Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել “վննամանի” մասին կեղծ լուրի համար

Հարկատուներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել երեկ տարածած կեղծ լուրերի համար։

Առաջին ալիքը բարձրացված աղմուկից հետո ստիպված ներողություն է խնդրում խայտառակ ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել է որպես հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու խոսակցություն:

Հիշեցնենք, որ պաշտպան Ռուբեն Մելիքյանը  Հանրային հեռուստաընկերությանը մեղադրել էր «գեբելսյան սուտ» տարածելու համար։

Արցախցի Նարեկ Թեւոսյանը կալանավորվել է “2200 դրամանոց վննաման” բառի համար

Արցախի Վանք գյուղից բռնի տեղահանված Նարեկ Թեւոսյանը դատարանի որոշմամբ մեկ ամսով կալանավորվել է։ Կալանքի միջնորդությունը ներկայացրել էր Քննչական կոմիտեն՝ հրապարակելով երկու տղամարդու միջեւ հեռախոսային խոսակցության ձայնագրություն։

Ըստ Քննչական կոմիտեի՝ «Ֆեյսբուք սոցիալական կայքի համապատասխան էջում հրապարակվել է երկու տղամարդու միջեւ հեռախոսային խոսակցություն, որտեղ նրանք զրուցում են կազմակերպվող բողոքի ակցիաներին մասնակցելու համար որոշ անձանց գումարներ բաժանելու, մասնակցության եւ արված ծախսերի համեմատ դրանց սակավ լինելու, այլ անձանց կողմից ավելի շատ գումար վերցնելու, իսկ իրենց դրանից անհամեմատ քիչ տրամադրելու, գումարային հարցերի շուրջ քննարկում ունենալու վերաբերյալ»։

«Այդ առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված վերոնշյալ քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ. մայիս ամսին Կոտայքի մարզում բնակվող 29-ամյա երիտասարդը «Տավուշը հանուն հայրենիքի» եւ «սրբազան շարժում» անվանումներով հավաքներին, անհնազանդության ակցիաներին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու նպատակով, ձեռնարկել է համապատասխան միջոցներ։ Նրա կազմակերպմամբ 2024թ. մայիս ամսվա ընթացքում հիշատակված հավաքներին բազմամարդություն ապահովելու նպատակով առնվազն 4 անձի՝ յուրաքանչյուրին մեկանգամյա մասնակցության համար, վճարվել է շուրջ 5.000 ՀՀ դրամ և այդ կերպ ապահովվել նրանց ֆիզիկական մասնակցությունը հավաքներին»:

Նշված անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և կայացվել է դատարան ներկայացնելու համար նրան ձերբակալելու որոշում։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է, եւ 29-ամյա երիտասարդը կալանավորվել է։

Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրության համաձայն՝ տղամարդկանցից մեկն ասում է․ «Պատկերացնո՞ւմ ը՞ս, երեգի 2200 դրամ ըմ տվալ, մին վննաման ինք կալալ, վեր կյանքում 40 հզարա պակաս վննաման կեցած չում»: Արցախի բարբառից դա թարգմանվում է հետեւյալ կերպ․ «Պատկերացնո՞ւմ ես, երեկ 2200 դրամ եմ տվել ու կոշիկ գնել, որ կյանքումս 40 հազարից պակաս արժեցող կոշիկ հագած չկամ»։ Բայց Քննչական կոմիտեն ու իշխանական ԶԼՄ-ները, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերությունն այդ տեքստը թարգմանել են հետեւյալ կերպ․ «Պատկերացնո՞ւմ ես, 2200 դրամ են տվել, որ կյանքումս 40 հազարից պակասի համար գնացած չկամ»։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը սա Գեբելսյան քարոզչություն, սուտ ու այլանդակություն է որակել։ «Միջազգային կառույցների ու իրավապաշտպան կառույցների ուշադրությունը պետք է հրավիրել, թե ինչպիսի Գեբելսյան բացահայտ քարոզչություն է իրականացվում։ Իբր երկու հոգի խոսում են, վննաման բառը Արցախի բարբառով նշանակում է կոշիկ, վերցնել իմաստը չունի, միայն ու միայն կոշիկ է նշանակում։ Ի՞նչ է ասում մարդն իրականում, ասում է՝ 2200 դրամանոց կոշիկ եմ հիմա հանգնում, այն դեպքում, երբ առաջ 40 հազար դրամից պակաս կոշիկ չեմ հագել։ Իսկ Հ1- Գեբելսյան քարոզչություն իրականացնելով, ասում է, թե իբր 2200 դրամ գումար եմ վերցրել, այն դեպքում, երբ 40 հազարից պակաս չեմ վերցրել։ Վննաման բառը հասկացող չկա՞, արցախյան բարբառը շատ լավ հասկացող կա, բայց Գեբելսյան քարոզչություն են անում, որպեսզի 3 երեխա ունեցող մարդուն փակեն։ Այս այլանդակությանը, ստին ու կեղծիքին պետք է վերջ տալ»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասել է փաստաբանը։

