
«Միայն Ադրբեջանն է ասում, որ չի եղել Արցախի էթնիկ զտում եւ մեկ էլ դուք այսօր ասացիք»,- ԱԺ նիստում, դիմելով ՔՊ-ականներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հետաքրքիր արտահայտություն հնչեց Արթուր Հովհաննիսյանի ելույթում, ասում է՝ Սամվել Շահրամանյանի ստորագրության արդյունքում Արցախը հայաթափվեց։ Փաստորեն Արցախը հայաթափվեց ոչ թե Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական, էթնիկ զտման եւ զինված կոնֆլիկտի հետեւանքով, այլ Արցախը հայաթափվեց, որովհետեւ ստորագրվել է մի թուղթ, որը ո՛չ պարոն Հովհաննիսյանն է տեսել, ո՛չ էլ ուրիշ մեկն է տեսել։ Հասկանո՞ւմ եք, չէ, որ միայն Ադրբեջանն է ասում, որ չի եղել էթնիկ զտում, որ արցախցիներն են դուրս եկել, մեկ էլ դուք նոր ասացիք»,- նշեց Արթուր Խաչատրյանը։
«Ասում եք՝ արցախցիները յուղը վրեն զենքերը հանձնեցին։ Դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ՝ Պաշտպանության բանակը ենթարկվում էր Հայաստանի իշխանություններին։ Եթե չէ, դիմեք Սամվել Բաբայանին, դատի տվեք։ Այլապես ինձ բացատրեք՝ եթե չէր ենթարկվում Հայաստանի իշխանություններին, ապա ինչպես եղավ, որ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրում, ասում է՝ Քարվաճառից պետք է զորքերը դուրս գան։ Իրեն չենթակվող զորքե՞ր, դե ուրեմն մի հատ էլ թող թուղթ ստորագրի, որ Իսրայելը Գազայի հատվածից դուրս գա»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։
Ռոզա Հովհաննիսյան