
Գիտեին, որ ամուսինս զոհվել է, բայց ինձ չէին ասում
Արցախի Ասկերան քաղաքից բռնի տեղահանված Անահիտ Հարությունյանը երկու երեխաների և մոր հետ բնակվում է Երևան քաղաքում։ Ամուսինը՝ Ռաֆիկ Հարությունյանը, զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում։ Ապրիլյան քառօրյա, 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակիցը 2022 թվականից զինվորական ծառայության էր անցել Արցախի հատուկ նշանակության վարչությունում։ Սեպտեմբերի 19-ին նա Մարտակերտի շրջանի Կաշենի հանքի դիմաց՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Նոր Կարմիրավան գյուղի ուղղությամբ տեղակայված 718 մարտական դիրքում էր։ Երեք օրից պետք է հանձներ հերթապահությունը և տուն վերադառնար։

Սեպտեմբերի 19-ի կեսօրին մոտ թշնամին հարձակվեց դիրքի վրա։ Մոտ մեկ ժամ տղաները կատաղի մարտ մղեցին անհավասար ուժերի դեմ։ Խմբի 9 հոգուց 6-ը զոհվեցին, որոնց մեջ էր Ռաֆիկ Հարությունյանը։
-Երբ սկսվեց պատերազմը, ամուսինս ծառայության մեջ էր՝ դիրքերում։ Հրետանու առաջին իսկ զարկերից հասկացա, որ ամեն ինչ ավելի ահավոր է լինելու, քան 2020-ի պատերազմի ժամանակ։ Անմիջապես վազեցի երեխաներիս հետևից, և դպրոցից նրանց վերցնելով, գնացինք ապաստարան։ Ժամ առ ժամ խուճապային վիճակն ավելանում էր։ Հետո ասացին, որ պետք է Ստեփանակերտի օդանավակայան գնալ․ այնտեղ ավելի ապահով էր։ Ռուս խաղաղապահների օգնությամբ երեխաներիս հետ տեղավորվեցի մեզ համար նախատեսված վրաններից մեկում, ու սկսվեց մղձավանջը․ ամուսնուցս ոչ մի լուր չկար, նրա հետ կապը լիովին խզվել էր։ Տարբեր լուրեր էին պտտվում։ Հետո հասկացա, որ մարդիկ լսել էին Ռաֆիկի զոհվելու լուրը, սակայն չէին ցանկանում ասել։ Մի քանի օր մնացինք այդ անորոշության մեջ, ապա ասացին, որ պետք է լքենք Արցախը, այլընտրանք չկար։ Ծնողներիս հետ բռնեցինք արտագաղթի երկար ու դաժան ճանապարհը։ Հեռախոսս ձեռքիս էր, հույսս չէի կորցնում, որ կլսեմ ցանկալի զանգը, ավա՜ղ․․․
Հատեցինք Հակարիի կամուրջը, երեխաներին համոզում էի, որ չլացեն, հայրիկը շուտով գալու է, նա մենակ չի թողնելու մեզ։
Սկզբում տեղավորվեցինք Ռաֆիկի ընկերոջ տանը՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում, ապա տեղափոխվեցինք Երևան, – պատմում է Անահիտը։
Ինչքան էլ հույսով սպասում էին, ցավոք, սեպտեմբերի 19-ին զոհվել էր Ռաֆիկ Հարությունյանը։ Սեպտեմբերի 23-ին նրա մարմինը փոխանցվել էր հայերին՝ լրիվությամբ անճանաչելի ու վառված վիճակում։ Հոկտեմբերի 13-ին մարմինը նույնականացվեց, իսկ հոկտեմբերի 15-ին “Եռաբլուր” զինվորական պանթեոնում հողին հանձնվեց հերոսի մարմինը։ 10 տարի առաջ, հենց այդ օրն էր ծնվել Ռաֆիկի ու Անահիտի գեղեցիկ ընտանիքը․․․
Կինը սիրով է հիշում իրենց համատեղ կյանքը, մտաբերում ամուսնու լավագույն հատկանիշները․
-Շատ աշխատասեր էր, ընկերասեր։ Հազար ու մի թելով կապված էր հայրենի Սարուշեն գյուղի հետ։ Շատ էր սիրում հարազատ օջախը, գրեթե ամեն շաբաթ գյուղ էր գնում, հարազատներին տեսնում, կյանքից անժամանակ հեռացած մոր գերեզմանն այցելում։ Շրջափակման ծանր օրերին անգամ առիթը բաց չէր թողնում Սարուշեն գնալու։
Բերքահավաքի օրեր էին։ Դաշտերում աշխատելը վտանգավոր էր, թշնամին կրակում էր աշխատողների ուղղությամբ։ Հունձ կատարելու համար Ռաֆիկին էին դիմում, թեև երիտասարդ, բայց հմուտ կոմբայնավար էր։ Իրավիճակը վտանգավոր էր՝ սակայն չէր կարողանում մերժել համագյուղացիներին։ Դիրքերից վերադառնում էր ու մեկնում Սարուշեն՝ օգնելու մարդկանց։ Մի անգամ կրակել էին իր վարած տեխնիկայի ուղղությամբ։ Ասում էր՝ հրաշքով եմ փրկվել, երկա՜ր կապրեմ․․․Բարի էր, կամեցող, ազնիվ։
Անահիտն ինքն իրեն խոստում է տվել՝ ոտքի կանգնեցնել երեխաներին, այնպես դաստիարակել, որ իրենց հոր արժանի զավակները դառնան։ Երեխաները հարմարվել են նոր միջավայրին, դպրոցում հոգատար ու ջերմ վերաբերմունք են ստանում։ Նրանց ուրախ տեսնելով՝ ուրախանում է նաև մոր սիրտը։ Խոստովանում է՝ դժվար է, սակայն պատրաստ է, երեխաների համար լինել և՛ հայր, և՛ մայր՝ անբաժան ուղեկից կորստի ցավը մշտապես պահելով սրտում։
-Աղջիկս հաճախում է արվեստի դպրոցի ջութակի բաժինը, տղաս՝ կիոկուշին կարատեի խմբակ, ինչպես նաև “Հայորդի” ՀԿ-ի տարբեր խմբակներ։
Երբ եկանք Հայաստան, սկսեցի ուլունքներով գործեր ստեղծել։ Զարդարում էի տարբեր իրեր ու արդյունքում ստանում յուրօրինակ ու նրբաճաշակ գործեր։ Հետո ավելի հմտացա ու այժմ ընդլայնել եմ գործունեությունս, արդեն պատվերներ եմ ընդունում։ Միաժամանակ հաճախում եմ GITC (Կանանց զորեղացման աքսելերատոր), որտեղ սովորում եմ բիզնես ծրագրեր իրականացնելու հմտությունները։ Այդ դասընթացներն ինձ շատ են անհրաժեշտ։
Ցանկանում եմ ապրել Հայաստանում, ուրիշ ոչ մի տեղ ես ինձ լիարժեք չեմ զգա։ Եռաբլուրից հեռու լինել չեմ կարող։ Նպատակս է՝ ունենալ իմ սեփական անկյունը և իմ սեփական տանը զբաղվել սիրած գործով։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