Forrights. «Ծանր ճանապարհ էր․ մեկը զոհվածի դին էր տեղափոխում, մյուսը՝ ճանապարհին մահացած հարազատին»․Ինարան՝ Ստեփանակերտից

Forrights

«Շատ ծանր ճանապարհ էր»,-քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցած գաղթը՝ Ստեփանակերտից-Երևան, Forrights.am-ի հետ հակիրճ այսպես է նկարագրում արցախից բռնի տեղահանված Ինարա Պողոսյանը։

Բռնի տեղահանության ճանապարհին նա ականատես է եղել ամենասարսափելիին։ «Մեկը տեղափոխում էր ընտանիքի զոհված անդամի դին, մեկը՝ ճանապարհին մահացածի դին։ Կային մեքենաներ, որ փոքր երեխաների հետ տեղափոխում էին իրենց տան անդամի դին։ Դա անտանելի տեսարան էր»,-ասում է նա։

Ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ նա աշխատավայրում է եղել։ Ինարան ուսուցչուհի է։ 39-ամյա կինը մաթեմատիկա է դասավանդել Ստեփանակերտի թիվ 7 դպրոցում։

«Դպրոցում էի, երբ պատերազմը սկսվեց։ Տարբեր կողմերից սկսեցինք ձայներ լսել։ Աշակերտներից մեկի ծնողը զինծառայող էր, զանգեց ասաց, որ սահմանին անհանգիստ է»,-չնայած առաջնագծից եկած տեղեկություններին նա հույս է ունեցել, որ թշնամին Ստեփանակերտի վրա չի հարձակվի։

«Ես երեք երեխա ունեմ։ Երկուսը սովորում էին այդ նույն դպրոցում, որտեղ ես էի աշխատում, իսկ մեկը ընդունվել էր ֆիզմաթ դպրոց, որը բավականին հեռու էր, բայց ես որպես դասղեկ չէի կարող իմ դասարանը թողնել, առաջին հերթին հոգ տարա իմ դասարանի մասին։ Կազմակերպեցի, իջանք նկուղ։ Ամուսինս էր միջնեկ դստերս գտել դպրոցի կողքի շենքի նկուղից։ Աննկարագրելի քաոսային վիճակ էր։ Դպրոցում մնացի այնքան, մինչև վերջին ծնողը եկավ և իր երեխային տարավ»,-ասում է նա ու հիշում, որ սեպտեմբերի 19-ից սկսած դաժան օրեր են անցկացրել Արցախում։

«Մի կերպ անցկացրեցինք այդ օրերը և եղավ այն չարաբաստիկ հայտարարությունը, որ պետք է լքենք Արցախը։ Երևի դա ամենադաժան պահն էր։ Այդքան տարիների ընթացքում պատերազմ, ինչ ասես տեսել էինք, ամեն ինչ սովորական էր, բայց այդ պահը, որ պետք է լքենք, ամենացավոտն էր»։

Ինարա Պողոսյանն Արցախում նաև հասարակական գործունեությամբ է զբաղվել։ Մինչև հայրենիքը լքելը օգնություն է ցուցաբերել բենզինի պահեստի պայթյունից վիրավորված քաղաքացիներին։

Ես «Հայքի սերունդ» ՀԿ-ի անդամ եմ։ Պայթյունից հետո մեր ՀԿ-ի նախագահի և մյուս անդամների հետ հավաքվեցինք, քանի որ բժիշկներից շատերը գնացել էին, չկար դեղորայք, տներում ինչ կար, վերցրեցինք և գնացինք մանկական հիվանդանոց, որտեղ պայթյունի տուժածներն էին գտնվում։ Ահավոր վիճակ էր, բոլորն այրված, մնացածի մասին շատերն են պատմել»։

