Հայաստանը կհեռացվի ԵԱՏՄ-ից՝ Եվրամիության հետ «մերձեցման» համա՞ր

  • 20:43 19.05.2026

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։

«Մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել, բայց տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին անդամակցելու կամ նրա հետ մերձենալու դեպքում։ Դրանք արդեն իսկ ի հայտ են գալիս», – ասել է Ռուսաստանի փոխվարչապետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Այս անգամ Օվերչուկը խոսել է ոչ միայն ԵՄ-ին անդամակցելու, այլև «մերձենալու» մասին, որը ընդլայնում է Ռուսաստանի մանևրելու տարածքը։ “Մերձենալու” տակ ինչ ասես կարելի է ենթադրել։

Նա կրկին նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության 11 տարիների ընթացքում երկրի կենսամակարդակը և ՀՆԱ-ն բարձրացել են։ Այս ամենը, ըստ Օվերչուկի, մեծապես պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ ստացած տնտեսական արտոնություններով, և ոչ ոք չի կարող դրանք փոխարինել Հայաստանի համար։

«Ավելի լավ կլիներ, եթե Հայաստանը արագ որոշում կայացներ. դա ավելի արդարացի կլիներ թե՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե՛ հենց Հայաստանի համար։ Ավելին, այս անորոշությունը ստիպում է տնտեսվարողներին սպասողական դիրքորոշում ընդունել և խոչընդոտում է երկարաժամկետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Սակայն, ընդգծում եմ, թեկուզ մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բայց ընտրությունը հայ ժողովրդինն է», – շարունակեց փոխվարչապետը։