվա շոգին մի փոքր հովանալ:
Քրիստինա Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: