Կոլցեվոյ (Ազատության Հրապարակ): Կոլցեվոյը`Ստեփանակերտի երկրորդ կենտրոնն է, որը գտնվում է Իսակովի, Մաշտոցի, Ազատամարտիկների և Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում։ Թաղամաս, որտեղ ես ծնվել, մեծացել և ապրել եմ ամբողջ կյանքս։
Թաղամասում կա 3 դպրոց, տասնյակ խանութներ և շուկա, որոնք էլ ապահովում էին թաղամասի մարդաշատությունը և աշխուժությունը։
Հրապարակից հարավ-արևելք բացվում է տեսարան դեպի Քիրս լեռը և Շուշի բերդաքաղաքը, դեպի արևմուտք` Կուսանաց լեռն է, որը հաճախ խառնվում էր մայր մտնող արևի այրվող գույների հետ, դեպի հյուսիս` Իվանյան, Ասկերան, Նորագյուղ բնակավայրերն են երևում, իսկ պարզ եղանակին կարելի է տեսնել նաև կովկասյան լեռները։
Կոլցեվոյը հայտնի է իր սիմետրիկ դասավորված չորս գազարագույն/կապույտ 5 հարկանի շենքերով, և երկու 9 հարկանի բարձրահարկներով, որոնց վերևի հարկերից երևում էր ամբողջ Արցախը։ Մաշտոցի փողոցից էր նաև շարժվում դեպի Նորագյուղ և Ասկերան տանող տրանսպորտը։
“Արման” սուպերմարկետը ստեփանակերտցիների սիրելի խանութներից մեկն էր, որը ամեն օրվա երեկոյան ժամերին լցված էր աշխատանքից տուն վերադարձող մարդկանցով։
Կոլցեվոյի բակերը ամենայուրօրինակն էին։ Շենքերի մեջ թաքնված հարմարավետ բակերը լի էին խաղացող երեխաներով, քաղաքականություն քննարկող մեծերով և խոսակցությունների մեջ ընկղմված բակերով զբոսնող երիտասարդներով։
Բակերի անբաժանելի մասը հարյուրավոր լվացքի պարաններն էին, որոնք 24/7 լիքն էին չորացող շորերով։
Հայկ Հարությունյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: