Քաղաքական իրադարձությունների պահին իշխանություններն են որոշում ոստիկանության պահվածքը․ Ժաննա Ալեքսանյան

  • 15:59 08.08.2024

«Իշխանությունները, որոնք ուղղորդում են ՆԳ նախարարությանը, ի՞նչ են ուզում, ուզում են, որ ոստիկանությանը տեսնելիս ձեռքներս վեր բարձրացնե՞նք, հանձնվե՞նք, այս ի՞նչ ապօրինությունների շարք է, սարսափելի է ուղղակի»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր՝ Արամ Երիցյանին ծեծի ենթարկելու եւ բռնության մյուս դեպքերին։

«Ես շատ եմ ցավում ոստիկանության համար, մի տեսակ անընդհատ հավատում ես, որ այդ բարեփոխումը կլինի, կունենանք մի ոստիկանություն, որը քաղաքացուն պաշտպանում է։ Բայց ամեն անգամ մենք տեսնում ենք, թե ինչ ատելությամբ է լցված ոստիկանությունը մարդկանց նկատմամբ։ Միլիոններ են ծախսվում այդ բարեփոխումների համար, բազմաթիվ դրամաշնորհներ են տրամադրվում՝ ոստիկաններին բարեփոխելու, մարդկային կերպարանքի բերելու համար, բայց երբեք չի պատժվում որեւէ ոստիկան։ Մենք հունիսի 12-ին տեսանք, թե ինչ անպատժելիություն էր։ Ինչքան էլ բարեփոխվեն, բայց քաղաքական իրադարձությունների պահին իշխանություններն են որոշում․ հունիսի 12-ին բռնությունների պահին Նիկոլ Փաշինյանը իրավաչափության ու համաչափության մասին էր խոսում։ Այդ պայմաններում ո՞նց կարող է այս ոստիկանությունը բարեփոխվել, ուղղակի անհնար է։ Այս գիշատիչ ու վայրի վերաբերմունքից ո՞նց փրկես քաղաքացուն, չգիտես։ «Զարյա 3»-ի կիրառումն օրինակացրին, այսինքն՝ քաղաքացիներն անդընդհատ պետք է այսպիսի վնասվածք ստանան, եթե հանկարծ որեւէ մեկն իրենց բան ասի։ Սա՞ է ձեր ժողովրդավարությունը, թե դուք ի՞նչ կապ ունեք ժողովրդավարության հետ»,- ասաց իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ Արամ Երիցյանի դեպքով հստակ միտում է նկատվում՝ անձին ծեծի են ենթարկել, թույլ չեն տվել հանդիպել փաստաբանի հետ․ «Իրենց նպատակը նսեմացնելն էր, ոչ թե հատուկ ուզում էին իրեն կալանավորել ու տանել, այլ ուղղակի նսեմացնել, ստորացնել։ Դա մի քաղաքականություն է, որը տարվում է Հայաստանում, եւ ոստիկանությունն այն գործիքն է, որին իշխանությունը օգտագործում է հենց այդ նպատակով, որ մարդկանց ստորացնեն, եւ դա իրենց հոգեկան բավարարություն է պատճառում։ Գիտե՞ք այստեղ ինչն է ամենանողկալին, պարզ է, որ Քննչական կոմիտեի ղեկավար Քյարամյանը շատ լավ տեղյակ էր այս պրոցեսին, արդեն բավական հանրային աղմուկ կար, բայց փաստորեն շարունակում էր այդ ապօրինությունները Քննչական կոմիտեում։ Եվ քանի որ Քյարամյանն ինչ ուզում, անում է, կոծկում է բազմաթիվ գործեր, ինչպես ուզում ներկայացնում է, թույլատրելի կարգավիճակ ունի, ում հետ ինչպես ուզենա, կվարվի»։

«Ես իմ գրառման մեջ գրել էի, որ թիրախավորված են արցախցիները։ Մենք հիմա զբաղվում ենք տեղահանված արցախցիների խնդիրներով եւ շատ ահազանգեր ենք ստանում։ Շատ ծանր են տանում, որ ես գրում եմ, որ թիրախավորվում են արցախցիները, բայց դա փաստ է։ Եվ հասկանալի է, որ Ռոմանի փաստաբանական գործունեության համար էր ընտրվել հենց նրա եղբայրը»,- ասաց նա։

Ժաննա Ալեքսանյանը բերեց նաեւ Արցախի Հաթերքի գյուղապետին բերման ենթարկելու օրինակը, երբ նրան երեխաների աչքի առաջ ուժով տարել էին։ Բերվեց նաեւ Հայաստանում Արցախի ներկայացուցչության դռները կոտրելու օրինակը․ «Այսինքն՝ սա մտացածին չէ, շարունակաբար տեղի են ունենում իրադարձություններ, եւ մենք այլ կերպ չենք կարող մտածել»։

Իրավապաշտպանն ասաց, որ քաղհասարակությունը պետք է դատապարտող հայտարարությամբ հանդես գար այս դեպքերի վերաբերյալ։