
Զաքար Սարգսյանը ծնվել է 1996 թվականի հունվարի 16-ին, Էջմիածնի շրջանի գյուղ Արշալույսում։ Ծնողները բաժանվեցին, և մայրը որոշեց երկու տարեկան Զաքարիկի ու իր քրոջ հետ տեղափոխվել Հադրութի շրջանի Մայրամաձոր գյուղը, որտեղ էլ բնակվեցին մոր ծնողների հետ։
Սովորական, միջին ընտանիք են եղել։ Զաքարիկի մայրը հիվանդացավ (արգանդի քաղցկեղ էին հայտնաբերել ու բուժումը ուշացրել էին) եւ 1999 թվականին մահացավ։ Զաքարը երեք տարեկան էր, իրեն և քրոջը մեծացնելու, պահելու հոգսը պապիկը դատարանի որոշմամբ իր ուսերին վերցրեց։
Մի քանի տարուց հետո սրտի կաթվածից մահացավ Զաքարի հայրը, ու իրենք համարվեցին երկկողմանի ծնողազուրկ երեխաներ։
Ինչպես պատմում է նրա այրին՝ Դիանան, երբևիցե մանկությունից չի դժգոհել, թեկուզ ծնողներ չուներ։ Ակտիվ կյանք էր վարում ու ոչ մեկի օգնությանը չէր սպասում, իր պապիկի կողքին էր միշտ։
Հաճախել է Մայրամաձորի Սոս Սահյանի անվան միջնակարգ դպրոցը։ Շատ լավ էր սովորում, շատ ընդունակ էր։ Հետագայում Հադրութի առաջին ռակետկան էր թենիսից։
2013 թվականին մահացել է պապիկը, ու ամբողջ պարտականությունը, ընտանիքի հոգսերը, ծախսերը ընկել են իր ուսերին։ Բայց Զաքարը չի ընկճվել, ընդունվել է Արցախի Պետական համալսարան՝ Նախազորակոչային ֆիզիկական պատրաստություն բաժինը, սովորել է անվճար։
2015-2017 թվականներին ծառայության է անցել Արցախի Պաշտպանական բանակում։ Չնայած իրքն իրավունք ուներ ազատվել ծառայությունից, բայց Զաքարը կամավոր դիմել է և գնացել բանակ։ Ստացել է ավագ սերժանտի կոչում, մասնակցել է Ապրիլյան պատերազմին, հրաշքով փրկվել:
Ծառայությունն ավարտելուց հետո նորից շարունակել է կրթությունը, դրա հետ մեկտեղ աշխատանքի է անցել Արցախի Հանրապետության ոստիկանությունում։
Ուսման տարիներին էլ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Դիանա Սարգսյանի հետ, որը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից էր և սովորում էր ԱրՊՀ անգլերենի թարգմանչական բաժնում։
Ուսումն ավարտելուց հետո Զաքարը աշխատանքի է ընդունվել Տողի միջնակարգ դպրոցում որպես ռազմագիտության ուսուցիչ, իսկ Դիանան՝ Մարիամաձորի դպրոցում որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի։ Հոկտեմբերին նրանք ամուսնացան։ Ու չանցած մեկ տարի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։
Զաքարը մի խումբ համագյուղացիների հետ սկզբից գնացել են Հադրութ, սակայն քաղաքն ադրբեջանցիների տիրապետության տակ անցնելուց հետո վերադարձել են գյուղ՝ Մարիամաձոր և կազմակերպել պաշտպանությունը։
Դիանան տեղափոխվել է հայրական տունը, քանի որ գյուղում մնալն արդեն վտանգավոր էր, այնտեղից էլ մոր և քրոջ հետ տեղափոխվել են Մեղրի։ Կինն արդեն Մեղրիից կապ էր հաստատում Զաքարի հետ, որն անընդհատ պատմում էր, թե ինչ սարսափելի վիճակում են պատեարզմի դաշտում։
Մի քանի անգամ Զաքարը վիրավորվել է, հրաշքով ողջ մնացել։
Հոկտեմբերի 20-ից հետո Զաքարն էլ չէր պատասխանում զանգերին։
Միայն դեկտեմբերի 1-ին, Զաքարի զոհվելու 40–րդ օրը, նրա քեռու որդին, որը աշխատում էր Արցախի Փրկարար ծառայությունում, ռուս խաղաղապահների ուղղորդմամբ մտել է Մարիամաձոր, որտեղից հանել են 3 մարմին, որից մեկն էլ՝ Զաքարը։
Զաքար Սարգսյանը հուղարկավորված է Եռաբլուրում, քանի որ իր հարազատ Մարիամաձորը բռնազավթված է թշնամու կողմից։