Երբ խոսում են քարե վկաները․ Ստեփանակերտի տարածքի պատմական մի շերտ

  • 09:49 11.01.2024

Ցավոք սրտի, Ստեփանակերտի շրջակայքը քիչ է ուսումնասիրվել, սակայն միանշանակ կարող ենք ասել, որ քաղաքի  պատմական միջավայրը շատ հարուստ է  իր տարբեր մշակութային շերտերով։ Եվ որքան էլ որ Արցախը բռնազավթած երբեմնի քոչվոր ցեղերը փորձեն հակառակը պնդել, տարածքի մշակութային ժառանգությունը փաստում է հայ ինքնության հազարամյա առկայության մասին։

Ստեփանակերտից հյուսիս – արևմուտք բարձր ժայռագծի տակ կիսաանտառածածկ սարահարթում մինչ օրս պահպանվել են բնակատեղիի հետքեր, փոսորակների տեսքով։ Իսկ ծառերի ու թփուտների մեջ նկատելի  են պատեր, մոտենալուց տեսնում ենք 4/5 տարբեր չափերի խաչքարեր, կանոնավոր շարված ու նկատելի է նաև շինության, ավելի ճիշտ խոնարհված եկեղեցու մուտքը։

Այն միանավ փոքր շինություն է, ցավոք ծածկված սեփական փլատակներով, երևում է միայն արևմտյան ճակատը մուտքի հատվածով։ Ըստ ուսումնասիրող մասնագետների, հնարավոր է, եկեղեցին ունեցել է գավիթ, ուր տեղադրված են 12-13-րդ դարերի խաչքարեր, և որը ձևավորվել  է որպես սրբատեղի։

Շրջակայքում երևում են նաև պարսպապատերի հետքեր։ Խաչքարեր, խաչքարերի բեկորներ պահպանվել են նաև եկեղեցու արևելյան՝ հարթ տեղանքում, որտեղ հանդիպում ենք նաև ավելի ուշ շրջանի՝ 14-15-րդ դարերի խաչքարեր, կարող ենք ենթադրել որ առնվազն մի քանի դար կյանքն այստեղ շարունակական է եղել։ Եկեղեցու շուրջը տարածվում է նաև գերեզմանոց։ Որոշակի հեռավորության վրա հանդիպում ենք մեկ այլ՝ վաղ քրիստոնեական գերեզմանոցի։ Ժողովրդական բանահյուսության մեջ տարածքը անվանվում է Կարմիր քերծի կամ Խաչին տարածք։

Կարող ենք վստահաբար ասել, որ  միջնադարում նշված տարածքը եղել է խիտ բնակեցված, ունեցել հարուստ հոգևոր մշակութային կյանք, ինչն ապացուցում են վաղ քրիստոնեական գերեզմանոցն ու զարգացած միջնադարի հոգևոր շինությունն ու խաչքարային մշակույթը։

Տարածքը մերձ է Ստեփանակերտի Կրկժան թաղամասին, իսկ Կրկժանը եղել է տափարակի հայաբնակ գյուղերից մեկը, որը գրավոր աղբյուրներում հիշտակվում է դեռևս 17-18-րդ դարերից։ 1823 թվականի վիճակագրական աղբյուրներում այն հիշատակվում է որպես հայկական բնակավայր։ Գրավոր վկայություններն ու այս նյութական մշակույթը խոսում են կովկասյան թաթարներից ավելի վաղ հայ ինքնության այս տարածքում գոյություն ունենալու մասին։

2012 թվականին այստեղ որոշ ուսումնասիրություններ են կատարել հնագետ Գագիկ Սարգսյանը, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը,  որից հետո կազմվել է եկեղեցու պահպանական գոտին։

f