Ալիեւը շատ կուզի ուղիղ բանակցություններ, որովհետեւ ինքը ստանում է այն, ինչի մասին չէր էլ կարող երազել

  • 20:41 06.06.2024

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Պարո՛ն Պապյան, Նիկոլ Փաշինյանը 1976 թվականի քարտեզն է ցուցադրում տարբեր առիթներով՝ հայտարարելով, թե դրա հիման վրա է իրականացվում այսպես կոչված «սահմանազատման» գործընթացը։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ էլ հայտարարում են, թե այդ քարտեզներով տարբեր մարզերում իրականացվելիք գործընթացի արդյունքում ադրբեջանական օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքից հետ կգնան ելման դիրքեր։ Ի՞նչ քարտեզների մասին է խոսքը, եւ ադրբեջանիցիները կնահանջե՞ն։

-Նախ որպեսզի որեւէ քարտեզ միջազգային իրավունքում որեւէ նշանակություն ունենա, ապա այն պետք է լինի կից համապատասխան փաստաթղթի։ Այսինքն՝ փաստաթղթի մեջ պետք է լինի նկարագրությունը՝ սահմանազատումը, իսկ քարտեզն առանձին որեւէ նշանակություն չունի, դա պարզապես նկար է։ Եվ միջազգային իրավունքը հստակ է՝ առաջնայինը տեքստն է, եթե տեքստի եւ քարտեզի մեջ տարբերություն կա, ապա առաջնայինը տեքստն է։ Այդ քարտեզները որեւէ իրավական նշանակություն չունեն։ Առավել եւս այդ քարտեզները չեն հանդիսանում միջպետական որեւէ սահմանի վերաբերյալ քարտեզ, դրանք ներպետական վարչական ինչ-որ բաժանարար գծեր են։

Երկրորդ, ՀՀ պետական սահմանի մասին 2001 թվականի օրենքը հստակ ասում է, որ ՀՀ սահմանը որոշվում է միջազգային պայմանագրով եւ ՀՀ օրենքով։ Այնտեղ քարտեզի մասին հիշատակում չկա, որովհետեւ, կրկնում եմ, քարտեզն ինքնին պարզապես նկար է։ Այսինքն՝ որպեսզի սահմանը լինի օրինական, պետք է լինի միջպետական պայմանագիր՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն փաստաթուղթ, որի մեջ պետք է լինի սահմանի նկարագրությունը։ Եվ դրա հիման վրա պետք է ընդունվի ՀՀ օրենք, նոր դրանից հետո գետնի վրա իրականացվի սահմանազատումը։

Հետեւաբար, 1976 թվականի քարտեզը վերցրել պտտվում են, որ ի՞նչ։ Իսկ ինչո՞ւ են 1976 թվականի քարտեզը վերցրել եւ ոչ թե 1928 կամ 1929 թվականների քարտեզները։ Այս ամբողջը հերթական խաբեությունն է։ Երկրորդ, իրենք չեն կարող Ադրբեջանի անունից խոսել, դրա համար էլ օրենքը նախատեսում է, որ պետք է լինի պայմանագիր։ Այսինքն՝ Ադրբեջանը պետք է ստորագրի փաստաթուղթ եւ վավերացնի, որի մեջ հստակ գրված կլինի, որ ինքը ճանաչում է նկարագրած գիծը, որ վստահ ասենք՝ հետ կքաշվի, թե հետ չի քաշվի։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր, պարզապես խաբեություն է։

-Ալիեւը խոսում է ուղիղ պայմանավորվածությունների անհրաժեշտության մասին՝ բացառելով միջնորդներին, եւ ՀՀ իշխանությունները գնում են այդ ճանապարհով։ Սա ի՞նչ է փաստում։

-Ալիեւի համար դա ձեռնտու է, որովհետեւ Ալիեւն ասում է, Նիկոլն անում է։ Հիշո՞ւմ եք՝ իրենք կարգախոս ունեին՝ «ասեք, անենք»։ Իրենք ասում են, սրանք էլ անում են։ Ալիեւին դա ձեռնտու է, մեզ ձեռնտու չեն ուղիղ բանակցությունները, որովհետեւ որպես պատերազմում պարտված կողմ եւ պարտված անձ՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող բանակցել։ Էլ չեմ խոսում իր կարողությունների մասին։ Մյուս կողմից, հարցը հետեւյալն է՝ ցանկացած բանակցություն պետք է ունենա որոշակի երաշխավորներ, հատկապես երբ այսպիսի երկու թշնամական ազգերի ու պետությունների միջեւ է տեղի ունենում։ Եթե մինչեւ իսկ ստորագրեն որեւէ փաստաթուղթ, եւ կողմերից մեկը հրաժարվի կատարել իր պարտականությունները, ապա երրորդ կողմի վրա՝ կլինեն եռանախագահներ կամ գերտերություններ, որեւէ պարտավորություն չկա միջամտելու կամ երաշխավորելու։ Դրա համար ուղղակի բանակցությունները շատ սխալ ու վատ բան են։ Իհարկե, Ալիեւը շատ կուզի ուղիղ բանակցություններ, որովհետեւ ինքը ստանում է այն, ինչի մասին չէր էլ կարող երազել։

Ռոզա Հովհաննիսյան