Արցախի խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Արցախի նախագահ ընտրեց չորս խմբակցությունների կողմից առաջադրված, պետնախարար Սամվել Շահրամանյանին։ Ընտրություններին նախորդող բառացիորեն վերջին օրը խորհրդարանը մերժեց իր ղեկավարած խմբակցությունից առաջադրված պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի թեկնածությունը։
Արցախի 33 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 23-ը։ Ընտրության համար անհրաժեշտ էր 22 ձայն, և Շահրամանյանն այդքան ձայն ստացավ։ “Դեմ” քվեարկեց 1 պատգամավոր։
Վերածննդի հրապարակում գտնվող Սամվել Բաբայանի աջակիցներն ասում էին, որ եթե Շահրամանյանը չհավաքի 22 ձայն, ապա կնշանակվի վերընտրություն, իսկ այդ դեպքում Սամվել Բաբայանը կառաջադրի իր թեկնածությունը, քանի որ դատարանը բառացիորեն վերջին պահին հաստատել է նրա առաջադրելու իրավունքը։
Արդյունքների հրապարակումից հետո Բաբայանի կողմնակիցները Սամվել Շահրամանյանից պահանջում են դուրս գալ ժողովրդի մոտ և ներկայացնել, թե ինչպես է պատրաստվում լուծել ստեղծված իրավիճակից Արցախի դուրս գալու խնդիրը։
Թե ինչպես է Սամվել Շահրամանյանը պատկերացնում հետագա քայլերը, լայն հանրությանը հայտնի չէ։ Այսօրվա հայկական մամուլում «արտահոսքեր» են հայտնվել, որ Շահրամանյանը փոխզիջումային կերպար է և՛ ռուսական կողմի, և՛ Հայաստանի իշխանության համար։ «Փակուղուց» նա ի՞նչ ելք կընտրի՝ ճեղքե՞լ պատը, թե՞ հետ կանգնել։
Նախագահի ընտրությունն անցել է անվտանգության խիստ միջոցառումների ներքո։
Միևնույն ժամանակ, փորձագետները խոսում են հենց ժողովրդավարական ընտրությունների կարևորության մասին՝ ի նշան այն բանի, որ Արցախը չի պատրաստվում ենթարկվել իշխանության մարմինները կազմաքանդելու «կոչերին» և մտադիր է շարունակել իրացնել ինքնորոշման անքակտելի իրավունքը։
Ընտրությունների արդյունքները կարելի է վիճարկել, սակայն դրանց սահմանադրականության փաստը վկայում է այն մասին, որ Արցախը համաձայն չէ Արցախի Հանրապետության կազմաքանդման Բաքվի, Մոսկվայի և Երևանի քաղաքականությանը և «ինտեգրմանը» մի պետությանը, որտեղ իշխանությունը ժառանգաբար է փոխանցվում։