Ճանկաթաղցի Արմենի որդի Նարեկը

  • 12:52 21.01.2024

Այս փոքրիկ, բայց կյանքի պարտադրանքով շուտ մեծացած տղան Արցախի Ճանկաթաղ գյուղից է: Աչքերի թախիծն էլ է կյանքը նկարել։

Նարեկին, այդպես են կոչել նրան ճանկաթաղցի ծնողները, առաջին անգամ հանդիպել եմ 2021 թվականի հոկտեմբերին, աշնանային մի արևահամ օր, երբ հերթական շրջայցն էինք կատարում Արցախի, ավելի ճիշտ այն, ինչ մնացել էր Արցախից, տարածքում։ Մենք շրջում էինք գյուղում ու փորձում գյուղացիներից պարզել, արդյո՞ք գյուղի շրջակայքում կան հուշարձաններ, որոնք դուրս էին մնացել պետական ցուցակներից։ Առաջինը հանդիպեց մի տատիկ, երբ հարցս լսեց, հարցով պատասխանեց, դու գիտե՞ս թուրքը որտեղ է նստած, ասացի հա, այն մոտակա բլրին։ Սաստող հայացքով նայեց, թե բա ի՞նչ հուշարձան, տարածք են թողել, որ հուշարձան մնա․․․ Երկար նայում էի տատիկի հետևից։

Հետո կրկին երկու կին հանդիպեցին, մինչ մոտենում էին, ես մտածում էի, հարցնել, թե չհարցնել, որոշեցի ամեն դեպքում կրկին փորձել։ Մինչ կանանցից մեկը ցածր ձայնով ասեց` ես էս գյուղից չեմ, մյուսը խոսքը կտրելով հարցրեց, բա ինչի՞դա պետք հուշարձանը, մինչ երկար բարակ պատասխանում էի, որ մենք պահպանության ծառայությունից ենք, մեր գործն է, ասաց` ես իմ սիրտն եմ թողել այստեղ, որդուս եմ կորցրել պատերազմում, լավ եք անում, պահպանեք այս հողը։

Ծանրացած հոգով կանգնել էի գյուղամիջում ու մեկ էլ մի թոթովախոս տղուկ մոտեցավ, մեծ-մեծ աչքերը հառեց վրաս ու առանց խոսքի ձեռքը մեկնեց։ Ձեռքին տոպրակի մեջ ընկույզ էր։ Մեր արցախյան ամենահամով ճղոպուրը, մեզ համար էր բերել։ Մի քանի րոպե Նարեկի հետ դեսից-դենից խոսեցինք, զարմացավ, որ ես դպրոց չեմ գնում, ինքը արդեն գնում էր, այն էլ հեծանիվով։ Այդ մի քանի րոպեում լիքը բաներից խոսեցինք, հետո տատիկը կանչեց, գնաց։ Թվում էր, թե Նարեկը փոքր- ինչ ցրել էր կյանքի մղձավանջը, մեկ էլ իմացանք, որ Նարեկն էլ 44-օրյային կորցրել էր հորը։ Նրանց ընտանիքն էլ եկել թշնամուն դեմ- հանդիման կառչել էր այս մի բուռ հողից, որն այնքան ցավ էր տեսել ու տվել։

Ճանկաթաղցի Արմենի որդի Նարեկը տատիկի հետ վերջերս մեծավարի եռաբլուր էր գնացել ու երկար փնտրելուց հետո հոր նկարը այդպես էլ չգտավ։ Հայրը զինակիցների հետ մնացել է կորսված հայրենի հողում, իսկ այնտեղ Եռաբլուրում հորեղբայրներն էին, ովքեր իր հայրիկի նման Հայրենիքը վեր են դասել կյանքից։ Նարեկը ծաղիկները բաժանեց ծանոթ ու անծանոթ հոպարներին․․․

Արմինե Հայրապետյան

f