
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ իր եղբոր՝ Արամ Երիցյանի նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությանը։ Նա ասաց, որ բռնության հիմնական գործողությունները տեղի են ունեցել հենց ոստիկանության բաժանմունքում։
«Ինչպես ինքն է նշում, ոստիկանության բաժանմունքում նրան առաջին հարկից մինչեւ երկրորդ հարկ բարձրացրել են քարշ տալով։ Ինքը նշում է, որ այդ ընթացքում նաեւ հայհոյանքներ ու կոշտ բնույթի հայտարարություններ են հնչեցրել ոչ միայն իր, այլ նաեւ արցախցիների հասցեին։ Եղբայրս ասում է, որ հստակ լսել է, որ ոչ միայն իր, այլ նաեւ ղարաբաղցիների հասցեին հնչեցվել են շատ կոպիտ արտահայտություններ, եթե չասեմ վիրավորական։ Եվ պատահական չէ, որ այս ամենից հետո ՆԳՆ-ն պատասխանում է, որ տուժող ճանաչված պարեկային ծառայողի տեսաձայնագրման սարքը միացված չի եղել։ Պարեկային ծառայողները քաղաքացու հետ շփվելիս առաջնորդվում են տղայական, գոյություն չունեցող գողական օրենսգրքով, ինչն ինձ համար անընդունելի է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ դատարանը երկու անգամ մերժել է Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը։ Ռոման Երիցյանն ասաց, որ դատարանը օգոստոսի 4-ին ոչ միայն մերժել է կալանավորման միջնորդությունը, այլ նաեւ ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ։ «Ընդ որում, կալանավորման միջնորդությունը մերժել է ոչ միայն ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու հիմքով, այլ նաեւ կալանքի հիմքերի բացակայության հիմքով։ Անտեսելով այս ամենը՝ Քննչական կոմիտեն երեկ կրկին միջնորդություն է ներկայացնում դատարան՝ Արամ Երիցյանին կալավորելու վերաբեյալ։ Ընդ որում, միջնորդությունը նույնաբովանդակ էր, լրիվությամբ նույն հիմքերով։ Դատարանը երեկ հրապարակեց դատական ակտը, համաձայն որի՝ քննիչի միջնորդությունը վերստին մերժեց։ Փորձում են ամեն գնով հասնել նրան, որ եղբայրս գտնվի անազատության մեջ։ Պատճառները կարող են լինել տարբեր, ես դա ինչ-որ տեղ կապում եմ նաեւ իմ փաստաբանական գործունեության հետ»,- նշեց փաստաբանը։
Ռոման Երիրցյանն ասաց, որ իր եղբայրը 72 ժամ զրկվել է պաշտպանին տեսակցելու հնարավորությունից։ Ըստ նրա՝ ՄԻՊ աշխատակազմն այս փաստերի կապակցությամբ պետք է քայլեր ձեռնարկի, քանզի խախտվել է մարդու՝ Սահմանադրությամբ երաշխավորված ամենահիմնարար իրավունքներից մեկը։