Ինչի՞ հիման վրա է մարզպետը պնդում, որ ադրբեջանիցները “սահմանազատման” դեպքում կգնան ելման դիրքեր

  • 11:41 06.06.2024

«Եթե սահմանազատում պետք է իրականացվի Գեղարքունիքի մարզում, ուրեմն պետք է իրականացվի։ Դուք բոլորդ տեղյակ եք, որ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ տարածք, եւ հարձակում է եղել մեր մարզի՝ սահմանին հարող 12 բնակավայրի վրա։ Եվ դրա հետեւանքով մի շարք հատվածներում իրենք գտնվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Սահմանազատման արդյունքում իրենք հետ կգնան իրենց ելման դիրքեր, եւ ՀՀ այն բնակավայրերը, որոնք այսօր ուղիղ թիրախավորված են այդ ուժերի կողմից, արդեն իսկ կլինեն անվտանգ»,- երեկ Ազգային ժողովում լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հարցին, թե ինչի՞ հիման վրա է վստահ պնդում, որ ադրբեջանիցները կգնան ելման դիրքեր, մարզպետը պատասխանեց․ «Այն քարտեզներով, որով արվում է սահմանազատումը, այդ քարտեզներն են հիմք տալիս վստահ ասելու, որ ադրբեջանցիները հետ են գնալու»։ Նա հավելեց․ «Տավուշում դուք ինքներդ տեսաք, որ սահմանազատված հատվածներում կային հատվածներ, որոնք հետ վերադարձվեցին Հայաստանին։ Այն հատվածները, որտեղ սահմանազատում է իրականացվել, այդ նույն քարտեզներով կա տարածք, որի բնակիչները մտածել են, որ դա հարեւան երկրինն է, բայց պարզվեց, որ դա ՀՀ տարածք է, եւ այնտեղ հենասյուներ են կանգնեցրել։ Դա ընկել է հենասյունից դեպի Հայաստանի տարածք, այսինքն՝ նշանակում է, որ դա մեր տարածքն է»։ Լրագրողներն ասացին, որ այսպես թե այնպես այդ տարածքները ՀՀ տարածքներ էին, ինչո՞ւ են իրենք ներկայացնում, թե սահմանազատման արդյունքում որոշ տարածքներ մնացել են Հայաստանին։ Կարեն Սարգսյանն ի պատասխան ասաց, որ եթե երկու երկրների միջեւ չեզոք գոտի կա, դա չի նշանակում, որ այդ տարածքները ՀՀ վերահսկողության տակ են եղել։ «Ես վստահ եմ, որ մեր մարզից կան տարածքներ, որոնք այսօր գտնվում են ադրբեջանական զորքերի հսկողության տակ, եւ այդտեղից իրենք պետք է հետ գնան»։ «Իսկ եթե հետ չգնա՞ն» հարցին էլ նման պատասխան տվեց․ «Կօգտագործվի այլ գործիքակազմ, որով իրենց կստիպենք, որ հետ գնան»։ Հարցին, թե ուժո՞վ պետք է ստիպել, որ հեռանան, նա պատասխանեց․ «Տարբեր գործոններ կան, որոնք կարելի է օգտագործել, մինչեւ ձեր ասած այդ գործիքը»։