Բռնի տեղահանվել են սեպտեմբերի 29-ին։ «Էլի չէի պատկերացնում, որ կարող է Արցախում հայից բացի ուրիշ ազգ ապրել։ Ստեփանակերտում, երբ տեսա ադրբեջանական պարեկների մեքենաները հասկացա, որ ամեն ինչ շատ վատ վիճակում է։ Այդ տեսարանը չես կարող բառերով նկարագրել, աննկարագրելի ցավ է, անտանելի։ Չեմ պատկերացնում, որ Արցախ չեմ վերադառնալու։ Միակ հույսը, որ մեզ ամուր պահում է, այն է, որ հետ ենք վերադառնալու, ես այդ հույսով եմ ապրում»։

Ինարան ընտանիքի և հարազատների հետ բնակություն է հաստատել Նոր Խարբերդում։ Նաև աշխատանք է գտել։ Ընտանիքում ամուսինն է, երեք երեխաները և ամուսնու հայրը։ Մինչ այստեղ տեղափոխվելը Երևանում ևս մեծ դժվարությունների են բախվել։

«Տուն չէինք գտնում, մեկ օրվա համար 20 հազար դրամ էինք տալիս։ Մի բնակարանում ապրում էի ես ընտանիքիս հետ, իսկ մեկ այլ բնակարանում ապրում էին մայրս, հայրս, քրոջս ընտանիքը։ Իրենք շատ էին, իրենցից օրը 30 հազար էին ուզում։ Այդպես ութ օր ապրեցինք։ Զիջումներ չէին անում»,-ասաց նա՝ նշելով, որ առայժմ միայն ինքն է աշխատանք գտել, ամուսինը, քույրը և քրոջ ամուսինն աշխատանքի կարիք ունեն։ Նրանք իրենց սոցիալական կարիքները փորձում են հոգալ ՀՀ կառավարության տրամադրած աջակցությամբ, որի մեծ մասը բավարարում է միայն բնակվարձին և կոմունալ վճարներին։

Ի՞նչ եք զգում, երբ մտածում եք Արցախի մասին,- վերջում հարցնում եմ Ինարային։ Առանց արցունքերի պատասխանել հնարավոր չի լինում։ «Արցախն իմ մանկությունն է, այն գեղեցիկ վայրը, որ ես երբևիցե հայտնվել եմ։ Հայաստանն էլ է մեր հայրենիքը, բայց ծննդավայրի միջև կա տարբերություն։ Շատ դժվար է նկարագրել։ Ես այնտեղ ապրել եմ իմ կյանքի ամենաերջանիկ օրերը, որոնք, գուցե էլ չեմ ապրի»,-ասում է նա՝ սրբելով արցունքերը։

Նարեկ Կիրակոսյան

7 տարվա սպասումից հետո լույս է տեսել Արցախի ռազմական շինարարության պատմությանը նվիրված մենագրություն

Արցախի «Կաճառ» գիտական ​​կենտրոնի նախաձեռնությամբ լույս է տեսել «Ռազմական շինարարությունը Արցախում 1991-2006 թթ.» մենագրությունը՝ նվիրված բանակի և զինված ուժերի կառուցման գործընթացի ձեռքբերումներին ու կարևոր փուլերին։

Հեղինակը ռազմական փորձագետ և լրագրող, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, Կաճառ գիտական ​​կենտրոնի տնօրեն և հիմնադիր, պահեստազորի մայոր, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանն է։

Մենագրությունը սահմանափակ տպաքանակով է հրատարակվել ռազմական և քաղաքական գործիչների, մասնագետների, ինչպես նաև պատմությամբ և ռազմագիտությամբ հետաքրքրվող բոլոր անձանց համար։ Ներառում է 416 էջ նյութ, որը կարող է հիմք դառնալ ազգային անվտանգության հայեցակարգային հիմքերի վերանայման և պաշտպանունակության բարձրացման հետևողական քաղաքականության կառուցման համար:

Մենագրության հեղինակը նշել է, որ գրքի ավելի վաղ հրատարակման համար խոչընդոտ են հանդիսացել արցախյան պատերազմներն ու տեղահանությունը։

Հարությունյանը հավելեց, որ Արցախի «Կաճառ» գիտական ​​կենտրոնը, չնայած ֆինանսական դժվարություններին, շարունակում է իր գործունեությունը Հայաստանում։ Կատարվել են մի շարք գիտական ​​աշխատանքներ, այդ թվում՝ հրատարակվել է «Կաճառի» հերթական համարը, որը պատմում է Հադրութի մասին (https://tert.nla.am/cgi-bin/koha/opac-search.pl?idx=&q=%D4%BF%D5%A1%D5%B3%D5%A1%D5%BC&weight_search=1)։

Ալվարդ Գրիգորյան

Ինչի՞ հիման վրա է մարզպետը պնդում, որ ադրբեջանիցները “սահմանազատման” դեպքում կգնան ելման դիրքեր

«Եթե սահմանազատում պետք է իրականացվի Գեղարքունիքի մարզում, ուրեմն պետք է իրականացվի։ Դուք բոլորդ տեղյակ եք, որ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ տարածք, եւ հարձակում է եղել մեր մարզի՝ սահմանին հարող 12 բնակավայրի վրա։ Եվ դրա հետեւանքով մի շարք հատվածներում իրենք գտնվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Սահմանազատման արդյունքում իրենք հետ կգնան իրենց ելման դիրքեր, եւ ՀՀ այն բնակավայրերը, որոնք այսօր ուղիղ թիրախավորված են այդ ուժերի կողմից, արդեն իսկ կլինեն անվտանգ»,- երեկ Ազգային ժողովում լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հարցին, թե ինչի՞ հիման վրա է վստահ պնդում, որ ադրբեջանիցները կգնան ելման դիրքեր, մարզպետը պատասխանեց․ «Այն քարտեզներով, որով արվում է սահմանազատումը, այդ քարտեզներն են հիմք տալիս վստահ ասելու, որ ադրբեջանցիները հետ են գնալու»։ Նա հավելեց․ «Տավուշում դուք ինքներդ տեսաք, որ սահմանազատված հատվածներում կային հատվածներ, որոնք հետ վերադարձվեցին Հայաստանին։ Այն հատվածները, որտեղ սահմանազատում է իրականացվել, այդ նույն քարտեզներով կա տարածք, որի բնակիչները մտածել են, որ դա հարեւան երկրինն է, բայց պարզվեց, որ դա ՀՀ տարածք է, եւ այնտեղ հենասյուներ են կանգնեցրել։ Դա ընկել է հենասյունից դեպի Հայաստանի տարածք, այսինքն՝ նշանակում է, որ դա մեր տարածքն է»։ Լրագրողներն ասացին, որ այսպես թե այնպես այդ տարածքները ՀՀ տարածքներ էին, ինչո՞ւ են իրենք ներկայացնում, թե սահմանազատման արդյունքում որոշ տարածքներ մնացել են Հայաստանին։ Կարեն Սարգսյանն ի պատասխան ասաց, որ եթե երկու երկրների միջեւ չեզոք գոտի կա, դա չի նշանակում, որ այդ տարածքները ՀՀ վերահսկողության տակ են եղել։ «Ես վստահ եմ, որ մեր մարզից կան տարածքներ, որոնք այսօր գտնվում են ադրբեջանական զորքերի հսկողության տակ, եւ այդտեղից իրենք պետք է հետ գնան»։ «Իսկ եթե հետ չգնա՞ն» հարցին էլ նման պատասխան տվեց․ «Կօգտագործվի այլ գործիքակազմ, որով իրենց կստիպենք, որ հետ գնան»։ Հարցին, թե ուժո՞վ պետք է ստիպել, որ հեռանան, նա պատասխանեց․ «Տարբեր գործոններ կան, որոնք կարելի է օգտագործել, մինչեւ ձեր ասած այդ գործիքը»։

Ազատություն․ Սահմանազատում ՀՀ-ին որևէ կողմ չի պարտադրել, այն Երևանի պնդման հիման վրա է եղել․ Գոռ Ծառուկյան

Ազատություն

Ավարտվել է սահմանազատման առաջին փուլը, որը վերաբերում էր Տավուշի մարզի 4 գյուղերի համապատասխան հատվածներին, Հանրայինի եթերում հայտարարեց վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը՝ նշելով, որ սահմանագծի երկու կողմերում արդեն տեղակայվել են երկու երկրների սահմանապահ զորքերը։

