Step1.am-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ, սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը։
Մարտի 1-ին դուք մասնակցեցիք ակցիայի Հայաստանի սոցապահովության նախարարության մոտ, որտեղ քննարկվում էին արցախցիների աջակցության ծրագրերը։ Որո՞նք են բողոքի պատճառները, և կարելի՞ է ասել, որ արցախցիները «արթնացել են» և մտադիր են պայքարել իրենց իրավունքների համար։
Երեկվա ակցիայից կարելի է պարզ մի քանի եզրակացություններ անել. մենք մեզ չենք վաճառում խղճուկ ողորմության և պատրանքային խոստումների համար։ ՀՀ իշխանությունների՝ Արցախի հարցը փակելու փորձը ի շահ արտաքին ուժերին, այդ թվում՝ Բաքվին ու Անկարային, պետք է դադարեցվի։
Փառք Աստծո, կան մարդիկ, ովքեր չեն վախենում ռեպրեսիաներից, չեն ենթարկվում հուսահատության ու ապատիայի, խոհեմության կոչերին ու հայտարարություններին, թե ամեն ինչ որոշված է, պայքարն անիմաստ է, ովքեր ազգային Արժանապատվությունն ու խիղճը վեր են դասում կարճաժամկետ շահից և սուտ խոստումներից։
Ակցիան ցույց տվեց, որ մասնակիցների կողմից անընդունելի է Արցախի հիմնախնդիրը և ներքին տեղահանվածների առջև ծառացած սոցիալական խնդիրները վերածել ներքին և արտաքին ուժերի քաղաքական շահարկման առարկայի։
-Արցախի ճակատագրի մասին հարցերին ի պատասխան՝ շատերն Երեւանում ասում են, որ Արցախը “հեչ”, արդեն վտանգված է ողջ Հայաստանի ճակատագիրը։ Համաձա՞յն եք այս ձևակերպման հետ։
Արցախի և Հայաստանի հիմնախնդիրներն անբաժանելի են, դրանք կարող են լուծվել ապագաղութացման, պատմականորեն հայկական տարածքների ազատագրման, հայ բնակչության ջարդերի, մեր ազգային ունեցվածքի ապօրինի յուրացման և շահագործման հեղինակներին պատժելու շրջանակներում։
Հայաստանի և Արցախի ներկայիս խնդիրները ցույց են տալիս, որ իշխանությունները շարունակողն են իրենց նախորդների՝ հայկական պետականությունը ոչնչացնելու, նրա ազգային արժանապատվությունը նվաստացնելու, բնական ռեսուրսները շահագործելու քաղաքականությանը։
Արցախը դարձել է հակահայ, նեոգաղութատիրական քաղաքականության վառ օրինակ։ Ինչպես նախկինում, ամբողջ բարիքը գնում է հյուսիսային հարեւանին, իսկ նրանից գալիս են արցունքներ, տառապանքներ, դավաճանություններ, նվաստացումներ, գրավված տարածքներ, պարբերական ցեղասպանություն…
Մինչ սփյուռքը փող է հավաքում մեզ համար համալսարաններ ու շենքեր կառուցելու համար, Կրեմլի կամակատարները ուտում են փողերը, իսկ Կրեմլն ինքը մեր հաշվին գեշֆթներ է անում Բաքվի, Անկարայի և Թել Ավիվի համար, Հայաստանի դեմոկրատական կառավարությունն էլ փորձում է քողարկել այս ամենը և փակել Արցախի հարցը։
-Ի՞նչ եք կարծում, Հայաստանի կառավարությունն արցախցիների համար ստացած օգնությունն անտեղի՞ է օգտագործում, ինչո՞ւ են բոլոր աջակցության ծրագրերն իրականացվում փակ դռների հետևում, առանց Արցախի ժողովրդի հետ քննարկման։
