75%-ը չի գտնում այն ուժը, որը համադրի պետությունն ու հայրենիքը, խաղաղությունն ու ազգային շահերը

  • 09:26 16.05.2024

Gallup International խմբի հայկական կազմակերպությունը հարցում է անցկացրել Հայաստանում վերջին իրադարձությունների վերաբերյալ, եւ արդյունքները բավականին հետաքրքիր նկարագիր են պատկերացնում։ Այն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը բնակչության 50 տոկոսից ավելին չի վստահում, կարելի էր կռահել եւ առանց հարցման։ Ինչպես նաեւ այն, որ հարցվածների 70% չի մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» հանրահավաքներին։

Սակայն հարցումն ի ցույց է դրել հայ հասարակության լիակատար անորոշությունն ու շփոթվածությունը։ Օրինակ, 50%-ից ավելին նշել են, որ ոչ մեկին չեն տեսնում որպես անցումային կառավարության վարչապետ, իսկ 31% դժվարացել են այդ հարցին պատասխանել։ Այսինքն, միայն 20% հարցվածներն ունեն վարչապետի թեկնածու։

Եւ ամենահետաքրքիրը․ այն հարցին, եթե ընտրությունները կայանան այս կիրակի, ո՞ւմ ձայն կտաք, հարցվողների 12% նախընտրել են ՔՊ-ին, 4% – Բագրատ սրբազանին, 12%՝  ոչ մեկին, եւս 11% հրաժարվել են պատասխանել, 30% դժվարացել են պատասխանել, իսկ 20% ասել են, որ չեն մասնակցի ընտրություններին։

Ստացվում է, որ հարցվածների 75% չի կողմնորոշվում բոլոր կողմերից թափվող տեղեկատվական եւ պրոպագանդիստական աղբի եւ ատելության մեջ։

Բեվեռացումն այն աստիճանի է հասել, որ հասարակության «ամբողջականությունը» մեկ թելի վրա է կախված։ Իշխող կուսակցությունը «քաղաքացի, պետություն, խաղաղություն, խաչմերուկ առանց սահմանների» է առաջարկում, ընդդիմադիր շարժումը՝ «հայ, Հայաստանն, Հայրենիք եւ Աստված»։ ՔՊ-ական նախագահն Ամերիկայում Հնչակների, Կաթողիկ եւ բողոքական եկեղեցիների ներկայացուցիչների հետ է հանդիպում, իսկ Առաքելական եկեղեցին պնդում է, որ ՀՀ քաղաքացիների 98%-ը ՀԱԵ-ի հետեւորդներ են։

Պետության եւ Հայրենիքի, քաղաքացու եւ հայրենասերի, խաղաղության եւ ազգային շահերի հակադրումն է մարդկանց շփոթեցնում։ Մարդը փնտրում եւ չի գտնում մի ուժ, որը գումարի, այլ ոչ թե հանի, որը համադրի, այլ ոչ թե հակադրի։ 75% մարդ չի գտնում այդ ուժը։

f