Նրա փոխանցմամբ, մինչև հուլիսի 1-ը հանձնաժողովները պետք է մշակեն և կառավարություններին ներկայացնեն իրենց աշխատանքի կանոնակարգը, իսկ հաստատումից հետո արդեն կշարունակվեն այլ հատվածների սահմանազատման աշխատանքները։

Ընդդիմադիրների պնդումները, թե սահմանազատման գործընթացը պարտադրվել է Հայաստանին, Ծառուկյանը տարածված մոլորություն, մանիպուլյացիա որակեց։

«Մենք գործ ունենք իրավիճակի հետ, որ սահմանազատման գլխավոր և առաջնային շահառուն Հայաստանի Հանրապետությունն է։ Սահմանազատում Հայաստանի Հանրապետությանը որևէ կողմ չի պարտադրել», – հայտարարեց Ծառուկյանը միևնույն ժամանակ արձանագրելով՝ Ադրբեջանը պնդել է, որպեսզի իրականացվի 4 գյուղերի վերադարձը Ադրբեջանին, իսկ սահմանազատումը, ըստ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրենի, Հայաստանի պնդման հիման վրա է եղել։

«Ադրբեջանը պնդում էր գյուղերի վերադարձ առանց որևէ սահմանազատման, առանց որևէ սահմանի հստակեցման, ուղղակի պնդում էին` վերադարձրեք գյուղերը և վերջ: Հայկական կողմի հակընդդեմ պնդումների արդյունքում մենք ունեցանք հենց այս սահմանազատման գործընթացը, որով հնարավոր եղավ հստակ սահմանել, սահմանազատել արդեն իսկ Խորհրդային միության փլուզման պահին գոյություն ունեցող և իրավական ուժ ունեցող սահմանագիծը և ըստ դրա Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելով՝ ունենալ այս հատվածներում պետական սահման։ Դրան զուգահեռ նոր ունենալ գյուղերի վերադարձ։ Այսինքն՝ սահմանազատում չի պարտադրվել, սահմանազատումը Հայաստանի պնդման հիման վրա է եղել», – նշեց Ծառուկյանը։

Դիտարկմանը, թե Բաքուն նույնիսկ սպառնացել էր, որ 4 գյուղերը չվերադարձնելու պարագայում պատերազմ կսկի, Ծառուկյանն արձագանքեց՝ «հրապարակային խոսքում, հաղորդակցության մակարդակով, այո՛ եղել են նման ձևակերպումներ, Ադրբեջանն, այո՛, պնդել էր, որ պետք է այդ չորս գյուղերի վերադարձը տեղի ունենա»։

 

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։

Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մեծ հաջողություն» է որակել։ Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։

Ընդդիմությունը պնդում է՝ հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և դրանից բխող ցանկացած գործողություն ապօրինի է և քրեորեն պատժելի:

Նախքան սահմանազատման գործընթացը սկսելը պաշտոնական Բաքուն Երևանից պահանջել էր անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

Ջրաբերդ. Ամրոցի երբեմնի փառքն ու անկումը

Ջրաբերդը միջնադարյան Հայաստանի հզոր ամրոցներից մեկն է, որը սակայն լիակատար ու համակողմանի ուսումնասիրության չի ենթարկվել:

Ամրոցը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղից 6,5 կմ հարավ-արևմուտք: Տեղակայված է հսկա ժայռազանգվածի վրա, երեք կողմից պաշտպանված Տրտու և Թրղի գետերով, իսկ հյուսիսային կողմից՝ բնական անառիկ ժայռերով:

Ահա թե ինչպես է նկարագրում Լեոն, – Մռավի առջևով խրոխտ ձորերի մեջ պտույտ տալով հոսում է Թարթառը։ Մի տեղ․․․ նրա մեջ թափվում է Մռավի կրծքից բխող մի գետակ՝ փրփուր Թրղին։ Խառնուրդի տեղում բարձրանում է մի ահարկու սեպացած ժայռ, որի կուրծքն ու կատարը շրջափակված են հաստ պատերով։ Մարդը վիթխարի ու անմատչելի ժայռը բերդ է դարձրել և անվանել Ջրաբերդ,,։

Եղել է համանուն գավառի պաշտպանական կարևոր հենակետերից մեկը։ Ըստ պատմական տեղեկությունների՝ տարբեր ժամանակներում Ջրաբերդը պատկանել է Առանշահիկ, Հասան Ջալալյան, Դոփյան և Մելիք Իսրայելյան իշխանական տոհմերին։ Ամրոցի շինությունները կառուցվել են տարբեր ժամանակներում։ Մեզ են հասել վաղ միջնադարից մինչև 18-րդ դարին վերաբերող կառույցի հետքեր ու կառույցներ։

Պատմական աղբյուրներում բերդը հանդես է գալիս տարբեր անվանումներով․ Կաղանկատվացին հիշատակում է Չարաբերդ, Մխիթար Գոշի մոտ հանդիպում ենք Ճառաբերդ, իսկ Ղևոնդ Ալիշանը նշում է Չլաբերդ, Չլբերդ, Չրաբերդ, Ջրաբերդ։ Բերդը հայտնի է նաև Ջերմուկ անունով։

Ամրոցի մասին ամենավաղ հիշատակությունը վերաբերվում է Խաչեն ներխուժած խազարների 620-ական թթ վերջերի ասպատակություններին և դրանց դեմ Աղվանից կաթողիկոս Վիրոյի ձեռնարկած միջոցառումներին, որի մասին հաղորդում է Մ. Կաղանկատվացին:

7-րդ դարի կեսերից մինչև 11-րդ դարը Ջրաբերդը չի հիշվում պատմության մեջ: 11-րդ դարից Ջրաբերդը հիշատակվում է սելջուկյան ասպատակությունների և հակասելջուկյան պայքարի հետ կապված: Ջրաբերդը ակնարկվում է նաև մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում և 16-րդ դարում թուրք-պարսկական պատերազմի ժամանակ: Ամրոցի դերը մեծանում է հատկապես 16-րդ դարի թուրք-պարսկական պատերազմների և հետագա դարերում արցախցիների մղած ազգային-ազատագրական պայքարի ժամանակ՝ մասնավորապես մելիքական շրջանում՝ Մելիք Իսրայելյանների իշխանության օրոք։

1557 թվականին օսմանյան զորքերը մտնում են Ջրաբերդ գավառի դաշտաբերանի գյուղերը, որտեղ հանդիպելով հայերի լուրջ դիմադրությանը 700 զոհ են տալիս։

18-րդ դարում Ջրաբերդը Արցախի գլխավոր ռազմավարական հենակետերից մեկն էր։ Բերդի մասին վերջին հիշատակումը վերաբերում է 1789 թվականին, երբ Մելիք Մեժլումի հարազատներն ու մերձավորները պատսպարվել էին Ջրաբերդում։ Այդ ժամանակաշրջանին է վերաբերվում միջնաբերդում կառուցված մելիքական ապարանքը։

Զանազան ավանդազրույցներ են հյուսվել բերդի պաշտպանության հետ կապված, որոնցից մեկն էլ պատմում է, թե ինչպես պաշարված Ջրաբերդում սով է սկսվում, բայց այնտեղ գտնվող քաջերը դուրս են թափում բերդի շինարարության համար ամբարած կիրն ու սկսում մաղել։ Պաշարող թշնամին կարծելով, թե կիրն ալյուր է, հուսահատված քաշվում հեռանում է։

Ճիշտ է, բերդի միակ մուտքը հարավային կողմից էր, սակայն վերջին տասնամյակներին բերդ մուտք էին գործում 1950-ական թթ․ Երից Մանկանց վանք տանող ճանապարհի հատվածից երկրաբանների կողմից փորված թունելով, որը դարձել էր բերդ տանող ամենից հեշտ և կարճ ճանապարհը։

Անկախության տարիներին Ջրաբերդը եղել է Արցախի ակտիվ զբոսաշրջային ուղղություններից մեկը, որն իր դիրքով հմայում էր ոչ միայն հայերին, այլ նաև օտարներին։

Բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Արմինե Հայրապետյան

Մոսկվան սպառնաց Հայաստանին. «անվտանգության ընդհանուր համակարգը» կարող է փլուզվել

«Սակայն չմտածված որոշումները, որոնք արեւմտականների համար կապահովեն լիակատար թույլտվություն տվյալների ազգային շտեմարանների, երկրի անվտանգության համար զգայուն տեղեկության հանդեպ, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլեւ կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել համատեղ աշխատանքի վերադարձը՝ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման ուղղությամբ»,- ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է  ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Գալուզինն ավելացրել է, որ Արեւմուտքի համար շահեկան է պահպանել լարվածության օջախները հետխորհրդային տարածքում՝ ՌԴ-ին թուլացնելու նպատակով, որը, ըստ էության, «այստեղ մնում է անվտանգության հիմնական երաշխավորը»։

Մոսկվան հերթական անգամ սպառնում է Հայաստանին «անվտանգության ընդհանուր համակարգի փլուզմամբ»՝ չնշելով, թե քանի անգամ և ումից է Ռուսաստանը «փրկել» Հայաստանը։ 2020-2023 թվականները, Արցախի հանձնումը և Հայաստանը մասնատելու Ռուսաստանի ծրագիրը կներառվեն դասագրքերում՝ որպես «չդաշնակցի» վառ օրինակ։ Այժմ Գալուզինը սպառնում է անվտանգության համակարգի փլուզմամբ՝ ակնկալելով Ռուսաստանի մոտալուտ հեռանալը տարածաշրջանից և նրա փոխանցումը Թուրքիա։ Թուրքիան շատ բան կտա Ռուսաստանին Ղարաբաղի ու Զանգեզուրի դիմաց, գուցե նույնիսկ Ղրիմը ու Աբխազիան։

Արսեն Թորոսյանի ցինիզմը․ ո՞վ է ղեկը տվել նրա ձեռքը

Վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պայքարին զուգահեռ Փաշինյանի թիմակիցները բարձրացնում են հոգևոր-մշակութային հեռուստաընկերության՝ «Շողակաթ»-ի ֆինանսավորման նպատակահարմարության հարցը։

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկեց դադարեցնել ֆինանսավորումը։ Նա դիմեց Հանրային հեռարձակողի խորհրդի ղեկավարին՝ ինչո՞ւ է խորհուրդը գումար հատկացնում «Շողակաթ»-ին։

«Չի՞ լինի՝ այդ 206 միլիոնն էլ տանք Հ1-ին, ինքը հարստացնի իր մշակութային-կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ տա, ու մենք «Շողակաթ»-ի հարցը փակենք ընդհանրապես», – ասաց պատգամավորը։

Ծրագրերը, որոնք հեռարձակում է «Շողակաթ» հեռուստաալիքը (եկեղեցական-ուսուցողական հեռուստաալիք, զբաղեցնում է Հայաստանի Հանրային հեռուստատեսության երկրորդ հաճախականությունը – խմբ.), կրում են կրթական բնույթ եւ օգտակար են լայն հասարակությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հունիսի 5-ին ասել է Հանրային հեռարձակման խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

Նա ավելացրել է, որ ներկա պահին Խորհուրդը վերահսկում է հեռուստաալիքի գործունեությունը։ Շիրինյանը կոչ է արել մի պատգամավորի կարծիքն այն մասին, որ ալիքն արդյունավետ չէ, չնույնականացնել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ողջ դիրքորոշման հետ։

«Նա ասել է, որ մշակութային-կրթական ծրագրերը չեն կարող բավարարել բոլորի ճաշակը։ Համաձայն եմ, բոլորի ճաշակը անհնար է բավարարել։ Մենք կարծում ենք, որ հայ հասարակությունը նման ծրագրերի կարիք ունի, բայց, ցավոք, սոցիալական տրամադրությունները եւ քաղաքական բեւեռացումը թույլ չեն տալիս հասարակությանը պատշաճ սպառել մշակութային արտադրանքը»,- նշել է Շիրինյանը։

Այս կառավարության անդամների ցինիզմը սահման չունի։ Պաշտոնապես Հայաստանի բնակչության 90% իրենց նույնականացնում են Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդների հետ, եւ այդ հանգամանքը պետք է հարգվի։ 

Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ՝ ոչ միայն վրացիների, այլ արցախցիների ունեցվածքը պաշտպանելու պահանջով

Զավթիչները Ստեփանակերտի լքված շենքում, որիշի պատկանող տարածքում խանութ են բացել

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով հաստատել է բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքն Աբխազիա և Ցխինվալ։

Բանաձևն ընդունվել է 103 «կողմ», 9 «դեմ» և 53 «ձեռնպահ» ձայներով։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ Հայաստանն այս անգամ կողմ է քվեարկել բանաձևին։ 

Ըստ բանաձևի՝ «բոլոր ներքին տեղահանված անձինք ու փախստականները, ինչպես նաև նրանց սերունդները, անկախ էթնիկ պատկանելությունից, իրավունք ունեն վերադառնալու իրենց տները Վրաստանում, այդ թվում՝ Աբխազիայում և Ցխինվալի շրջանում (Հարավային Օսիա)»։

Բանաձևը շեշտում է «Վրաստանում հակամարտություններից տուժած բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների գույքի իրավունքը հարգելու և այդ իրավունքների խախտմամբ գույքը ձեռք բերելուց զերծ մնալու անհրաժեշտությունը»։

Կիրականացվի՞ այս բանաձեւը, հատկապես գույք ձեռք բերելուց հրաժարվելու մասով, դժվար է ասել։ Բայց Աբխազիայում վրացիների իրավունքների օգտին քվեարկած Հայաստանի կառավարությունը լավ կանի հոգ տանի Արցախի բռնագաղթված բնակիչների իրավունքների, այդ թվում սեփականության իրավունքի մասին։

Ամեն օր համացանցում հայտնվում են կադրեր Ստեփանակերտից, որոնցից դատելով, քաղաքի ամբողջ թաղամասեր են քանդվում, գույքը վնասվում ու յուրացվում է։ Արցախցիների սեփականության իրավունքը, որը հաստատված է Արցախի կառավարության կողմից, ուժը չի կորցրել՝ չնայած բնակչության տեղահանությանը և պետական ​​կառույցների անօրինական «լուծարմանը»։

Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ին՝ Արցախի ժողովրդի ունեցվածքի վերաբերյալ բանաձեւ ընդունելու պահանջով։ Հայաստանն ունի Արցախում մնացած ողջ ունեցվածքի ռեգիստրը, և հարցը միայն քաղաքական կամքն է։

Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն երիտասարդների 2029 թվականի ԱԱ-ն հյուրընկալելու համար

Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին:

Ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխանակվեցին նաև հավաքականների շապիկներով:

Կուտակային կենսաթոշակների խնդրին ավելացել է նաեւ անշարժ գույքի ապահովագրության թեման

Հասարակական գործիչ, GEN նախաձեռնության կենտրոնի նախագահ Արմինե Ավագիմյանը սոցցանցի իր էջում հիշեցրել է Արցախում անշարժ գույքի ապահովագրման կարգը՝ նշելով, որ «հիփոթեքով տուն գնելիս ապահովագրությունը եղել է կամավոր-պարտադիր»։

«Արցախի որոշ բանկեր, Ամերիաբանկը, Կոնվերսբանկը և այլն, հիփոթեքով անշարժ գույք ձեռք բերող քաղաքացիներին պահանջում էին ապահովագրել իրենց տունը։ Բայց պարզ չէ, թե ապահովագրական ընկերություններից ինչ-որ մեկը փոխհատուցե՞լ է տարիների ընթացքում վճարված գումարները»։

Ավելի վաղ Արմինե Ավագիմյանը բարձրացրել էր Արցախի քաղաքացիների կողմից վճարվող կուտակային կենսաթոշակների և «բանկային» դրոշմանիշային վճարների, ինչպես նաև ներքին տեղահանվածների այլ խնդիրներ։

«Մենք տեսնում ենք արցախցիների իրավունքների հերթական ոտնահարումը։ Բայց չէ որ եղել են պայմանագրեր, և քաղաքացիները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները բոլոր առումներով՝ վճարել են ամսական ապահովագրական գումարներ: Հիմա եկել է իշխանությունների, բանկերի, ընկերությունների ժամանակը, բայց նրանք հրաժարվում են քաղաքացիների հանդեպ իրենց պարտավորություններից։ Այս բոլոր հարցերը պետք է բարձրացվեն, ուսումնասիրվեն և արդարացի որոշումներ կայացվեն։ Դրա համար նախատեսում ենք ստեղծել խումբ, որտեղ կընդգրկվեն տարբեր ոլորտների փորձագետներ»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Ավագիմյանը։