Սոցիալական ապահովության նախարարության դիմաց երեկ կայացած հանրահավաքում ակտիվիստները նշել են, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները, որոնք ստորագրել են համապատասխան կոնվենցիաները, ուղղակի կամ անուղղակի մասնակցում են փախստականների խնդիրների լուծմանը։ Հետևաբար, հետաքրքիր է, թե միջազգային կազմակերպությունները և դոնոր երկրները որքա՞ն գումար են փոխանցել մեզ։ Գումարի ո՞ր մասն է մեզ տալիս ՀՀ կառավարությունը իր միջոցներից։
Առնվազն երեք իրավական խնդիր, երաշխավորում եմ, դեռ գլոբալ պայթյուն ու լուրջ հարցեր կառաջացնի Հայաստանի իշխանության համար։
Առաջինը կապված է արցախյան հիմնադրամների, այդ թվում՝ Կենսաթոշակային հիմնադրամի, Ներդրումային հիմնադրամի եւ այլի հետ: Մեր միջոցները պետական էին, բոլոր գործողություններն իրականացվում էին ոչ միայն Արցախի կառավարության, այլեւ Հայաստանի ու միջազգային կազմակերպությունների վերահսկողության ներքո։ Բայց արի ու տես, Հայաստանի Հանրապետությունը բանկերին փոխհատուցել է 310 մլրդ դրամի վնասը, իսկ քաղաքացիների գումարները՝ ներառյալ կենսաթոշակային խնայողությունները, չեն փոխհատուցել։
-Արդյո՞ք Արցախի ժողովուրդը նման վերաբերմունք էր սպասում Հայաստանի իշխանությունից։
Արցախի խնդիրներում տիրող քաոսն ու անորոշությունը Հայաստանի քաղաքական կյանքում անորոշության և համաշխարհային, տարածաշրջանային գործընթացներում նրա տեղի անորոշության հետևանք են։
Մեզ առաջարկվում են «խելամիտ փոխզիջումներ, ոչ այնքան ցավոտ զիջումներ, իրատեսական լուծումներ»։ Կառավարությունը քաղաքացիության դիմաց բնակարան է տալիս, բարեհաճորեն առաջարկում է երկարացնել 40+10 հազար ծրագիրը։ Վախեցնում են, որ Ադրբեջանը կարող է Սյունիքը վերցնել պարտքերի դիմաց, իսկ հայերին Արցախ վերադարձնելու իրավունքի դիմաց պահանջել ադրբեջանցիների վերադարձը Սյունիք, և դատարանում պահանջել մարզը՝ այն բանի համար, որ Հայաստանը 30 տարի շահագործում էր Ադրբեջանի բնական պաշարները։
Հայաստանը հրաժարվեց պատմական տարածքների համար պայքարից, հագնելով խաղաղարարի տոգան, ինչպես Արցախը հրաժարվեց Շահումյանի նկատմամբ իր պահանջներից։ Հայաստանը համաձայնեցվեց Մոսկվայի հետ, իբր, գլխավորն այն է, որ Բաքուն չհրաժարվի բանակցություններից։ Սկզբում համաձայնել է եռակողմ ձևաչափին, իսկ հետո լքել եռակողմ ձևաչափը։ Դա էր ուզում ԱՄՆ-ը՝ Մոսկվային խնդրելով ճնշում գործադրել Երեւանի վրա եւ հասնել դրան։
Երևանին այլևս չեն հարցնում, Մոսկվան է նրա փոխարեն որոշում բոլոր հարցերը, Երևանը վախենում է ակամայից Բաքվին ու Անկարային զայրացնելուց, նույնիսկ պատմության դասագիրքն է փոխում․․․
-Ինչպե՞ս եք տեսնում այս խնդիրների լուծումը։
Հայաստանի միակ փրկությունը ոչ միայն արտաքին թշնամուց, այլև նրա ներքին գործակալներից ազատագրումն է, ապագաղութացումն է, ինչպես նաև գաղութատիրական ու ապազգային գործունեության դրսեւորումների, թշնամական ազդեցություն սերմանող ինստիտուտների ու գործիքների վերացումը, իշխանության մարմինների վերակառուցումը, միջազգային կազմակերպությունների և սփյուռքի հետ փոխգործակցության մոնիտորինգը, ներքին և արտաքին անվտանգության ապահովումը։
