Վիլեն պապիկը ապրում էր Ստեփանակերտի Սասունցի Դավիթ 5ա հասցեում, այլ կերպ ասած` «բազարին աստանովկին տանը», որը հայտնի է բոլոր ստեփանակերտցիներին: Բայց նա հայտնի էր ոչ միայն դրանով, որ ապրում էր «բազարին աստանովկին տանը», այլև իր կանաչ ավտոմեքենայով և մեծ աշխատասիրությամբ:
«Աստանովկի տանը» շատ բերքատու ծառեր կային, որոնցից էր նաև տանձի ծառը, որը հենց Վիլեն պապին էր բերել հեռավոր Ռուսաստանից և, ինչպես ինքն է պատմում՝ «կուճիր, բայց շատ բերքատու ծառ ա, էն էլ հալամ ծմըռենի»:
Ծառն այնքան բերքատու էր, որ բակի ամեն մի անկյունից երևում էր: Այն բոլոր հյուրերինն էր, չկար մեկը, ում Վիլեն պապիկը չհուրասիրեր: Ծառի պտուղները այնքան մեծ էին, որ մեկը մի քանի հոգու հերիքում էր:
Սեպտեմբերին, ինչպես մյուս ընտանքիները, Վիլեն պապիկի ընտանիքը ևս ստիպված տեղափոխվեց Հայաստան, իսկ վերջին պահին պապիկը հետ նայեց՝ «ստի հունց թողինք քինանք, լհա մինը տեռած ինար»: Մեկը պոկեցին, չնայած, որ դեռ չէր հասել, հույս ունեին, որ կհասնի՝ չստացվեց:
Հիմա էլ, երբ հետ գնալու ճանապարհը դեռ չի նշմարվում, Վիլեն պապիկը գրեթե բոլոր զրույցներում ասում է «վեր քինանք իսկական վախտնա, էն կինի տանձը տեռած»:
Վիլեն պապիկի նման շատ տատիկներ, պապիկներ կան,որոնք ստիպված թողել են իրենց տունը, տարիների չարչարանքը, և որոնց համար ի տարբերություն երիտասարդների շատ ավելի դժվար է նոր կյանք սկսելը, հարմարվելը, ապրելը աղմկոտ քաղաքում, բարձրահարկ շենքերում:
Քրիստինա Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: