Արցախցիների թոշակի հաշվարկի համար լրացուցիչ հիմքեր են պահանջում

  • 09:14 09.09.2024

Արցախից բռնի տեղահանված կենսաթոշակային տարիքի քաղաքացիները Հայաստանում կենսաթոշակային ստաժի հաշվարկման հետ կապված խնդիրների են բախվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Մանուշ Եսայանը:

Նա տեղեկացրեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը, որտեղ հաշվարկվում է քաղաքացու կենսաթոշակը, Արցախից բռնի տեղահանված իր վստահորդների աշխատանքային գրքույկներում առկա գրառումները բավարար ապացույց չի համարել աշխատանքային ստաժի հաշվարկման համար՝ պահանջելով լրացուցիչ ապացույցներ:

«Աշխատանքային գրքույկները պատշաճ լրացված են, որևէ խախտում չկա, սակայն նախարարությունից պարզաբանում են, որ ՊԵԿ-ին ուղղված հարցումների արդյունքում  չի հիմնավորվել, որ տվյալ քաղաքացին 35 և ավելի տարիների աշխատանքային ստաժ ունի: Գուցե տվյալների բազաներն են թերի կամ արխիվները փոխանցելու հետ կապված խնդիրներ կան, սակայն դրանք չպետք է ի վնաս քաղաքացու կիրառվեն»,-նշեց Եսայանը:

Փաստաբանի խոսքով՝ վարչարարության հիմնարար սկզբունքների համաձայն՝ անձի հայտնած տեղեկությունները համարվում են հավաստի, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:

«Ասում են՝ տվյալների բազաներում չենք հայտնաբերել, լրացուցիչ ապացույցներ բերեք: Այս իրավիճակում անձը երևի թե պետք է դիմի Ադրբեջանի՞ն, որ ստանա ապացույցներ, որ աշխատել է իքս տարիներ և իրավացիորեն հավակնում է ստանալ համապատասխան կենսաթոշակը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վարչական մարմնի կողմից քաղաքացու աշխատանքային ստաժի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չունենալը չի կարող համարվել հերքող ապացույց:

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների կենսաթոշակային ստաժի հաշվարկման հետ կապված խնդրով արդեն իսկ հայցադիմումներ են ներկայացվել ՀՀ վարչական դատարան:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակվում և վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։