Պետք է պարզենք, թե ուր են հոսում մեր բնական ռեսուրսների շահագործումից, գազի, բենզինի, ծառայությունների, կապի և այլից ստացած փողերը, ո՞ւմ չի ձեռնտու, որ կազմակերպվենք և պահանջներ ներկայացնենք մեր կառավարությանը, ստեղծենք մեր սեփական, ոչ կոռուպցիոն հիմնադրամները, ներդրումները, շինարարական ծրագրերը, բնակարանային ապահովման ծրագրերը, Համաֆինանսավորում առաջարկենք ՀՀ կառավարությանը, մեր սփյուռքին և նույնիսկ միջազգային կազմակերպություններին։
Մենք պետք է գործենք ակտիվ և անսովոր կոշտ ձևով։ Կամ Բաքուն և Թուրքիան սկսում են գիտակցել, որ պետք է պատասխան տան մեզ և միջազգային իրավունքին Հայոց ցեղասպանության և մեր ազգային ժառանգության անօրինական օգտագործման համար, կամ մենք ուղիներ ենք փնտրում և գտնում նրանց սպառնալիքը չեզոքացնելու և մեր նպատակներին հասնելու:
Հանթինգթոնը մատնանշում է, թե որտեղ և ինչպես կսկսվի ապագաղութացումը՝ երբ հարկադրում ես վճարել: Միևնույն է, համաշխարհային և տարածաշրջանային պատերազմներից հնարավոր չէ խուսափել, ինչպես ֆինանսական ճգնաժամից։ Մենք պետք է ակտիվ լինենք, առաջինը հարվածենք և ուժեղացնենք, մաքրենք թիկունքը:
-Կարելի՞ է ասել, որ Արցախի հետ կապված զարգացումները միջազգային գործընթացների «պիլոտային նախագծեր» են, և արցախյան հիմնախնդրի լուծման սխեման պատճենվելու է այլ շրջաններ։
Ամեն ինչ սկսվում է փոքրից. ասենք՝ կկարողանա՞նք մենք ստանալ մեր կենսաթոշակային խնայողությունները այս նոր պայմաններում։ Այս հարցերը, ինչպես նաև գոյության սպառնալիքը կարևոր են ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար։
Մի՞թե միայն Մոսկվան ունի մասնաբաժին… Իսկ «գառների լռությունը» Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզո՞ւմ։ Սա ցույց է տալիս, որ իրենք էլ իրենց բաժինն ունեն, և նրանց լռության պատճառը ոչ միայն մոսկովյան նավթագազային դոլարներն են, թառափի և այլ գեշեֆտները, այլ նաև այն, որ նրանք էլ են մեզ թալանողների թվում։
Ստի, ֆինանսական խարդախության, մեր արյան ու տառապանքի վրա հիմնված աշխարհը կփլուզվի: Եթե ԱՄՆ-ը դավադրության մեջ է, ապա ֆինանսատնտեսական շղթան, որի մեջ կան մեզնից գողացված փողեր ու ազատագրված հողեր, դոմինոյի պես կփլուզվի… Ֆինանսական ճգնաժամն ավելի վատ կլինի, քան միջուկային պատերազմը։
Եվ մի հավատացեք, որ Թուրքիայի փլուզումը ձեռնտու չէ (մեզ միանշանակ ձեռնտու է, եթե նա վերադարձնի օրինական ունեցվածքը քրդերին, մեզ, հույներին և այլ ժողովուրդներին): Մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ պետք չէ նավակը ճոճել, ինչը կարող է հանգեցնել մեր Իլհամի տապալմանը։ Նրան առաջ տանողները դեռ պատասխան են տալու դավաճանության և մեր դեմ արած գործողությունների համար։