Դիլիջանում մեկնարկած ծրագիրն այս փուլում թևեր է տալիս արցախցի 70 երեխայի

  • 18:20 08.05.2024
«Թևեր ստանալու ամենահեշտ միջոցը դրանք ուրիշին պարգևելն է»։ Այդ մասին հայտնում է “Մենք ենք մեր սարերը”
Մեր նվիրատուների շնորհիվ հնարավոր դարձավ Դիլիջանում մեկնարկել «Թևեր» վերականգնողական ծրագրի նոր եռամսյա փուլը: Այս փուլում մենք թևեր ենք տալիս Արցախից բռնի տեղահանված 70 երեխայի և 41 ծնողի:
«Թևեր» ծրագրի շրջանակում Դիլիջանում բնակվող արցախցի երեխաները ճանաչողական ինտերակտիվ արշավների միջոցով ծանոթանում են Դիլիջանի պատմամշակութային անցյալին, սովորույթներին և բնությանը:
Արտթերապիայի ժամերին ծնողներն ու երեխաները զբաղվում են կավագործությամբ և կիրառական արվեստի իրերի գունազարդմամբ:
Ակտիվությունը կրկնապատկվում է ժամանակակից մարզասրահում, որտեղ երեխաները մարզչի հետ կոփում են իրենց մարմինը:
ֆիզիկական պատրաստվածությանը զուգահեռ կարևորվում է նաև մտավոր մարզավիճակը, որը լրացվում է շախմատային մրցաշարերով:
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության և Dilijan Community Center Դիլիջանի համայնքային կենտրոն համագործակցությամբ:
Մենք տալիս ենք նոր թևեր, վստահություն և հույս ապագայի հանդեպ:
Շնորհակալություն մեր նվիրատուներին, որոնք իրենց աջակցությամբ մեզ հնարավորություն են տալիս շարունակել այս կարևոր առաքելությունը և երեխաներին օգնել վերագտնել իրենց ուրախությունը: