Այդ նույն ռուս զորքի աչալուրջ հայացքի տակ հիմնահատակ ավերվեց բազմադարյան հայկական Բաքուն

  • 13:55 19.01.2024

Կրեմլից դեպի հայություն պարբերաբար սպառնալիքներ են հնչում: 34 տարի առաջ հենց այս օրերին խորհրդային Բաքվի վերջին հայերին էին ոչնչացնում, իսկ Կրեմլը դա մոռացության է մատնում ու կրկին այսօր սպառնում է:

Կրեմլը 2020 թվականի սեպտեմբերի վերջերից չէր թաքցնում, իսկ հիմա լկտիաբար ցուցադրում է, որ հետևողական է հայկական պետականության վերացման խնդրում: Նոյեմբերի 9-ի թղթի հեղինակը կետ առ կետ իրողություն դարձնելով այն` Հայաստանը տանում է կապիտուլյացիայի, հայությանը դեմ է տալիս վաղեմի մշակած «Զանգեզուրի միջանցք»ի ծրագիրը` իրեն հաճո փաթեթավորմամբ:

Հայության կողմից նոյեմբերի 9-ի թղթի կետերի միակողմանի իրականացումը Կրեմլի ձեռքում դարձավ հուժկու հենք հետագա կապիտուլյացիոն գործողությունների համար: Այդ թղթով էր, որ ռուս «խաղաղապահը» տարավ Արցախի հայաթափման գործիքի իր դերը, ինչպես որ «խորհրդային» անվան տակ այդ նույն ռուս զինվորը ոչ միայն լուռ դիտարկում էր Սումգայիթում հայության նախճիրը, երբեմն էլ հետապնդում` մերկացրած ու տանջահար հայուհուն… Այդ նույն ռուս զորքի աչալուրջ հայացքի տակ հիմնահատակ ավերվեց բազմադարյան հայկական Բաքուն:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ի ընթացքում, իհարկե, Կրեմլը շահարկեց մարդատյաց Սումգայիթը, ու հենց իրեն` ցեղասպանության ճարտարապետին, բնորոշ ցինիզմով:

Իսկ հայկական կողմը խուլ է և համր, կամ էլ անհեռատես ու անտեղյակ: Անտեղյակ է, թե ինչ եղավ Սումգայիթի հայության հետ, Գանձակ/Կիրովաբադի, Գարդմանքի, Նախիջևանի, Շիրվանի ու Բաքվի հայության հետ: Մինչ օրս հայկական պետական, քաղաքական ու գիտական միջավայրերը պարզունակ կեցվածքով կիրառում են խորհրդային կեղծ տվյալներն ու թվերը, անտարբեր ու դանդաղաշարժ վերհիշում այդ ցեղասպան ընթացքը:

Կան ցեղասպանության հուշահամալիր, թանգարան ու ինստիտուտ, չկա ցեղասպանության ընթացքի գնահատականը, չկան դրա կանխատեսման ու կանխարգելման գիտակցումն ու պահանջը:  Ու հետևանքը՝ Արցախի շուրջ 150 հազար հայության դեմ ցեղասպանության փաստն է, նրանց հայրենազրկումն ու հայության ինքնության պահպանման կենսատարածքի մի մեծ բեկորի կորուստը:

Գարդմանքի հայկական ինքնության պահպանման ու պաշտպանության ամրոցի տապալումից շուրջ երեսուն տարի հետո Արցախը` հայության հարատևման մի վերջին միջնաբերդն ու ամրոցը, այսօր վերջնական ավերման սպառնալիքի տակ է:

Արցախի փրկությունը ուժերի լարում ու խտացում է պահանջում, հատկապես Կրեմլի սպառնալիքների տակ: Սակայն դեռևս չկան հայկական պետական, քաղաքական ու գիտական միջավայրերի հստակ գիտակցումն ու պատկերացումը, փրկության ընթացքի նախագիծը:

Մենք` Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականներս, որ կենսատարածք ենք կորցրել ողջ խորհրդային ռեժիմի ընթացքում, նաև 1937-ին, 1948-1952-ին, 1969-ին ու 1971-ին, 1988-1992-ին, կրկին հիշեցնում ենք Կրեմլին, որ դա լինելով նաև բոլշևիկյան, խորհրդային ռեժիմի իրավահաջորդ ու շարունակող, պատասխանատու է և դրա մարդկության դեմ իրականացրած հանցանքների համար: Հայության դեմ 1915-ից 1923 թվականներին իրականացրած  ցեղասպանության դրվագներ են 1921 թվականի մոսկովյան ու Կարսի պայմանագրերը, 1921 թվականի հուլիսի 5-ի բոլշևիկյան որոշումը: 1988-1991 թվականներին խորհրդային ռեժիմի ոճրագործությունները հայության ցեղասպանության ու հայրենազրկման նոր դրվագներ են բերել, միտված հայության կենսատարածքի նորանոր կրճատմանը, հայ պոպուլյացիայի անընդմեջ ոչնչացմանը: Հետհայացքը վկայում է, որ մարդկության դեմ նման հանցավոր ծրագիրը այսօր իրողություն է, հայրենազուրկ են նախիջևանցին, գարդմանցին ու շիրվանցին, ինչպես որ իրողություն է դարձել Արցախի Հանրապետության ռազմակալումն ու անեքսիան, և այսօր հայրենազուրկ է արցախցին, քանի որ ցեղասպանության ընթացքը դեռ կանգ չի առել:

Նախահարձակ ցինիզմը չի կարող շղարշել հայության կենսատարածքի կրճատման ու հայ պոպուլյացիայի վերացման կրեմլյան ճարտարապետությունը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ի ընթացքում մարդատյաց Սումգայիթի մասին բազմակի հիշեցումները միայն ցինիկ շահարկում չէին, այլև ծանր ինքնախոստովանություն:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

18.01.2024

f