
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ակնարկեց, որ Երեւանում Արցախի ներկայացուցչությունը չպետք է գործի։
«Այո՛, մենք ամեն ինչ արել ենք, որ Արցախն ապագա ունենար, բայց Արցախի նորեկ իշխանություններն այդ ապագան սկուտեղի վրա դրեցին, հանձնեցին, դրեցին ուղղաթիռը եւ փախան Հայաստան։ Արցախի էջը փակել է Արցախի իշխանությունը, ՀՀ իշխանությունը մինչեւ վերջին րոպեն, քթից արյուն գալով, իրենից ամեն ինչ կտրելով, ամեն ինչ արել է։ Եվ եկել են հիմա այստեղ, Արցախի ներկայացուցչությունում հավաքներ են անում եւ փորձում են այդ մեղքն իրենց վրայից մաքրել։ Չեն կարողանալու մաքրել, երկրորդը, ես կարծում եմ, որ արդեն այդ շենքի իմաստը մենք պետք է նույնպես վերանայենք։ Այդ շենքը կարծում եմ, որ այլեւս չպետք է նման բաների ծառայի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Երբ լրագրողները հիշեցրին, որ Հայաստանի իշխանությունն է Արցախը հանձնել՝ այդ թվում՝ նախորդ տարվա սեպտեմբերյան պատերազմի ժամանակ չեզոք դիրք ընդունելով, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Դուք հասկանո՞ւմ եք, որ վերջին սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ նպատակը եղել է Հայաստանի Հանրապետությունից տարածքներ գրավելը, Հայաստանը որպես պետություն ոչնչացնելը եւ բռնակցելը միութենական որեւէ կառույցի: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է մտնեի՞ն այդ խաղի մեջ, որը մեզ պարտադրված էր, որ ՀՀ-ն այլևս գոյություն չունենա՞ր: Այսինքն՝ կա՞ այստեղ որեւէ մեկը, որ համարում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը պետք է դրվեր սակարկման։ Արցախի էջով փորձել են փակել ՀՀ էջը, դուք իրոք ընկալո՞ւմ եք դա»։
Ալեն Սիմոնյանը կարեւոր բան է ասում․ իրոք Արցախի էջը չէր փակվում, այլ Հայաստանի էջը, եւ փորձը, ըստ էության, հաջողվում է։ Ալեն Սիմոնյանը կհետեւի։