
Ջրաբերդը միջնադարյան Հայաստանի հզոր ամրոցներից մեկն է, որը սակայն լիակատար ու համակողմանի ուսումնասիրության չի ենթարկվել:
Ամրոցը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղից 6,5 կմ հարավ-արևմուտք: Տեղակայված է հսկա ժայռազանգվածի վրա, երեք կողմից պաշտպանված Տրտու և Թրղի գետերով, իսկ հյուսիսային կողմից՝ բնական անառիկ ժայռերով:
Ահա թե ինչպես է նկարագրում Լեոն, – Մռավի առջևով խրոխտ ձորերի մեջ պտույտ տալով հոսում է Թարթառը։ Մի տեղ․․․ նրա մեջ թափվում է Մռավի կրծքից բխող մի գետակ՝ փրփուր Թրղին։ Խառնուրդի տեղում բարձրանում է մի ահարկու սեպացած ժայռ, որի կուրծքն ու կատարը շրջափակված են հաստ պատերով։ Մարդը վիթխարի ու անմատչելի ժայռը բերդ է դարձրել և անվանել Ջրաբերդ,,։
Եղել է համանուն գավառի պաշտպանական կարևոր հենակետերից մեկը։ Ըստ պատմական տեղեկությունների՝ տարբեր ժամանակներում Ջրաբերդը պատկանել է Առանշահիկ, Հասան Ջալալյան, Դոփյան և Մելիք Իսրայելյան իշխանական տոհմերին։ Ամրոցի շինությունները կառուցվել են տարբեր ժամանակներում։ Մեզ են հասել վաղ միջնադարից մինչև 18-րդ դարին վերաբերող կառույցի հետքեր ու կառույցներ։
Պատմական աղբյուրներում բերդը հանդես է գալիս տարբեր անվանումներով․ Կաղանկատվացին հիշատակում է Չարաբերդ, Մխիթար Գոշի մոտ հանդիպում ենք Ճառաբերդ, իսկ Ղևոնդ Ալիշանը նշում է Չլաբերդ, Չլբերդ, Չրաբերդ, Ջրաբերդ։ Բերդը հայտնի է նաև Ջերմուկ անունով։
Ամրոցի մասին ամենավաղ հիշատակությունը վերաբերվում է Խաչեն ներխուժած խազարների 620-ական թթ վերջերի ասպատակություններին և դրանց դեմ Աղվանից կաթողիկոս Վիրոյի ձեռնարկած միջոցառումներին, որի մասին հաղորդում է Մ. Կաղանկատվացին:
7-րդ դարի կեսերից մինչև 11-րդ դարը Ջրաբերդը չի հիշվում պատմության մեջ: 11-րդ դարից Ջրաբերդը հիշատակվում է սելջուկյան ասպատակությունների և հակասելջուկյան պայքարի հետ կապված: Ջրաբերդը ակնարկվում է նաև մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում և 16-րդ դարում թուրք-պարսկական պատերազմի ժամանակ: Ամրոցի դերը մեծանում է հատկապես 16-րդ դարի թուրք-պարսկական պատերազմների և հետագա դարերում արցախցիների մղած ազգային-ազատագրական պայքարի ժամանակ՝ մասնավորապես մելիքական շրջանում՝ Մելիք Իսրայելյանների իշխանության օրոք։
1557 թվականին օսմանյան զորքերը մտնում են Ջրաբերդ գավառի դաշտաբերանի գյուղերը, որտեղ հանդիպելով հայերի լուրջ դիմադրությանը 700 զոհ են տալիս։
18-րդ դարում Ջրաբերդը Արցախի գլխավոր ռազմավարական հենակետերից մեկն էր։ Բերդի մասին վերջին հիշատակումը վերաբերում է 1789 թվականին, երբ Մելիք Մեժլումի հարազատներն ու մերձավորները պատսպարվել էին Ջրաբերդում։ Այդ ժամանակաշրջանին է վերաբերվում միջնաբերդում կառուցված մելիքական ապարանքը։
Զանազան ավանդազրույցներ են հյուսվել բերդի պաշտպանության հետ կապված, որոնցից մեկն էլ պատմում է, թե ինչպես պաշարված Ջրաբերդում սով է սկսվում, բայց այնտեղ գտնվող քաջերը դուրս են թափում բերդի շինարարության համար ամբարած կիրն ու սկսում մաղել։ Պաշարող թշնամին կարծելով, թե կիրն ալյուր է, հուսահատված քաշվում հեռանում է։

Ճիշտ է, բերդի միակ մուտքը հարավային կողմից էր, սակայն վերջին տասնամյակներին բերդ մուտք էին գործում 1950-ական թթ․ Երից Մանկանց վանք տանող ճանապարհի հատվածից երկրաբանների կողմից փորված թունելով, որը դարձել էր բերդ տանող ամենից հեշտ և կարճ ճանապարհը։
Անկախության տարիներին Ջրաբերդը եղել է Արցախի ակտիվ զբոսաշրջային ուղղություններից մեկը, որն իր դիրքով հմայում էր ոչ միայն հայերին, այլ նաև օտարներին։
Բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Արմինե Հայրապետյան