Աշոտ Ղուլյանը փակագծեր չբացեց, բայց պահանջեց վերջ տալ շահարկումներին

  • 15:52 29.04.2024

«Ինչո՞ւ են Հայաստանի այսօրվա կառավարիչներն այսպես խուսափում Արցախի թեմայից, Արցախի խնդիրները մղում միմիայն սոցիալական հարցերի տիրույթ, իսկ վերջերս էլ համոզված ասում են, որ արցախցիների վերադարձի թեմա չկա ընդհանրապես։ Ակնհայտ է, որ ամեն անգամ Արցախի մասին խոսելիս պետք է հիշվեն այն ձախողումները, սխալներն ու սայթաքումները, որոնց պատճառով 150 հազար արցախցիներ, 45 հազար հայ ընտանիքներ ունեզրկվել ու հայրենազրկվել են՝ Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանություն իրականացնելու սպառնալիքի ներքո»,-  այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։

Նա նշեց, որ այսօր ՀՀ իշխանություններն ազգային անվտանգության համար սպառնալիք են համարում 32 տարի իր գոյության համար պայքարած Արցախի Հանրապետության պետական մարմինների գործունեությունը ՀՀ տարածքում։ «Որպեսզի այս ամենը մատուցվի իրականությանը մոտ նկարագրությամբ, ակտիվորեն քարոզվում են հակաարցախյան թեզեր, իշխանության կուսակցության մանր, միջին ու մեծ տրամաչափի գործիչների միջոցով շրջանառության մեջ են դրվել Արցախի Հանրապետության համար ողբերգական ժամանակաշրջանի՝ 2023 թվականի դեպքերի ու իրադարձությունների մասին կեղծ ու հորինված տեղեկություններ։ Պետք է վերջ տալ այն շահարկումներին, որոնք վերաբերում են Արցախի իշխանությունների կողմից Ադրբեջանի հետ երկխոսության գնալուց իբրեւ թե հրաժարվելուց, էլ չեմ ասում 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իբրեւ թե կատարված իշխանափոխության եւ սեպտեմբերի 19-20-ին դիմադրություն ցույց չտալու եւ այլ անհեթեթ պնդումների մասին։ Անհարիր ու ամոթալի են նման դատողությունները, եւ այդօրինակ շեղող հնարքները պարզապես թուլացնում են մեր ռեսուրսները միջազգային հարթակներում Արցախի թեմայով ընդհանուր ճակատ ձեւավորելու համար։ Իսկ որ այդ ճակատը մեզ համար խիստ անհրաժեշտ է, վկայում է ՀՀ սահմաններին այսօր ստեղծված իրավիճակն ու նաեւ սպասվող զարգացումները։ Նոր վտանգներն ու սպառնալիքները Հայաստանից հեռացնելու միայն մեկ ճանապարհ կա՝ եթե Հայաստանը ստանձնի հայկական աշխարհի անվտանգության ամբողջական երաշխավորի իր դերը, եւ Արցախի հիմնահարցը նորից ներառվի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունների շարքում»,- նշեց Ղուլյանը։