Հուլիսի 9-ին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց տեղի կունենա ակցիա ի պաշտպանումն Արցախում մնացած ժառանգության

  • 15:08 07.07.2024
Հուլիսի 9-ին ժամը 11:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց տեղի կունենա պահանջատիրական ակցիա, ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների։
Ադրբեջանը Արցախում կատարած էթնիկ զտումից հետո արագ տեմպերով ոչնչացնում է հայերի ժառանգությունը՝ եկեղեցիներ, գերեզմանոցներ, բնակավայրեր, դրանով իսկ փորձելով վերացնել հայության դարավոր ապացույցները:
Պահանջելու ենք ՄԱԿ-ից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու արցախահայության մասնավոր սեփականությունն ու հոգեւոր-մշակութային ժառանգությունը՝ մինչ մեր հետվերադարձը։
2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը՝ ի թիվս այլ հարցերի պարտավորեցնելով Ադրբեջանի Հանրապետությանը «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:
Դատարանը 2023թ. նոյեմբերի 17-ին հրապարակել է նոր որոշում առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով ԼՂ-ից մեկնած անձանց անարգել եւ անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել ցանկացողների վերադարձը, ինչպես նաեւ նրանց ապահով ապրելու հնարավորությունը իրենց բնակավայրում` առանց սպառնալիքների։
Միջազգային դատարանը նաեւ պարտավորեցրել էր Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։

Հասցե` ք. Երեւան, Պետրոս Ադամյան 14